Հա

Մարզական

Կիրակի, 16 Յուլիսի 2017 10:20

Արթուր Աբրահամը չկարողացաւ նւաճել «IBO»-ի չեմպիոնական գօտին

Արթուր Աբրահամին չյաջողւեց նւաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում «IBO» վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 

«alikonline.ir» - Արթուր Աբրահամին չյաջողւեց նւաճել պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում «IBO» վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Յունիսի 15-ի ուշ երեկոյեան Լոնդոնի «Վեմբլի» ստադիոնում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում 37-ամեայ Աբրահամը հանդիպեց այդ տիտղոսը պաշտպանող բրիտանացի Քրիս Իւբենք կրտսերի հետ եւ պարտւեց մրցավարների միաձայն որոշմամբ: Գրանցւեց 118:110, 118:110, 120:108 հաշիւը:

Բրիտանացի բռնցքամարտիկն աւելի արագ էր, աւելի ակտիւ ու դիպուկ: Նա հէնց սկզբից ունէր առաւելութիւն եւ աստիճանաբար մեծացնում էր այն, իսկ Աբրահամի ընտրած պաշտպանողական մարտավարութիւնն այս անգամ չաշխատեց: Իւբենքը բաւական վտանգաւոր էր գրոհում, իսկ հայ բռնցքամարտիկի հարւածները ոչ միշտ էին հասնում նպատակին: 5-րդ ռաունդում Աբրահամի քիթն արնահոսեց, սակայն դա չխանգարեց շարունակել մենամարտը: Վերջին ռաունդներում բրիտանացու առաւելութիւնն ակնյայտ էր: Նա կարծես ցանկանում էր յաղթանակի հասնել նոկաուտով, սակայն չստացւեց: Արթուր Աբրահամը դիմացաւ մինչեւ վերջ, թէեւ այս մենամարտը, մեղմ ասած, լաւագոյններից չէր նրա կարիերայում:

2 քաշային կարգերում («IBF»-ի միջին քաշային կարգ, «WBO»-ի երկրորդ միջին քաշային կարգ) աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 52-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում, որում կրեց 6-րդ պարտութիւնը (46 հաղթանակ): Իւբենք կրտսերն անցկացրեց 26-րդ մենամարտը՝ տանելով 25-րդ յաղթանակը (բրիտանացին կրել է մէկ պարտութիւն):

Յիշեցնենք, որ այս մենամարտի յաղթողը դառնալու է Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) վերջին մասնակիցը: Արթուր Աբրահամի նախորդ մենամարտը կայցել էր ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում, որտեղ նա միաւորներով պարտութեան էր մատնել Լեհաստանը ներկայացնող, Միւնխէնում բնակւող կոսովցի Ռոբին Կրասնիկիին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։