Հա

Մարզական

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 10:10

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ը՝ «Իրմա» փոթորիկի տեսքով. «Ալ Ահլի»- «Փերսփոլիս»՝ 1:3

Իրանի գործող չեմպիոնը՝ «Փերսփոլիս»-ը յաղթահարեց Ասիայի չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի արգելքը:

«alikonline.ir» - Իրանի գործող չեմպիոնը՝ «Փերսփոլիս»-ը յաղթահարեց Ասիայի չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ փուլի արգելքը:

Երէկ՝ սեպտեմբերի 12-ին Աբու Դաբիում տեղի ունեցաւ «Փերսփոլիս»-«Ալ Ահլի» զոյգի պատասխան հանդիպումը: Առաջին հանդիպումը, որը նոյնպէս կայացել էր չէզոք դաշտում, եւ որում մայրաքաղաքի «Կարմիրներ»-ը համարւում էին հիւրընկալ աւարտւել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշւով, իսկ սա նշանակում էր, որ յաջորդ փուլ դուրս գալու համար «Փերսփոլիս»-ին անհրաժեշտ էր յաղթանակ, կամ էլ աւելի խոշոր հաշւով ոչ-ոքի արդիւնք, ինչն էլ բարդացնում էր իրավիճակը:

Հանդիպման մեկնարկը յաջող ստացւեց Իրանի գործող չեմպիոնների համար: 5-րդ րոպէին Մոհսէն Մոսալմանի ֆանտաստիկ փոխանցումից յետոյ, Ալի Ալիփուրը մեն-մենակ յայտնւեց «Ալ Ահլի» դարպասպահի դէմ պայքարում եւ դիպուկ հարւածով գրաւեց Սաուդական Արաբիան ներկայացնող թիմի դարպասը:

Թւում էր, թէ ամէն ինչ ընթանում է «Փերսփոլիս»-ի ցանկութեամբ, սակայն, հանդիպման 12-րդ րոպէին Քամալ Քամեաբինիան մրցակցի դէմ պայքարում կոպիտ խաղաց, որի արդիւնքում էլ չինացի մրցավարը նրան անմիջապէս հեռացրեց խաղադաշտից:

10 հոգով մնացած «Փերսփոլիս»-ը չընկճւեց: «Կարմիրներ»-ը գործադրելով աւելի մեծ ջանք ծածկում էին ողջ խաղադաշտը՝ մրցակցին զրկելով սեփական խաղը կառուցելու եւ վտանգաւոր գրոհներ կազմակերպելու հնարաւորութիւնից: Փոխարէնը «Փերսփոլիս»-ի հակագրոհներն աւելի վտանգաւոր էին ստացւում: Նրանք ունէին մի քանի ռէալ հնարաւորութիւն՝ հէնց առաջին խաղակէսում վճռելու հանդիպման ելքը:

Երկրորդ խաղակէսում, մէկ հոգու պակասն այնուամենայնիւ իրեն զգացնել տւեց: «Փերսփոլիս»-ի յոգնած պաշտպանները չդիմացան ճնշմանը, եւ 52-րդ րոպէին Ալ Ամրին հաւասարեցրեց հանդիպման հաշիւը, ինչն էլ բաւարարում էր սաուդական թիմին յաջորդ փուլ դուրս գալու համար:

Խաղը փրկելու նպատակով գլխաւոր մարզիչ Բրանկօ Իւանկովիչը 61-րդ րոպէից սկսեալ, 14 րոպէների ընթացքում կատարեց երեք փոփոխութիւն, ինչն էլ որոշիչ նշանակութիւն ունեցաւ հանդիպման վերջնական ելքի ձեւակերպման համար:

Փոխարինման դուրս եկած Բաշշար Րասանը, Գոդւին Մենշան եւ Շայան Մոսլեհը նոր լիցք հաղորդեցին «Փերսփոլիս»-ին: 80-րդ րոպէին Շայան Մոսլեհի հարւածից յետոյ «Ալ Ահլի»-ի պաշտպանը դարպասի գծի վրայ ձեռքով կասեցրեց գնդակը, որի արդիւնքում էլ մրցավարը նրան ցոյց տւեց կարմիր քարտ, իսկ «Փերսփոլիս»-ի օգտին էլ նշանակեց 11 մետրանոց հարւած, որն էլ անվրէպ իրացրեց Գոդւին Մենշան, իսկ մրցավարի աւելացրած 4-րդ րոպէին մրցակցի պաշտպանները սեփական տուգանային հրապարակում խաղի կանոները խախտեցին Բաշշար Րասանի դէմ պայքարում, ինչն էլ չինացի մրցավարին ստիպեց «Փերսփոլիս»-ի օգտին նշանակել երկրորդ 11 մետրանոց հարւածը, որն էլ իրացրեց Մեհդի Թարեմին: 1:3՝ եւ այսպիսով «Փերսփոլիս»-ը յայտնւեց կիսաեզրափակիչ փուլում:

Կիսաեզրափակչում «Փերսփոլիս»-ի մրցակիցը Սաուդական Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ»-ն է լինելու: Թիմերի միջեւ երկու հանդիպումները նոյնպէս կայանալու են չէզոք դաշտում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։