Հա

Մարզական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 08:30

Շախմատի աշխարհի գաւաթ. Լեւոն Արոնեանը պարտւեց Մաքսիմ Մատլակովին

Թբիլիսիում շարունակւող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան երրորդ շրջանի երկրորդ դասական պարտիայում Լեւոն Արոնեանն անակնկալ պարտութիւն է կրել ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովից:

«alikonline.ir» - Թբիլիսիում շարունակւող շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութեան երրորդ շրջանի երկրորդ դասական պարտիայում Լեւոն Արոնեանն անակնկալ պարտութիւն է կրել ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովից: Տեղեկացնում է «news.am»-ը:

Հայկական շախմատի առաջատարը խաղացել է սեւերով եւ իր պարտութիւնն ընդունել 27-րդ քայլում:

Այսպիսով, մրցամարտի հաշիւը հաւասարւեց՝ 1:1: Առաջին պարտիայում սպիտակներով յաղթել էր Լեւոն Արոնեանը: Այս զոյգի յաղթողը յայտնի կը դառնայ թայ-բրէյքում, որը կը կայանայ սեպտեմբերի 11-ին:

Յիշեցնենք, որ նախորդ 2 շրջաններում Լեւոն Արոնեանը յաղթել էր հարաւաֆրիկացի Դենիէլ Քոդէրին եւ կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Եիֆանին:

Հայաստանը աշխարհի գաւաթի խաղարկութիւնում ներկայացնում էին նաեւ Հրանտ Մելքումեանն ու Ռոբերտ Յովհաննիսեանը, որոնք չյաղթահարեցին առաջին շրջանի արգելքը։ Առաջին շրջանից դուրս է մնացել նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Յակոբեանը։

Աշխարհի գաւաթի խաղարկութեան եզրափակիչի մասնակիցները կը ստանան աշխարհի չեմպիոնի հաւակնորդների մրցաշարի մասնակցութեան իրաւունք:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։