Հա

Մարզական

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 08:40

Սենսացիա. Աշխարհի առաջնութիւնն առանց Իտալիայի

Ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլում գրանցւեց գլխաւոր սենսացիան. Իտալիայի հաւաքականը զրկւեց Ռուսաստան-2018-ի ուղեգրից:

«alikonline.ir» - Ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլում գրանցւեց գլխաւոր սենսացիան. Իտալիայի հաւաքականը զրկւեց Ռուսաստան-2018-ի ուղեգրից:

Նոյեմբերի 13-ի ուշ երեկոյեան տեղի ունեցաւ 2018 թւականի աշխարհի առաջնութեան եւրոպական գօտում անցումային փուլի գլխաւոր դիմակայութիւնը: Իտալիայի ընտրանին սեփական յարկի ներքոյ ընդունել էր Շւեդիայի հաւաքականին: Երկու թիմերի միջեւ կայացած առաջին խաղում շւեդները յաղթել էին նւազագոյն 1:0 հաշւով, եւ հէնց այդ արդիւնքն էլ բաւարարեց նրանց Ռուսաստան-2018-ում իրենց տեղն ամրագրելու համար:

Միլանում կայացած պատասխան խաղում թէեւ իտալացիներն ունէին որոշակի առաւելութիւն, այդուհանդերձ հանդիպման 90 րոպէների ընթացքում նրանց չյաջողւեց, գրաւել մրցակցի դարպասը: Հանդիպումն աւարտւեց ոչ ոքի՝ 0:0 հաշւով, իսկ սա նշանակում էր, որ «Squadra Azzurra»-ն դուրս է մնում ֆուտբոլի 2018 թւականի աշխարհի առաջնութիւնից, ինչն աննախադէպ երեւոյթ է վերջին 60 տարիների ընթացքում:

Սա ամենատխուր վերջաբանն էր Իտալիայի աւագ, լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի համար, որն այս մրցաշրջանի աւարտին պաշտօնապէս հրաժեշտ է տալու մեծ ֆուտբոլին: Ջիջին յոյս ունէր հանդէս գալով Ռուսաստանում, դառնալ աշխարհի միակ ֆուտբոլիստը, որին յաջողւել է խաղալ աշխարհի 6 առաջնութիւններում:

Այս սենսացիան խախտեց Իտալիայի ընտրանու մօտ կարծես թէ ամրագրւած մէկ աւանդոյթ: Բանն այն է, որ 1970 թւականի աշխարհի առաջնութիւնից սկսեալ Իտալիայի հաւաքականը իւրաքանչիւր 12 տարին մէկ անգամ հանդէս է եկել մրցաշարի եզրափակիչ խաղում:

Եւ այսպէս. 1970 թւականին նրանք խաղացել են եզրափակչում, 1982 թւականին նւաճել են աշխարհի գաւաթը, 1994 թւականին դարձեալ խաղացել են եզրափակիչ խաղում, իսկ 2006 թւականին դարձել են չեմպիոն: Եթէ հաւատալու լինենք նախապաշարումներին եւ թւերին, ապա, պէտք է, որ Իտալիայի ընտարնին հանդէս գար 2018 թւականի աշխարհի առաջնութեան եզրափակիչ խաղում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։