Հա

Մարզական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 13:30

Հայկական ֆուտբոլի տխուր ներկան. ո՞րն է ելքը

Հոկտեմբերի 5-ին ֆուտբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի հերթական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հաւաքականը սեփական դաշտում խայտառակ՝ 1:6 հաշւոց պարտւեց Լեհաստանի ընտրանուն: «news.am»-ը փորձել է պարզել հայկական ֆուտբոլի ներկայ գորշ համայնապատկերի պատճառները:

«alikonline.ir» - Հոկտեմբերի 5-ին ֆուտբոլի 2018 թւականի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի հերթական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հաւաքականը սեփական դաշտում խայտառակ՝ 1:6 հաշւոց պարտւեց Լեհաստանի ընտրանուն: «news.am»-ը փորձել է պարզել հայկական ֆուտբոլի ներկայ գորշ համայնապատկերի պատճառները:

 

Հայկական ֆուտբոլի սեւ շրջանի պատճառները

Հայաստանի ազգային հաւաքականը սեփական յարկի տակ 1:6 հաշւով պարտւեց Լեհաստանի ընտրանուն։ Այս պարտութիւնը զարմանալի չէր, գուցէ զարմանալի էր հաշիւը, իսկ աւելի ճիշտ՝ ամօթալի, բայց եթէ հետեւենք հաւաքականի վերջին խաղերին, ապա կը հասկանաք, որ ամէն ինչ օրինաչափ էր։ Որտեղի՞ց սկսեց մեր հաւաքականի անկումը, այն հաւաքականի, որը մի քանի տարի առաջ յաղթում էր ուժեղ թիմերին։ Որտե՞ղ պէտք է փնտրել այս ամէնի արմատները։

 

Պէտք է իրատես լինել կազմի հարցում

Առաջին հերթին քննադատւում է թիմը։ Խաղից յետոյ ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը լրագրողներին ասաց, որ այս կազմով անգամ Ազգերի լիգայում անելիք չունենք։ Դիտել, թէ ինչպէս են 90 րոպէ ազգային հաւաքականը ներկայացնող ֆուտբոլիստները տարրական սխալներ անում, սարսափելի է։ Վերջին տարիների ընթացքում մենք այդպէս էլ չունեցանք կամ չաճեցրինք լաւ պաշտպանների։ Մենք հասանք մի կէտի, երբ որակազրկւած կենտրոնական պաշտպանների բացակայութեան արդիւնքում ամբողջ յոյսը դնում ենք Տարոն Ոսկանեանի վրայ։ Ֆուտբոլիստի, որը Ռումինիայի հետ խաղում մեր դարպասին 11 մետրանոց բերեց ու հեռացւեց խաղից, ֆուտբոլիստի, որը Պորտուգալիայի հետ արտագնայ խաղում դարձավ խաղի միակ գոլի հեղինակը։ Ցաւօք, այն ուղղւած չէր մրցակցի դարպասին։ Նրա ճակատագրական սխալները բազմաթիւ են։ Այն, որ այս ֆուտբոլիստի խաղը հաւաքականում չփոխւեց (չենք խօսում նրա ակումբային կարիերայի մասին), փաստ է։ Բայց նա շարունակում է մնալ հաւաքականի հիմնական ֆուտբոլիստներից մէկը։

Ճշմարիտ են ասում, որ չի կարելի այս կազմի ֆուտբոլիստներից պահանջել աւելին, քան նրանք կարող են։ Չի կարելի Կամօ Յովհաննիսեանից ուժերից վեր խաղ պահանջել։ Այս ֆուտբոլիստի օգտակար գործողութիւնների գործակցի մասին գրւում է բոլոր խաղերից յետոյ, բայց նա շարունակում է մնալ հաւաքականի կազմում։ Չկա՞ն այլ ֆուտբոլիստներ, թէ՞ բոլորը նրանից վատն են։

Եւ ի՞նչ կարելի է անել այն դէպքում, երբ դարպասապահը թոյլ է տալիս պարզունակ սխալներ, երբ թիմը ճիշտ չի կարողանում պատ կազմել։ Երբ ֆուտբոլիստը վտանգաւոր գօտում յետ փոխանցում է կատարում դարպասապահին, իսկ նա ձեռքով է որսում, կամ երբ ֆուտբոլիստը մեն-մենակ դուրս է գալիս դարպասապահի դէմ եւ առանց երկար-բարակ մտածելու հարւածում։ Ժամանակին հաւաքականի նախկին գլխաւոր մարզիչ շւէյցարացի Բերնար Շալանդն ասում էր, որ եթէ իր ձեռքում կաղամբ եւ վարունգ կայ, նա չի կարող լոբստեր պատրաստել։ Այդ ժամանակ բոլորը ծիծաղում էին։ Նոյն բանը, բայց այլ կերպ, հոկտեմբերի 5-ին ասաց Արթուր Պետրոսեանը։ Այսինքն՝ այս կազմով մենք չպէտք է զարմանանք ո՛չ արդիւնքից, ո՛չ էլ խաղի որակից։

Արթուր Պետրոսեանը խաղից յետոյ ասաց, որ անգամ երիտասարդական հաւաքականի կազմում արժանի փոխարինողներ չկան։ Իսկապէս, երիտասարդական հաւաքականը սեփական յարկի տակ հազիւ յաղթում է Ջիբրալթարին, մեծ հաշւով պարտւում Մակեդոնիային:

Մարզիչն ասում է՝ միակ յոյսն արտերկրում հանդէս եկող ֆուտբոլիստներն են։ Իսկ կարո՞ղ ենք վստահ լինել, որ նրանք որակ կը բերեն։

Սարգիս Ադամեանի հետ մեծ յոյսեր էինք կապում։ Որերորդ խաղն է՝ յոյսերն օդում են մնում։

 

Դարպասապահը

Ռոման Բերեզովսկու հեռանալուց բոլորս էինք վախենում։ Այդ օրը վաղ թէ ուշ գալու էր, նա գնալու էր։ Եւ այն, որ մենք չունենք արժանի փոխարինող, արդէն ակնյայտ է։ Դարպասապահի հարցը դարձել է գլխացաւանք։ Միակ յոյսը, թւում էր, հաւաքականին Դաւիդ Իւրչենկոյի միանալն է։ Նրա որակների ու կարգի մասին շատ էինք լսել, բայց նրան այդպէս էլ չտեսանք մեր թիմում։ Իւրչենկոն մեղադրեց ֆեդերացիային, որ գործը մինչեւ վերջ չարեցին, այսինքն՝ հետաքրքւեցին, բայց կոնկրետ յայտարարի չեկան: Ֆեդերացիան իր հերթին ասաց, որ ամէն ինչ արել են նրան հաւաքական բերելու համար։ Բացի այդ՝ ոչ պաշտօնական մակարդակում կային լուրեր, որ Իւրչենկոն հաւաքական գալու համար գումար է պահանջել։ Իր հարցազրոյցում ֆուտբոլիստն ասել էր, որ հաւաքական գալն իր ակումբային կարիերայի համար մեծ ռիսկ է, քանի որ Ռուսաստանում լեգէոներ դարպասապահներ չեն լինում։ Գուցէ այս տողերի տակ ինչ-որ ուղերձ էր թաքնւած։ Մենք սիրում ենք կրկնել, որ հաւաքական գալու համար ֆուտբոլիստը պէտք է ոչինչ չպահանջի՝ ո՛չ գումար, ո՛չ թանկ տոմս, այլ գայ ու սիրով խաղայ։ Այս պահին դա բաւական չէ։ Իսկ հանրութիւնը բաժանւեց երկու մասի. ոմանք կարծում էին, որ ամէն ինչ պէտք է անել՝ Իւրչենկոյին բերել համար, միւսներն էլ նրան գրողի ծոցն էին ուղարկում։ Համացանցում առաւել ակտիւ էին երկրորդ խմբի ներկայացուցիչները: Սակայն փաստն այն է, որ նա չեկաւ։ Իսկ Բեգլարեա՞ն, թէ՞ Մելիքսեթեան... Ես չեմ կարող պատասխանել այս հարցին։

 

Մարզիչը

Ազգային հաւաքականի վերջին երկու մարզիչները՝ Վարուժան Սուքիասեանն ու Սարգիս Յովսէփեանը, անփառունակ կերպով հեռացան հաւաքականից։ Ո՛չ սկանդալ եղաւ, ո՛չ ողբերգութիւն։ Սակայն Սուքիասեանը, ում հայ երկրպագուն աւելի շատ յիշում է որպէս երիտասարդական հաւաքականի մարզչի, որի թիմը յաղթեց թուրքերին, իր հաշւին գրանցեց մի շարք պարտութիւններ, այդ թւում՝ Ռումինիայի հետ խաղում ջախջախումը։ Վերջում էլ պարզւեց, որ լրագրողներն են մեղաւոր ֆուտբոլիստների վնասւածքների մէջ։

Սարգիս Յովսէփեանի նշանակումն աւելի աղմկահարոյց էր։ Նա՝ գրեթէ անփորձ, ստանձնեց հաւաքականի ղեկը։ Արդիւնքները յիշում էք։ Սակայն այս երկու մասնագէտներն էլ մինչ հաւաքական վերադառնալը երբեք եւ ոչ մի դէպքում մեծ քննադատութեան չէին արժանանում։ Մէկը երկարամեայ աւագն էր, միւսը՝ յաղթանակներ բերած մարզիչ։ Այժմ նրանց անունը տալիս աւելի շատ յիշում են վերջին պարտութիւններն ու թեւաւոր դարձած նրանց արտայայտութիւնները։

Գիտէ՞ր, արդեօք, այդ մասին Արթուր Պետրոսեանը։ Իհարկէ՝ գիտէր։ Գիտէ՞ր, որ գալիս է ստանձնելու մի հաւաքականի ղեկավարութիւնը, որտեղ կադրային բազմաթիւ խնդիրներ կան։ Խնդիրներից զատ՝ հաւաքականի շուրջ անդադար լարւածութիւն էր տիրում. երկրպագուների, լրագրողների դժգոհութիւններ, հաւաքականից դուրս մնացած ֆուտբոլիստներ։ Չնայած այս ամենին՝ նա եկաւ։ Արթուր Պետրոսեանը մեծ թիմերում գլխաւոր մարզչի աշխատանքի փորձ չունի։ Նա աւելի շատ երիտասարդական թիմերի է մարզել։ Փորձի պակասը լրացրեց նրա համբաւը։ Հայաստանում ո՞վ չի սիրում Արթուր Պետրոսեանին, ո՞վ չի յիշում նրա խաղերը, ո՞վ չի զգում, որ նա համեստ մարդ է։

Արթուր Պետրոսենը գալիս է ու ասում է, որ ինքն է որոշելու կազմը՝ բացի Իւրա Մովսիսեանի հետ կապւած խնդրից։ Եւ հէնց Արթուր Պետրոսեանի ժամանակ Իւրայի հարցը վերջնականապէս փակւում է, քանի որ Սուքիասեանն ասում էր, որ ԱՄՆ-ում ցանկացել է հանդիպել Մովսիսեանի հետ։

Արթուր Պետրոսեանի առաջին խաղը յաղթական էր։ Թիմը կամային յաղթանակ տօնեց։ Բոլորը ոգեւորւեցին ու փակեցին տարին: Բայց ոգեւորութեան եւ ուրախութեան տակ մի իրականութիւն կայ. նոյն կազմը, խնդիրներն ու շատ այլ հարցեր։

Արթուր Պետրոսեանին բոլորն են սիրում եւ չեն ցանկանում քննադատել, բայց հաւաքականի վերջին չորս խաղերը ցոյց են տալիս, որ մեր թիմը չունի մարտավարութիւն, չունի ձեռագիր։ Այս ամէնը ցոյց է տալիս, որ հաւաքականի մարզիչն այս հարցերում դեռ փորձի պակաս ունի։ Անգամ ոչ պրոֆեսիոնալ աչքով կարելի է տեսնել, որ մեր կազմով ու հնարաւորութիւններով Լեհաստանի հետ յարձակողական ֆուտբոլ խաղալ պէտք չէր։ Դանիան մեզ պատժեց։ Ինչո՞ւ մեր սխալներից չսովորեցինք։ Ինչո՞ւ ոչինչ չփոխւեց։ Ժամանակին մի քանի լրագրողներ քննադատում էին Շալանդին։ Նրա հեռանալն էին ուզում։ Գուցէ անձնական նկատառումներով, բայց Շալանդը խաղից խաղ փորձարկումներ էր անում։ Առանց Մխիթարեանի եւ Մովսիսեանի նա սերբերի հետ ոչ ոքի էր խաղում։ Պորտուգալիան մեզ յաղթեց միայն Ոսկանեանի անփոյթ խաղի շնորհիւ։ Շալանդը իւրաքանչիւր մրցակցի համար տարբեր խաղ էր մշակում։ Պետրոսեանի խաղային ձեռագիրը հասկանալի չէ։ Եւ նա ձեռագիր ստեղծելու երկար ժամանակ ունէր։ Արթուր Պետրոսեանը կրկին մնում է մեր սիրելի ու լաւագոյն ֆուտբոլիստներից մէկը։ Մարդ, որին միշտ շնորհակալ կը լինենք իր խփած գոլերի համար։ Բայց չորս խաղում երեք ջախջախիչ պարտութիւն կրած մարզիչը ցանկացած երկրում հեռանում է։

Միշտ ասջում է, որ մեր մարզիչը պէտք է հայ լինի։ Մարզչի արիւնը կամ մաշկի գոյնը չեն, որ որոշում են նրա աշխատանքի որակը։ Մեր մարզիչը պէտք է ուժեղ ստրատեգ լինի, լաւ փորձ ունենայ եւ մեր ֆուտբոլիստների համար օրինակելի մէկը լինի։ Իհարկէ՝ այդպիսի մարզիչները թանկ են գնահատում իրենց աշխատանքը: Բայց այդպէս է ոչ միայն այս դէպքում. որակեալը միշտ էլ թանկ է։

 

Այսպէս կոչւած մթնոլորտը

Հաւաքականի խաղերից առաջ մեր ֆուտբոլիստները միշտ ասում են, որ թիմում հիանալի մթնոլորտ է։ Մարզումների ժամանակ միշտ ժպտում են, ամէն ինչ իդէալական է թւում։ Բայց խաղերից յետոյ յաճախ երկրպագուներին ու լրագրողներին չեն ցանկանում մօտենալ։

Մթնոլորտի վատթարացման մասին սկսեցին խօսել երկու տարի առաջ, երբ թիմից հեռացւեցին մի քանի ֆուտբոլիստներ։ Որքան էլ մեղադրենք Իւրա Մովսիսեանին, որը «Սպարտակ»-ում մեծ գումարներ աշխատելուց յետոյ փոխւեց, մեծամտացաւ, սկսեց մատների արանքով նայել թիմի մարզումներին եւ կարգապահութեանը, չի կարելի չփաստել, որ մեր թիմի վերելքը սկսւեց հէնց նրա գալով։ Իւրան եկաւ, եւ թիմի ոգին աճեց։ Իւրան, չլինելով թիմի աւագը, կարծես նրա առաջնորդ էր։ Դա երեւում էր անզէն աչքով։ Իւրայի գալը համընկաւ նաեւ Մխիթարեանի փայլուն խաղաշրջանի մեկնարկի հետ։ Բայց Մխիթարեանը հիմա կայ ու կարգով աւելի բարձր է, քան առաջ, բայց չկայ Իւրան... եւ թիմն այսպէս է խաղում։ Այո՛, այս պահին Մովսիսեանն ԱՄՆ-ում լաւ արդիւնքներ չի ցուցադրում։ Եւ շատ հաւանական է, որ շուտով աւարտի կարիերան։ Հարցն այն չէ, թէ ինչո՞ւ նա գնաց հաւաքականից, հարցն այն է, թէ ինչպէ՞ս։ Նա դարձաւ դաւաճան, բայց մենք այդպէս էլ փաստեր չունեցանք, թէ ինչու։ Եթէ նա կարգապահ չէր, գուցէ պատժւէ՞ր։ Չի կարող հաւաքականի շարժիչը համարւող ֆուտբոլիստի՝ նման անփառունակ հեռացումը չվնասել թիմին։ Սա այն դէպքում, երբ վստահ չեմ, որ այս պահին Իւրան կարող է օգնել հաւաքականին։ Բայց այն, որ նա թիմի կէսն էր, փաստ է... Իսկ նրան հանեցին եւ վերջ։ Այստեղ էլ սկսւեց, այսպէս կոչւած, «մթնոլորտը»։

Նոյն բանը կարելի է ասել Ռոբերտ Արզումանեանի մասին։ Թիմի երկար տարիների երկրորդ աւագը, նրա խորհրդանիշը։ Նրա ժամանակ նոյնպէս գոլեր էինք ընդունում, բայց նա պաշտպանութեան գծում առաջնորդ էր։ Նա նոյնպէս դուռը դրսից փակեց: Նոյնը՝ դարպասապահ Գեւորգ Կասպարովի պարագայում...

Այս ամենից յետոյ, եթէ նոյնիսկ երկու տարի է անցել, չի կարող ամէն ինչ հարթ լինել։ Մեր՝ հայկական ֆուտբոլով ապրողների սրտերը դեռ ցաւում են այս ամէնի համար։ Ֆուտբոլիստները գալիս, գնում են, բայց, հաւանաբար, բոլորը գիտեն, որ մի օր էլ իրենց հետ են այդպէս վարւելու:

 

Դատարկ մարզադաշտը

Լեհերի հետ մենք խաղացինք կիսադատարկ մարզադաշտում։ Անգամ այս խաղում, երբ հաւաքականն արդէն մի քանի պարտութիւն էր կրել, երբ եղանակը բաւական ցուրտ էր, խաղի տոմսերի գները չփոխւեցին։ Իհարկէ՝ տոմսերը չեն կարող անվճար լինել։ Եվ ոչ ոք չի սպասում, որ դրանք 100 դրամ կարժենան։ Եթէ կան պահանջներ, դրանց պէտք է համապատասխանել, բայց, օրինակ, Ռումինիայում տոմսերի գինը սկսւում էր 1700 դրամից։ Այս անգամ լեհերի մեծ թւի շնորհիւ մարզադաշտն ակտիւ էր թւում։

 

Հիմնարար խնդիրները

Եւ վերջում՝ ամենաշատը քննարկւող հարցի մասին։ Հայկական ֆուտբոլի իրավիճակի պատճառը միայն ազգային հաւաքականի մէջ չէ։ Ազգային հաւաքականը դրա կարեւորագոյն մասնիկն է՝ երկրպագուների ուրախութիւնը, ազգի դէմքը։ Բայց այսօր մեր ֆուտբոլում համատարած խնդիրներ են։ Տարբեր տարիքային հաւաքականների՝ սարսափելի հաշւով պարտութիւնները, Հայաստանի առաջնութեան թիմերի քանակը, մարզադաշտերի խնդիրները, մանկապատանեկան ֆուտբոլի հարցերը։

Եթէ երիտասարդական հաւաքականի խաղերը կարողանում ենք դիտել եւ գնահատական տալ, ապա այսօր անգամ Ազգային առաջնութիւնը չի հեռարձակւում հեռուստատեսութեամբ։ Մնացել է վեց թիմ, որոնք իրար մեջ պայքարում են Եւրոգաւաթներում խաղալու համար, որտեղ ինչ-որ եկամուտ կարող են վաստակել։ Թիմերն ամիսը մէկ անգամ խաղում են միմեանց դէմ։ Ֆուտբոլիստների զարգացման համար սա վատագոյն սցենարն է։ Մանկապատանեկան ֆուտբոլում նոր փուլ է սկսւում։ Այսուհետեւ անխուսափելի է լինելու զինւորական ծառայութեան հարցը։ Մենք պատերազմական իրավիճակում գտնւող երկիր ենք եւ պէտք է զգօն լինենք, բայց երկու տարի բաց թողած ֆուտբոլիստն այլեւս չի կարողանայ վերադառնալ նախկին մարզավիճակին եւ մեծ բարձունքների հասնել:

Երեւանի երկու մարզադաշտերից մեէկը՝ լեգենդար «Հրազդան»-ը, փլուզւում է։ «Հանրապետական»-ը չի կարող Եւրոպական կարեւորագոյն մրցաշարերի եզրափակիչ խաղեր ընդունել։ Մինչդեռ հարեւան Վրաստանն ընդունեց Եվւրոպայի Սուպեր գաւաթը, նոր վերանորոգւած մարզադաշտում։ Բաքուն շուտով կընդունի Եւրոպայի լիգայի եզրափակիչն ու Եւրոպայի առաջնութիւնը։ Իսկ մենք... իսկ մենք դեռ թունելի վերջում լոյս չենք տեսնում։ Գուցէ դրա համար մեծ ու հիմնարար փոփոխութիւններ են պէտք։ Ֆուտբոլն աշխարհում թիւ մէկ մարզաձեւն է, մարդկանց կեանքի մի մասնիկը: Եւ այսօրւայ պատկերը բոլորիս համար է ցաւալի։ Չկայ խնդիր, որը լուծում չունենայ։ Բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք։ Այն, որ մեծ փոփոխութիւններ ենք պէտք, պարզից էլ պարզ է...

Մարկէսն իր «Հարիւր տարւայ մենութեան» վերջում ասում է. այն ազգերին, որոնք դատապարտւած են հարիւր տարւայ մենութեան, բախտ չի վիճակւի վերածնւել։ Մեր հարիւր տարին դեռ չի լրացնել, պէտք է որ կարողանանք նորից ծնւել... մի օր...

ՎԵՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։