Հա

Մարզական

Կիրակի, 27 Օգոստոսի 2017 15:00

Սեմիկ Մոթի. «Երազանքների իրականացումը պահանջում է ժամանակ եւ աշխատասիրութիւն»

Բոլորովին վերջերս յայտնի դարձաւ, որ Հ. Մ. «Սիփան» միութեան անդամ՝ Սեմիկ Մոթին (Մոթիեան) նւաճել է Եւրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5642 մ.), որը գտնւում է Ռուսաստանում: Էլբրուս լեռը Ռուսաստանի եւ ընդհանրապէս Եւրոպայի ամենագեղեցիկ վայրերից է: Դրա գագաթը փորձում են նւաճել հազարաւոր լեռնագնացներ, սակայն ոչ' բոլորին է յաջողւում:

«alikonline.ir» - Վերջին շրջանում մեր համայնքում լեռնագնացութեան նկատմամբ հետաքրքրութեան աճ է նկատւում, որը մարդու եւ բնութեան միջեւ անբացատրելի կապի վառ արտայայտութիւններից կարելի է համարել:

Բոլորովին վերջերս յայտնի դարձաւ, որ Հ. Մ. «Սիփան» միութեան անդամ՝ Սեմիկ Մոթին (Մոթիեան) նւաճել է Եւրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5642 մ.), որը գտնւում է Ռուսաստանում: Էլբրուս լեռը Ռուսաստանի եւ ընդհանրապէս Եւրոպայի ամենագեղեցիկ վայրերից է: Դրա գագաթը փորձում են նւաճել հազարաւոր լեռնագնացներ, սակայն ոչ' բոլորին է յաջողւում:

Սեմիկ Մոթիեանը 25 տարեկան է նա ծնւել է Թեհրանում: Մասնագիտութեամբ արծաթագործ է, եւ 6 տարի է ինչ զբաղւում է լեռնագնացութեամբ:

Ձեզ ենք ներկայացնում «alikonline.ir»-ի հարցազրոյցը իրանահայ լեռնագնացի հետ:

 

- Սեմիկ, սկզբի համար հարցնեմ հետեւեալը, ինչպէ՞ս ծնւեց Էլբրուսը նւաճելու գաղափարը:

- Իրանի սահմաններում նւաճել եմ գրեթէ բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները, իսկ սահմաններից դուրս մի քանի տարի առաջ նւաճեցի Արարատ լեռան գագաթն ու այնտեղ ծածանեցի հայկական եռագոյնը, ինչն էլ ինձ համար շատ մեծ նշանակութիւն ունէր: Ես ապրում եմ լեռնագնացութեամբ եւ չեմ պատկերացնում, որ կը գայ մի օր, երբ այլեւս չեմ կարողանայ լեռներ բարձրանալ: Իսկ այս անգամ որոշեցի, իրականացնել աւելի դժւար վերելք որն էլ եղաւ Էլբրուսը:

 

- Էլբրուսը բարձրանալու համար, ձեզ քանի՞ օր հարկաւոր եղաւ:

- 3 օր:

 

- Բարձրանալիս ո՞րն էր ամէնից բարդը:

- Գիտէք Էլբրուսը բարդ նւաճելի լեռ է: Եղանակը գրեթէ անկայուն է. յաճախ տեղի են ունենում եղանակի կտրուկ փոփոխութիւններ: Էլբրուսի կլիման մեզ վարանելու առիթ չէր տալիս, պէտք էր հաստատուն կամքով առաջ գնալ:

Ես սիրում եմ դժւարութիւններ, սիրում եմ դրանք յաղթահարել: Որովհետեւ դիմացկունութեան հէնց այդպիսի փորձերն են պարգեւում կենդանի լինելու զգացողութիւն:

 

- Ինչպէ՞ս ձեւաւորւեց լեռնագնացների ձեր 18 հոգանոց խումբը:

- Մի քանի ամիս առաջ Իրանի լեռնագնացութեան կազմակերպութեան մարզիչներից մէկն Էլբրուսի նւաճելու թեմայով կոչ էր յղել բոլոր լեռնագնացներին՝ նա ընդունում էր յայտեր, որին մեծ թւով լեռնագնացներ արձագանգեցին: Ցանկացողներին հարկաւոր էր ունենալ պատկան փաստաթղթեր: Վերջում ձեւաւորւեց 18 հոգանոց լեռնագնացների խումբ, որում ներգրաււած էին Իրանի տարբեր քաղաքներից լեռնագնացներ: Արդիւնքում շատ հետաքրքիր խումբ ձեւաւորւեց:

 

- Ինչքան գիտեմ, Էլբրուսի նւաճումը «Ակունք» կենտրոնի սաներին ես նւիրել: Ինչո՞ւ հէնց «Ակունք» կենտրոն:

- Ես կարծում եմ, որ մարմնամտային խանգարումներով անձանց խնդիրների ընթացքը մեղմելու լաւագոյն տարբերակն հասարակութեան ճիշտ վարքագիծ ցուցաբերելն է: Իսկ մարզիկների համար բարոյական սկզբունքները շատ կարեւոր են: Ես իմ այս քայլով փորձեցի հասարակութեան ուշադրութիւնը կենտրոնացնել «Ակունք»-ի վրայ: Այսօրւայ դրութեամբ, կենտրոնին հարկաւոր է բոլորիս աջակցութիւնը:

 

- Ի՞նչ խորհուրդներ կը տաս այն երիտասարդներին որոնք ցանկանում են նւաճել բարձր գագաթներ:

- Գիտէք երազանքների իրականացումը պահանջում է ժամանակ եւ աշխատասիրութիւն: Ֆիզիկական նախապատրաստւածութիւնն իհարկէ շատ կարեւոր է, բայց մոտիւացիան ու կամքի ուժն էլ պակաս կարեւոր չեն: Պէտք է համբերատար լինել, լեռնագնացութիւնն էլ իրականում, մարդուն տալիս է հէնց՝ համբերութիւն: Իսկ ինչ վերաբերում է հոգեկանին՝ պէտք է կայուն լինել, ունակ լինել յաղթահարելու անսպասելիօրէն առաջացող բարդութիւնները, քանի որ լեռներում մարդկանց մօտ տարբեր վախեր են առաջանում, ներքին աշխարհը խառնւում է:

 

- Սեմիկ, դու արդէն նւաճել ես բարձր գագթներ: Ո՞րն է լինելու յաջորդ նւաճումը, կա՞ն արդեօք ծրագրեր:

- Ո՛չ, այդպիսի ծրագրեր դեռ չկան գագաթների բարձրութեան աճի հետ զուգահեռ աճում է նաեւ այդ գագաթները բարձրանալու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջը: Սակայն, պէտք է ասեմ որ երազում եմ նւաճել Էւերեստը: Էւերեստը ցանկացած լեռնագնացի մասնագիտական երազանքն է: Մինչդեռ շատ մեծահարուստների համար այն պարզապէս վտանգաւոր ժամանց է: Էւերեստի գագաթը յաղթահարելու գործընթացը բազմաբնոյթ է՝ տեխնիկական, կազմակերպչական եւ սպորտային պատրաստւածութիւնն ապահովելու համար ֆինանսական մեծ հնարաւորութիւններ են անհրաժեշտ՝ համապատասխան սպորտային պարագաներ, գոյք:

 

Ինչեւէ, յուսանք, որ համայնքի մեծահարուստ սպորտասէրները, անարձագանգ չեն թողնի Սեմիկի հետաքրքիր գաղափարը: «alikonline.ir»-ը սրտանց շնորհաւորում է Սեմիկին, մաղթում նոր ու ուշագրաւ վերելքներ ու բաղձալի բարձունքների նւաճում:

Զրոյցը՝ Սիւնէ Ֆարմանեանի

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։