Հա

Մարզական

Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 09:30

Ասիայի Չեմպիոնների լիգան. Թարեմին եւ ճապոնացի մրցավարը «Փերսփոլիս»-ին զրկեցին յաղթանակից

«Փերսփոլիս»-«Ալ Ռիան» հանդիպումը, մասնագէտների վկայութեամբ՝ Ասիայի Չեմպիոնների լիգայի արեւմտեան գօտու խմբային փուլի մինչ այժմ կայացած ամենադիտարժան խաղն էր:

«alikonline.ir» - Երէկ՝ ապրիլի 10-ին մեկնարկեց Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը:

B խմբում Խուզեստանի «Էսթեղլալ»-ը մրցակցի դաշտում ուժերը չափեց կատարական «Լեխւիա»-ի հետ:

Հանդիպման հաշիւը 10-րդ րոպէին բացեց Խուզեստանի «Կապոյտներ»-ի կամերունցի յարձակւող Ալոիս Նոնգը: Հանդիպման 35-րդ րոպէին, սակայն, տանտէրերի հարաւկորէացի վինգեր Նամ Տաէ-Հին հաւասարեցրեց հանդիպման հաշիւը, իսկ առաջին խաղակէսի աւարտից 2 րոպէ առաջ Ալմոէզ Ալին խփեց կատարցիների 2-րդ գնդակը:

Երկրորդ խաղակէսին իրադրութիւնը փոխելու խուզեստանեան թիմի ֆուտբոլիստների ջանքներն անցան ապարդիւն, եւ հանդիպումն աւարտեց 2:1 հաշւով կատարեան թիմի յաղթանակով:

Այս խմբի միւս խաղում, ԱՄԷ-ի «Ալ Ջազիրա»-ի եւ Սաուդական Արաբիայի «Ալ Ֆաթհ»-ի դիմակայութիւնը նոյնպէս չունեցաւ յաղթող: Գրանցւեց գոլազուրկ ոչ ոքի:

Այսպիսով, 4 տուրից յետոյ Խուզեստանի «Էսթեղլալ»-ը վաստակած 7 միաւորով հանգրւանեց B խմբի մրցաշարային աղիւսակի 2-րդ հորիզոնականում: Առաջատարը, 8 միաւորով «Լեխւիա»-ն է:

Մահւան՝ D խմբում, Թեհրանի «Ազադի» մարզադաշտում «Փերսփոլիս»-ը հիւրընկալել էր կաթարական «Ալ Ռիան»-ին:

Շտապենք ասել, որ 60 հազար ֆուտբոլասէրների ներկայութեամբ անցած չափազանց դիտարժան հանդիպումը մասնագէտների վկայութեամբ՝ Ասիայի Չեմպիոնների լիգայի արեւմտեան գօտու խմբային փուլի մինչ այժմ կայացած ամենադիտարժան խաղն էր:

Թէեւ, 90 րոպէների ընթացքում մայրաքաղաքի «Կարմիրներ»-ն ունէին խաղային եւ տարածքային ակնառու առաւելութիւն, այդուհանդերձ, նրանց չյաջողւեց այդ առաւելութիւնը նիւթականի վերածել: Հանդիպումն աւարտւեց ոչ ոքի՝ 0:0 հաշւով:

Գրանցւած արդիւնքի ձեւակերպման համար վճռորոշ էր յատկապէս երկու դրւագ:

43-րդ րոպէին Մեհդի Թարեմին չիրացրեց մրցավարի նշանակած 11 մետրանոց հարւածը, իսկ երկրոդ խաղակէսին հանդիպման ճապոնացի մրցավարն անարձագանգ թողեց կատարական թիմի տուգանային հրապարակում Ալի Ալիփուրի հետ մենամարտում «Ալ Ռիան»-ի պաշտպանի խաղի կանոնների բացայայտ խախտումը, որը միանշանակ պէտք է պատժւէր կարմիր քարտով եւ 11 մետրանոց հարւածով:

Այս խմբի միւս խաղում Սաուդական Արաբիայի «Ալ Հիլալ»-ը 1:0 հաշւով պարտութեան մատնեց ԱՄԷ-ի «Ալ Վահդէ»-ին:

D խմբի մրցաշարային աղիւսակը 4 տուրից յետոյ, վաստակած 8 միաւորով գլխաւորում է «Ալ Հիլալ»-ը: «Ալ Ռիան»-ը 7 միաւորով 2-րդ է, իսկ «Փերսփոլիս»-ը 5 միաւորով հանգրւանել է 3-րդ հորիզոնականում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։