Հա

Մարզական

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017 08:10

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն՝ ռեկորդակիր

Եւրոպայի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 5-րդ տուրը:

«alikonline.ir» - Եւրոպայի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 5-րդ տուրը: Երէկ՝ ուշ երեկոյեան խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերում ընդգրկւած թիմերը:

E խմբում իսպանական «Սեւիլիա»-ն տանը ոչ-ոքի՝ 3:3 խաղաց անգլիական «Լիւերպուլ»-ի հետ խաղում, այն դէպքում, երբ առաջին խաղակէսից յետոյ անգլիական ակումբն առջեւում էր 0:3 հաշւով:

Մոսկւայի «Սպարտակ»-ին էլ չյաջողւեց յաղթահարել սլովենական «Մարիբոր»-ի արգելքը: Վերջնահաշիւը 1:1 էր:

Այս խմբում առաջատարը վաստակած 9 միաւորով «Լիւերպուլ»-ն է, «Սեւիլիա»-ն ունի 8, իսկ «Սպարտակ»-ը 6 միաւոր: Երեք թիմերն էլ յաջորդ փուլ դուրս գալու հաւասար շանսեր են պահպանում: Իսկ 2 միաւոր վաստակած «Մարիբոր»-ի համար ամէն ինչ աւարտւած է:

F խմբում իտալական «Նապոլի»-ն սեփական մարզադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց ուկրայինական «Շախտեոր»-ի դարպասը՝ պահպանելով յաջորդ փուլ դուրս գալու յոյսերը:

Անգլիայի գործող չեմպիոնը՝ «Մանչեսթեր Սիթի»-ն էլ նւազագոյն՝ 1:0 հաշւով պարտութեան մատնեց հոլանդական «Ֆէյենորդ»-ին:

Այս խմբում առաջատարը «Մանչեսթեր Սիթի»-ն է, որը ցոյց է տւել 100 տոկոսանոց ցուցանիշ՝ լուծելով յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: «Շախտեոր»-ն ունի 9, իսկ «Նապոլի»-ն՝ 6 միաւոր: Վերջին տուրում յայտնի կը դառնայ, թէ այս թիմերից որին կը յաջողւի յաղթահարել խմբային փուլի արգելքը: Յետնապահը՝ «Ֆէյենորդ»-ը որեւէ միաւոր չի վաստակել:

G խմբում ֆրանսիական «Մոնակօ»-ն տանը խոշոր՝ 1:4 հաշւով ծանր պարտութիւն կրեց գերմանական «ՌԲ Լայպցիգ»-ի դէմ պայքարում, իսկ խմբի առաջատար թուրքական «Բեշիկթաշ»-ն էլ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց պորտուգալական «Պորտու»-ի դէմ պայքարում:

Վաստակած 11 միաւորով խմբի առաջատարը «Բեշիկթաշ»-ն է, որն արդէն լուծել է յաջորդ փուլի ուղեգրի հարցը: «Պորտու»-ն եւ «ՌԲ Լայպցիգ»-ն ունեն 7-ական միաւոր: Վերջին տուրում պարզ կը դառնայ, թէ այս թիմերից որը կը միանայ «Բեշիկթաշ»-ին: Իսկ 2 միաւոր վաստակած «Մոնակօ»-ն էլ կը խաղայ սեփական հեղինակութիւնը պահպանելու համար:

H խմբում գործող չեմպիոնը՝ «Ռէալ Մադրիդ»-ը մրցակցի դաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեց կիպրական ԱՊՕԷԼ-ի դարպասը:

Ի դէպ, ԱՊՕԷԼ-ի դարպասը խփած երկու գոլերի շնորհիւ Կրիշտիանու Ռոնալդուն մէկ տարում Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 18-ի՝ բարելաւելով իր ռեկորդը:

Նա նաեւ դարձաւ մէկ թիմի կազմում Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ 98 գոլ: Նա յետ թողեց Լիոնէլ Մեսսիին, որը «Բարսելոնա»-ի կազմում 97 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:

Խմբի միւս խաղում «Բորուսիա Դորտմունդ»-ը սեփական դաշտում 1:2 հաշւով զիջեց անգլիական «Տոտենհեմ»-ին:

Այս խմբում ամէն ինչ արդէն որոշւած է. «Տոտենհեմ»-ն ու «Ռէալ Մադրիդ»-ը համապատասխանաբար վաստակել են 13 եւ 10 միաւոր՝ լուծելով յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: «Բորուսիա Դորտմունդ»-ն ու ԱՊՕԷԼ-ն էլ ուեն 2-ական միաւոր: Նրանք պայքարելու են Եւրոպա լիգայի ուղեգրի համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։