Հա

Մարզական

Հինգշաբթի, 09 Մարտի 2017 09:30

Չեմպիոնների լիգա. Հրաշքներ, այնուամենայնիւ պատահում են

Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս երկու հանդիպում:

«Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնա»-ն ընդունեց ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ին:

«alikonline.ir» -  Երէկ՝ ուշ երեկոյեան կայացաւ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի եւս երկու հանդիպում:

«Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսելոնա»-ն ընդունեց ֆրանսիական «Պարի Սէն-Ժերմէն»-ին: Փարիզում, 0:4 հաշւով ջախջախիչ պարտութիւնից յետոյ, թւում էր, թէ «Կապտանռնագոյններ»-ի համար ամէն ինչ աւարտւած է, եւ նրանք պէտք է փորձեն միայն ինչ-որ ձեւով վերականգնել սասանւած հեղինակութիւնը: Սակայն, այն, ինչը որ տեղի ունեցաւ «Կամպ Նոու»-ում բառի ամենաուղղակի իմաստով ֆանտաստիկայի ժանրից էր՝ հրաշքի մարմնաւորում:

3-րդ րոպէին հանդիպման հաշիւը բացեց Լուիս Սուարէսը, իսկ առաջին խաղակէսը աւարտից առաջ՝ 40-րդ րոպէին Ինիեստայի ֆանտաստիկ անցումից յետոյ ինքնագոլի հեղինակ դարձաւ «ՊՍԺ»-ի պաշտպան Լէյւին Կուրզաւան:

50-րդ րոպէին «Բարսա»-ն խփեց նաեւ երրորդ գնդակը: 11 մետրանոց հարւածն անվրէպ իրացրեց Լիոնէլ Մեսսին:

Թւում էր, թէ «Բարսելոնա»-ի երազանքների իրականացումը ոչնչացաւ 62-րդ րոպէին, երբ Կուրզաւայի փոխանցումից յետոյ Էդինսոն Կաւանին գրաւեց Թէր-Շտեգէնի պաշտպանած դարբասը, սակայն, իրական հրաշքը վրայ հասաւ հանդիպման վերջին 10 րոպէների ընթացքում: 88-րդ րոպէին Նէյմարը 11 մետրանոցից խփեց 4-րդ գնդակը, իսկ 3 րոպէ անց նա դարձաւ դուբլի հեղինակ՝ խփելով «Կապտանռնագոյններ»-ի 5-րդ գոլը: Յաջորդ փուլ դուրս գալու համար, 5:1 հաշիւն էլ չէր բաւարարում «Բարսա»-ին, եւ հրաշքը վրայ հասաւ մրցավարի աւելացրած 5-րդ րոպէին, երբ Նէյմարի փոխանցումից յետոյ Սերխի Ռոբերտօն խփեց 6-րդ գնդակը: 6:1՝ եւ «Բարսելոնա»-ն ոչ միայն լուծեց առաջին խաղում կրած ծանր պարտութեան վրէժը, այլ, նաեւ, երաշխաւորեց իր տեղը 1/4-րդ եզրափակիչ փուլում, որն ինչ խօսք առանց «Կապտանռնագոյններ»-ի կը լինէր ինչ-որ տեղ անգոյն:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Դորտմունդի «Սիգնալ-Իդունա փարք» ստադիոնում: «Բորուսիա Դորտմունդ»-ն ընդունեց պորտուգալական «Բենֆիկա»-ին: Զոյգի առաջին հանդիպումում պորտուգալացիները տարել էին նւազագոյն՝ 0:1 հաշւով յաղթանակ:

Հանդիպման հաշիւը 4-րդ րոպէին բացեց Պյեր-Էմերիկ Օբամէյանգը: Երկրորդ խաղակէսի 59-րդ րոպէին Քրիստիան Պուլիսիչը խփեց դորդմունդցիների 2-րդ գնդակը, իսկ հանդիպման 61-րդ եւ 85-րդ րոպէներին Օբամէյանգն իր հաշւին գրանցեց եւս երկու գոլ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: 4:0՝ եւ «Բորուսիա Դորտմունդ»-ը նոյնպէս յայտնւեց 1/4-րդ եզրափակիչ փուլում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։