Հա

Մարզական

Երկուշաբթի, 19 Յունիսի 2017 08:20

Կոնֆեդերացիաների գաւաթ. Դրամատիկ վերջաբանով հանդիպումներ. Պորտուգալիա-Մեքսիկա՝ 2:2, Կամերուն-Չիլի՝ 0:2

Պորտուգալացիներն ու մեքսիկացիները խաղաղ դաշն կնքեցին, իսկ չիլիացիների որսն աֆրիկեան «առիւծներ»-ն էին:

«alikonline.ir» - Ռուսաստանում շարունակւում է ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գաւաթի 8-րդ խաղարկութիւնը:

Երէկ՝ յունիսի 18-ին A խմբում կայացած երկրորդ հանդիպումը չափազանց դրամատիկ ստացւեց:

Պորտուգալիայի եւ Մեքսիկայի ընտրանիները ցուցադրեցին բարձր մակարդակի լարւած ու դիտարժան ֆուտբոլ, որի ընթացքում ֆուտբոլասէրները բացարձակապէս ադրենալինի պակաս չզգացին:

Եւրոպական ֆուտբոլի այս ամռան տրանսֆերային պատուհանի գլխաւոր ինտրիգը համարւող Կրիշտիանու Ռոնալդուի արտակարգ փոխանցումից յետոյ, 35-րդ րոպէին հանդիպման հաշիւը բացեց Ռիկարդօ Կուարեժման: 8 րոպէ անց՝ 42-րդ րոպէին պատասխան գնդակը խփեց Չիչարիտօն:  

Հանդիպման վերջնամասը դրամատիկ ստացւեց: 86-րդ րոպէին Սեդրիկ Ալւէշը հաշւում առաջ մղեց պորտուգալացիներին: Ռոնալդուի եւ ընկերների յաղթանակն անխուսափելի էր թւում, սակայն մրցավարի աւելացրած ժամանակի առաջին րոպէին Հեկտոր Մորենան դարձաւ պատասխան գոլի հեղինակ, ձեւակերպելով վերջնահաշիւը՝ 2:2:

B խմբում մեկնարկային խաղում Չիլիի ընտրանին 2:0 հաշւով պարտութեան մատնեց Աֆրիկայի գործող չեմպիոնին՝ Կամերունի հաւաքականին:

Այս դիմակայութեան վերջնամասը նոյնպէս լարւած ու դրամատիկ էր: Հանդիպման հաշիւը, 80-րդ րոպէին գլխի հարւածով բացեց Արտուրօ Վիդալը, իսկ մրցավարի աւելացրած առաջին րոպէին Էդւարդօ Վարգասը խփեց երկրորդ գնդակը:

Այսօր կը կայանայ խմբային փուլի առաջին տուրի վերջին հանդիպումը. Սոչիում կը մրցեն Աւստրալիայի եւ Գերմանիայի ընտրանիները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։