Հա

Մարզական

Երկուշաբթի, 09 Յունւարի 2017 14:41

Չինաստանի «ահազանգը» համաշխարհային ֆուտբոլին

Չինական սուպերլիգայի փողերը շարունակում են գայթակղել 30-ից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստներին, ովքեր ցանկանում են կարիերան աւարտել աւելի քիչ չարչարանք կրելով:

ԳԷՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Չինական սուպերլիգայի փողերը շարունակում են գայթակղել 30-ից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստներին, ովքեր ցանկանում են կարիերան աւարտել աւելի քիչ չարչարանք կրելով:

Նմանատիպ որոշումներ կայացնում են նաեւ երիտասարդ եւ ներուժ ունեցող որոշ ֆուտբոլիստներ, որոնք գերադասում են նիւթականը:

Ձեզ ենք ներկայացնում մի շարք ֆուտբոլիստների եւ մասնագէտների, ովքեր կամք են դրսեւորել եւ անտեսել են ահռելի գումարները, նախընտրելով կարիերան շարունակել բարձրակարգ ակումբներում:

 

Կրիշտիանու Ռոնալդու («Ռէալ Մադրիդ», Պորտուգալիայի հաւաքական)

«Ոսկէ գնդակ»-ի քառակի դափնեկիրը, չնայած տարիքին, շարունակում է հանդէս գալ բարձր մակարդակով: Ամանորից առաջ պորտուգալացու գործակալ Ժորժէ Մենդեշը պատմել էր, որ չինական ակումբներից մէկը Ռոնալդուի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 300 մլն. եւրօ, իսկ անձամբ ֆուտբոլիստին վճարել տարեկան 100 մլն. եւրօ աշխատավարձ: Գերֆանտաստիկ առաջարկ, որը մերժւել է հէնց ֆուտբոլիստի կողմից: Շշուկներ կան, որ նմանատիպ առաջարկ ստացել է նաեւ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, սակայն մինչ օրս արգենտինացին լուռ է մնացել:

 

Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Իւնայթեդ», Շւեդիայի հաւաքական)

Ֆրանսիական ՊՍԺ-ում հրաշալի հանդէս գալուց յետոյ շւեդ յարձակւողը չցանկացաւ թուլանալ եւ ընտրեց դժւարութիւնը: Դա եկաւ Զլատանի բնաւորութիւնից: Նորանոր բարձրունքների հասնելն Իբրահիմովիչի արեան մէջ է: Վերջինս ընդունեց անգլիական «Մանչեսթըր Իւնայթեդ»-ի առաջարկը եւ չսխալւեց:

 

Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի», Իսպանիայի հաւաքական)

Իսպանացի կիսապաշտպանն այլեւս չի կարողանում ցոյց տալ իր բարձրակարգ խաղը եւ կորցրել է վստահութիւնը «ազնւականների» գլխաւոր մարզիչ Անտոնիօ Կոնտէի մօտ: Այս ամէնից զատ Ֆաբրեգասը հրաժարւել է տարեկան 30 մլն. եւրօ աշխատավարձից: Հրաշալի կամք:

 

Լուկա Մոդրիչ («Ռէալ Մադրիդ», Խորվաթիայի հաւաքական)

Տարեկան 20 մլն. եւրօ աշխատավարձը չստիպեց խորւաթ կիսապաշտպանին դաւաճանել «արքայական» ակումբին եւ լքել Մադրիդը:

 

Վիսենտէ դել Բոսկէ (Գլխաւորել է «Ռէալ Մադրիդ»-ը, թուրքական «Բեշիքթաշ»-ը եւ Իսպանիայի ազգային հաւաքականը)

«Ես կարող եմ հաստատել, որ առաջարկ եմ ստացել Չինաստանից: Խօսքը գնում էր տարեկան 10 մլն. եւրոյի մասին: Անկեղծ ասած՝ կարեւորութիւն չեմ տւել այդ ամէնին»,- պատմել է մասնագէտը:

 

Ժոզէ Մոուրինիւ (Գլխաւորել է «Բենֆիկ»-ն, «Պորտու»-ն, «Չելսի»-ն, «Ինտեր»-ը, «Ռէալ Մադիրդ»-ը, «Չելսի»-ն: Այժմ գլխաւորում է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը)

Մոուրինիւն կոնկրետ առաջարկներ չի ստացել, սակայն պորտուգալացին վստահեցրել է, որ նա բարձրակարգ ֆուտբոլ է սիրում: «Դեռ երիտասարդ եմ, որպէսզի տեղափոխւեմ Չինաստան»,- վստահեցրել է Մոուրինիւն:

 

Պատմութիւնը

Ֆուտբոլը Չինաստանում երկար ժամանակ բացառապէս սիրողական է եղել: Առաջին պրոֆեսիոնալ ակումբը ստեղծւել է 1988 թւականին: 90-ականների սկզբում ընկերութիւններին թոյլատրւեց ձեռք բերել ֆուտբոլային ակումբներ եւ 1994 թւականին Չինաստանում ձեւաւորւեց ֆուտբոլային պրոֆեսիոնալ առաջնութիւն: 2010 թւականից Սուպերլիգայում սկսւեցին մեծ գումարներ պտտւել:

2011 թւականին չինական «Գուանչժոու Էւերգրանդ»-ը կատարեց առաջին գերգործարքը: 10 մլն. եւրոյի դիմաց գնւեց բրազիլական «Ֆլումինենսէ»-ի արգենտինացի յարձակւող Դարիօ Կոնկայի տրանսֆերը, որին չինացիները խոստացան տարեկան 14 մլն. եւրօ:

Այդ գործարքից յետոյ բացւեց չինական ակումբների տրանսֆերային «ախորժակը»: Չինաստան տեղափոխւեցին Դիդիէ Դրոգբան, Նիկոլա Անելկան, Մարչելօ Լիպին, Ֆելիպէ Սկոլարին, Ֆրեդի Գուարինը, Ջեքսոն Մարտինեսը եւ ուրիշներ:

Ներդրումները սկսեցին արդիւնքներ տալ. 2013 եւ 2015 թւականներին «Գուանչժոու Էւերգրանդ»-ը դարձաւ Ասիայի Չեմպիոնների լիգայի յաղթող՝ չինական ֆուտբոլն էլ աւելի յայտնի դարձնելով: Հարկ է նշել, որ Սուպերլիգայում լեգիոներներն այդքան էլ շատ չեն: Ըստ Սուպերլիգայի կանոնակարգի՝ մէկ մրցաշրջանի ընթացքում ակումբի յայտացուցակում պէտք է ընդգրկւած լինի առաւելագոյնը 5 օտարազգի ֆուտբոլիստներ: Ծիծաղելի կը թւայ, բայց չինական ակումբները կենտրոնացւած են տեղի ֆուտբոլիստների առաջընթացի եւ ֆուտբոլային ակադեմիաների զարգացման վրայ: Չինացի ֆուտբոլիստների աշխատավարձերը կազմում են ամսական միջինը 5-10 հազար դոլար:

 

Գումարային «հրաւառութեան» սկիզբը

2016 թւականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չինական Սուպերլիգան տրանսֆերների վրայ ծախսել է 250 մլն. եւրօ եւ չի պատրաստւում կանգ առնել: Յունւարը նոյնպէս թէժ է լինելու:

Այստեղից հարց է առաջանում. չինական ակումբները որտեղի՞ց են վերցնում այդ ահռելի գումարները, այն դէպքում, երբ 50-60 հազար նստատեղ ունեցող մարզադաշտերը լցւած են լինում կիսով չափ, իսկ ակումբները որոշ ֆան-շարժումների տրամադրում են անվճար տոմսեր:

Պատասխանը շատ պարզ է: Ակումբները ֆինանսաւորւում են սեփականատէրերի անձնական միջոցներով: Սուպերլիգայում հանդէս եկող իւրաքանչիւր ակումբ հովանաւորւում է անչափ լուրջ ընկերութիւնների կողմից:

Օրինակ՝ «Գուանչժոու Էւերգրանդ»-ը պատկանում է երկու գերհզօր՝ «Evergrande Group» (60 %) եւ «Alibaba» (40 %) ընկերութիւններին: «Շանհայ Շենխուա»-ի սեփականատէրը շինարարական «Greenland Group» ընկերութիւնն է, իսկ «Հեբէյ Չայնա Ֆորչուն»-ը հովանավորում է «China Fortune Land» ընկերութիւնը:

Չինացի կապիտալիստների՝ ֆուտբոլի հանդէպ սիրոյ պատճառները հասկանալի են: Առաջին հերթին, ֆուտբոլը Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան նախագահ Սի Ցզինպինի սիրելի մարզաձեւն է: Որպէսզի երկրի համար առաջին դէմքն աւելի բարեացկամ լինի քո բիզնեսի եւ քո հանդէպ, ապա դու պէտք է սիրաշահես նրան: Բացի այդ, ֆուտբոլում գումար ներդնելը հարկային առումով նոյնպէս շահաւետ է: Այն անձինք, ովքեր ակտիւօրէն կը զարգացնեն սպորտը եւ մշակոյթը, պետութիւնը կը նւազեցնի նրանց հարկերն ութ անգամ` 25 %-ը դարձնելով 3 %: Իհարկէ չի բացառւում, որ խնդիրների դէպքում ներդրողները կարող են մեծ կորուստ ունենալ:

 

Այժմ պէտք է լուռ հետեւել Չինաստանում կատարւող գործարքներին եւ հաւատալ, որ համաշխարհային ֆուտբոլը կունենայ իր «ոսկէ միջինը»:

«armsport.am»

Յարակից Հրապարակումներ

  • Մխիթարեանը ճանաչւեց հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստ
    Մխիթարեանը ճանաչւեց հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստ

    Հանդիպման լաւագոյն ֆուտբոլիստ է ճանաչւել Հենրիխ Մխիթարեանը:

  • Ֆլորենտինօ Պերէսը կարող է հեռանալ «Ռէալ Մադրիդ»-ի նախագահի պաշտօնից
    Ֆլորենտինօ Պերէսը կարող է հեռանալ «Ռէալ Մադրիդ»-ի նախագահի պաշտօնից

    Ֆլորենտինօ Պերէսը կարող է հեռանալ «Ռէալ Մադրիդ»-ի նախագահի պաշտօնից

  • «Բարսա»-ն կազմաքանդւեց
    «Բարսա»-ն կազմաքանդւեց

    Երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

  • Դերբիի դասերը
    Դերբիի դասերը

    Թեհրանի ֆուտբոլային գրանտների 84-րդ դիմակաութիւնն էլ պատմութիւ դարձաւ:

    Վերջին տարիների պէս, այս անգամ եւս Թեհրանի դերբին անցաւ դիտարժան ու գոլառատ պայքարում: Միայն թէ քչչերն էին խաղի համար նման ինտրիգային ընթացք եւ ելք գուշակում:

  • Կրքերի ու յոյզեր պորթկում
    Կրքերի ու յոյզեր պորթկում

    Միլիոնաւոր իրանցիների համար մոլորակի առանցքն այսօր անցնում է մայրաքաղաքի «Ազադի» ստադիոնով:

    Թէ ի՞նչ կը պատահի երկրում կամ էլ ընդհանրապէս աշխարհում, ի՞նչ նոր սենսացիոն յայտարարութիւն կանի Թրամփը, ինչպէ՞ս կարձագանգի դրան Թեհրանը, աշխարհի որ ծայրում տեղի կունենայ զինւորական յեղաշրջում, ահաբեկչական գործողութիւն կամ էլ բնական աղէտ, միեւնոյնն է նրանց համար աշխարհի սահմաններն այսօր սկսւում եւ աւարտւում են «Ազադի» ստադիոնում, նրանց ճակատագիրն այսօր որոշւելու է հէնց մայրաքաղաքի գլխաւոր ստադիոնի կանաչ խոտածածքի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։