Հա

Մարզական

08/01/2018

«Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստը կարող էր փոխարինել Պելէին. ինչո՞ւ Խորիկին մեղադրեցին խաղը վաճառելու մէջ

Կարելի է պատկերացնել՝ ինչ էր կատարւում քսան տարեկան Խորէն Յովհաննիսեանի հոգում, երբ լեգենդար «Արարատ»-ի ու «Բայերն Միւնխէն»-ի խաղի երկրորդ խաղակէսի ինչ-որ պահի նրան ուղարկեցին «տաքանալու»։

«alikonline.ir» - «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը պատմում է 20-րդ դարի հայ լաւագոյն ֆուտբոլիստի մասին, որի մարզական կարիերան ձախողեցին ձիւնաճերմակ «Մերսեդես»-ի պատճառով։

Կարելի է պատկերացնել՝ ինչ էր կատարւում քսան տարեկան Խորէն Յովհաննիսեանի հոգում, երբ լեգենդար «Արարատ»-ի ու «Բայերն Միւնխէն»-ի խաղի երկրորդ խաղակէսի ինչ-որ պահի նրան ուղարկեցին «տաքանալու»։

Անմոռանալի խաղի 64-րդ րոպէին Խորէնը փոխարինեց փոքր-ինչ յոգնած Նիկոլայ Ղազարեանին։ Դեբիւտը խորհրդանշական էր։ Քչերին է յաջողւում առաջին անգամ յայտնւել հիմնական կազմում աշխարհի ուժեղագոյն թիմերից մէկի դէմ խաղի ժամանակ։ Այդպիսի սկիզբը պարտաւորեցնող էր, Յովհաննիսեանը պէտք է մեծ ֆուտբոլիստ դառնար, ու նա լիովին կատարեց իր պարտականութիւնը։

Ժամանակին ԽՍՀՄ համապետական հեռուստատեսութեան կենտրոնական ալիքով ցուցադրւող «Ֆուտբոլային տեսութիւն» հաղորդաշարը մի խորագիր ունէր, որում որոշւում էր ամսւայ ու տարւայ, առաջնութիւնում ու երկրի գաւաթի խաղարկման ժամանակ խփած լաւագոյն գոլը։ Խորագիրը գրեթէ երկու տարւայ կեանք ունեցաւ, յետոյ փակեցին, իսկ Երեւանում վստահ էին, որ մրցոյթը չեղարկւեց, որովհետեւ գրեթէ ամէն ամիս լաւագոյնն էին ճանաչւում Խորէն Յովհաննիսեանի գոլերը։

Իսկապէս, բոլոր հնարաւոր գեղեցիկ գոլերը խփել էր Խորիկը, ինչպէս նրան քնքշօրէն անւանում էին հայ երկրպագուները` ե՛ւ կրունկով` 1983 թւականին Մոսկւայում ԲԿՄԱ-ի դէմ խաղում, ե՛ւ ընթացքից, ե՛ւ հեռւից, ինչպէս Բելգիայի հետ խաղում՝ 1982 թւականի Իսպանիայում կայացած Աշխարհի առաջնութեան ժամանակ։

Ի դէպ, Իսպանիայի առաջնութիւնից յետոյ արեւմտեան մամուլը սկսեց առանձնայատուկ ուշադրութիւն ցուցաբերել խորհրդային երկու ֆուտբոլիստների նկատմամբ։ Ռինատ Դասաեւը հաւակնում էր յաղթել Եւրոպայի լաւագոյն ֆուտբոլիստ անւանակարգում, եւ «France Football»-ի հարցման արդիւնքներով` նա զբաղեցրեց դարպասապահի համար բաւականին բարձր համարւող վեցերորդ հորիզոնականը։ Իսկ հեղինակաւոր «World Soccer» պարբերականը Յովհաննիսեանին ճանաչեց որպէս լաւագոյն խորհրդային կիսապաշտպան։ Բելգիացիների դարպաս ուղարկած տպաւորիչ գոլից յետոյ Յովհաննիսեանին ամերիկեան «Կոսմոս»-ից ներկայացուցիչներ էին մօտենում, յորդորում, որ նա փոխարինի երկու տարի առաջ այդ թիմից հեռացած Պելէին։ Խորէնին այն ժամանակների համար բաւականին հեռանկարային համագործակցութիւն էր սպասում, սակայն այդ տարիներին ԽՍՀՄ-ից ԱՄՆ մեկնելն այնքան էլ հեշտ չէր, գրեթէ անհնար էր, գուցէ միայն փախուստի միջոցով էր կարելի յայտնւել այդ երկրում։ Յովհաննիսեանն, իհարկէ, հրաժարւեց։

Հրաժարւեց ու շարունակեց ուրախացնել «Արարատ»-ի երկրպագուներին։ Յովհաննիսեանի շնորհիւ էր, որ 1970-անների վերջին բարձրագոյն լիգայում վերջին տեղերում յայտնւած եւ հնարաւոր ու անհնար միջոցներով լիգայից դուրս չմնալու համար պայքարող թիմի անունը 1980-ականների սկզբին մրցակցային աղիւսակի ստորին հորիզոնականներից վերեւ բարձրացաւ։ Երկու տարի շարունակ երեւանցիներն անգամ լրջօրէն պայքարեցին մրցանակային տեղերի համար, ու թէեւ վերջնարդիւնքում նրանց լաւագոյն ցուցանիշը դարձաւ հինգերորդ տեղը, սակայն, համաձայնենք, որ անգամ այդ պայքարն ու նման բարձր հորիզոնականները բոլորովին այլ յոյզեր են առաջացնում։

Յետոյ, ինչպէս երբեմն պատահում էր, եւ հիմա էլ է պատահում, եղաւ անսպասելին։

Խորէն Յովհաննիսեանն ինքն էլ չի սիրում յիշել՝ ինչպէս ձախողեցին իր առաջխաղացումը ֆուտբոլի ոլորտում, թոյլ չտւեցին, որ նա շարունակի խաղալ հարազատ «Արարատ»-ում։ Թէ ինչու հայկական ֆուտբոլը թողեցին առանց առաջատար խաղացողի, մինչեւ այժմ յայտնի չէ, միայն վարկածներ կան։ Սակայն զերծ մնանք դրանք վերլուծելուց եւ անդրադառնանք փաստերին։

Թէ ում էր ձեռնտու Յովհաննիսեանին ասպարէզից հեռացնելը, ում էր նա վատութիւն արել` կարելի է ենթադրել, բայց անուններ չնշենք, քանի որ այդ մարդկանց մասնակցութեան ուղղակի ապացոյցներ չկան։ Կարելի է միայն տրամաբանական եզրահանգումներ անել, որոնք, սակայն, կարելի է հերքել սեփական անմեղսունակութեան մասին յայտարարութեան միջոցով։ Եւ յետոյ մեր նպատակը լրագրողական հետաքննութիւնը չէ։

Այսպիսով՝ շատերին սկսել էր նեարդայնացնել այն, որ Յովհաննիսեանը մարզումների էր գնում ձիւնաճերմակ «Մերսեդես»-ով։ Այդ հիմա է, որ նման մեքենաները բնականոն են, իսկ այն ժամանակ «սպիտակ ձիով» ֆուտբոլիստն անմիջապէս աչքի էր ընկնում։ Յովհաննիսեանին այդ մեքենան Արգենտինայում էին նւիրել, այնտեղի հայկական համայնքից էր ստացել, երբ նա ԽՍՀՄ-ի հաւաքականի կազմում մասնակցում էր Հարաւային Ամերիկայում ընթացող ընկերական խաղերին։ Եւ ի՞նչ պէտք է անէր նա այդ մեքենան, թաքցնէ՞ր աւտոտնակում։ Իհարկէ, պէտք է քշէր։

Խորիկին մեղադրեցին, թէ իբր նա դիտաւորեալ տանուլ է տւել «Նեֆտչի»-ի հետ խաղը, վաճառել է այն։ Ոչ ոք այդպէս էլ խելամիտ բացատրութիւն չտւեց, թէ նրա ինչին էր դա հարկաւոր, ինչ շահ ունէր դրանից։ Մնում էր հաւատալ շրջանառւող լուրերին։

Ծանօթ սցենար չէ՞ արդեօք. բոլորովին վերջերս նոյն մեթոդով Հայաստանի հաւաքականից հեռացնել տւեցին Մովսիսեանին, Արզումանեանին եւ Կասպարովին, որոնք իբր խաղը յանձնել էին ալբանացիներին։ Ամբողջութեամբ Յովհաննիսեանի հետ պատահածի կրկնութիւնն է, անգամ փորձ չի արւել որեւէ այլ բան մտածել։ Թէեւ այդ երեք ֆուտբոլիստներն այժմ խաղում են իրենց ակումբներում, իսկ Յովհաննիսեանին հեռացրին ֆուտբոլից` «Տրուդ» թերթում լույս տեսած ջախջախիչ ու դաւադիր յօդւածից յետոյ։

Դրանից յետոյ Յովհաննիսեանը մեկնեց Մոսկվա՝ Կոնստանտին Բեսկովի մօտ, որը վաղուց նրան հրաւիրում էր «Սպարտակ»-ում խաղալու։ Բայց նոյնիսկ Բեսկովի ու համամիութենական ֆեդերացիայի աջակցութիւնը չօգնեցին նրան։ Հաւանաբար այս գործում շատ աւելի զօրեղ ու ազդեցիկ ուժեր էին ներգրաււած։ Յովհաննիսեանին այլ բան չէր մնում, քան ընդունել «Իսկրա» գործարանային թիմը որպէս խաղացող մարզիչ ղեկավարելու հրաւէրը։ Երկու տարի անց յաղթելով Հանրապետութեան առաջնութիւնում` թիմը ներառւեց խորհրդային երկրորդ լիգայում։ Յովհաննիսեանին միանգամից առաջարկութիւն արւեց գլխաւորել Աբովեանի «Կոտայք»-ը, որը ԽՍՀՄ առաջին լիգայում ներկայացնում էր Հայաստանը, իսկ աւելի ուշ՝ նաեւ Երևանի «Արարատ»-ը։ Սակայն Հայկական ԽՍՀ Սպորտկոմիտէի նախագահը կտրականապէս դէմ էր երկու առաջարկներին էլ։

Այդպիսի չհիմնաւորւած հետապնդումներից ով ասես կարող է կոտրւել։ Իսկ Յովհաննիսեանը մարդ է։ Նա ի վերջոյ յուսահատւեց, դադարեց իրեն լավւ մարզավիճակում պահել եւ սկսեց արագօրէն գիրանալ։ Այդպէս մինչեւ 1989 թւականը, երբ Յովհաննիսեանին հրաւիրեցին մասնակցելու Օլեգ Բլոխինի հրաժեշտի խաղին։ Խաղացող ֆուտբոլիստների կողքին Խորէնը բաւականին անհարիր տեսք ունէր։ Աւելորդ 11 կիլոգրամը կատակ բան չէ։ 75-րդ րոպէին նա փոխարինեց Գորլուկովիչին եւ Կիեւի լեփ-լեցուն Հանրապետական մարզադաշտի խաղահրապարակ դուրս եկաւ խլացնող ծափահարութիւնների ներքոյ։ Երկրպագուները յիշում էին իրենց կուռքին, թէեւ նրան վերաբերող տարատեսակ լուրեր էին շրջում։ Անգամ ասում էին, թէ նա բանտում է նստած։

Դրան յաջորդեց Խորէն Յովհաննիսեանի հաղթական վերադարձը մեծ ֆուտբոլ։ Ուզբեկստանի սպորտկոմիտեում աշխատում էր Յովհաննիսեանի` ազգութեամբ հայ ծանօթը, որն էլ «Պախտակոր»-ի նորանշանակ ավւագ մարզիչ Ֆյոդոր Նովիկովին խորհուրդ էր տւել ուժեղացնել թիմի կազմը` Խորէնին այնտեղ հրաւիրելով։

Ինչպէս յիշում է Յովհաննիսեանը, Նովիկովի հետ խոսակցութիւնը մօոտաւորապէս այսպիսին էր․ «Խորիկ, ուզում ենք քեզ հրաւիրել «Պախտակոր»-ում խաղալու»։ «Իսկ գիտէ՞ք, թէ քաշս ինչքան է եւ քանի տարի չեմ խաղացել»։

- Գիտենք,- պատասխանել էին նրան Տաշքենդից, եւ Յովհաննիսեանը սկսել էր մտածել աւելորդ տասնեակ կիլոգրամներից ազատւելու ուղղութեամբ։ Գրեթէ մէկ ամիս նա վազում էր Հանրապետական մարզադաշտի մօտակայքում` ձնակույտերով ծածկւած տարածքներով։ Եւ երբ մի անգամ էլ զանգեցին նրան եւ հետաքրքրվւեցին` կընդունի՞ իրենց հրաւէրը, նա դրական պատասխան տւեց։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը հասցրել էր ընդամենը երեք կիլոգրամ նիհարել։ Յետոյ եւս ութ կիլոգրամ նիհարեց։

Պարզւեց` «Պախտակոր»-ը բարձրագույն լիգայի մասին նոյնիսկ չէր էլ երազում, իսկ Խորիկն առաջին անգամ թիմի ֆուտբոլիստներին տեսնելով` անմիջապէս ասել էր` մեզ դա կը յաջողւի։ «Սկսեցինք խաղալ։ Եթէ Իգոր Շկւիրինն ինձ հետ դեռ «Արարատ»-ում խաղար, երաշխաւորում եմ` արդիւնաւէտութեան բոլոր ռեկորդները կը սահմանէինք։ «Պախտակոր»-ում մեր միասնական խաղն անչափ արդիւնաւէտ էր։ Դեռ գնդակն ինձ մօտ էր, իսկ ես արդէն գիտէի, թէ նա ուր է վազում… Իսկ նա շատ լաւ էր վազում, եւ նրա հարւածներն էլ հիանալի էին»,- հարցազրոյցներից մէկում յիշում է Յովհաննիսեանը։

Կարելի է ասել, որ Յովհաննիսեան-Շկւիրին յարձակողական թիմային խաղի շնորհիւ էր նաեւ, որ 1990 թւականի մրցաշրջանում «Պախտակոր»-ը առաջին լիգայում երկրորդ տեղը զբաղեցրեց ու յայտնւեց խորհրդային ֆուտբոլի բարձրագոյն էշելոնում։ «Պախտակոր»-ում անցկացրած երկու տարիների ընթացքում Յովհաննիսեանն իր երկրորդ երիտասարդութիւնն ապրեց։ Իհարկէ, նա առաջւայ պէս արագ չէր շարժւում, փոխարէնը «վազում էր» նրա գնդակը։ Եւ խորհրդային ֆուտբոլի պատմութեան մէջ երբեւէ գրանցւած ամենալաւ կիսապաշտպաններից մէկի հիանալի փոխանցումների շնորհիւ «Պախտակոր»-ի ֆուտբոլիստները քանիցս իրենց ինքնագրերն են թողել հակառակորդի դարպասների վրայ։ «Պախտակոր»-ում անցկացրած երկու տարիների ընթացքում Յովհաննիսեանը 46 խաղ է խաղացել Ուզբեկստանի առաջնութիւններում, որոնց ընթացքում 9 գոլ է խփել։

Յովհաննիսեանն իր ֆուտբոլային կարիերան աւարտեց 1991 թւականի մայիսի 13-ին, երբ Տաշքենդում Կիեւի «Դինամօ»-ի հետ խաղի 84-րդ րոպէին վնասւածք ստացաւ։

«Լուժնին յետեւից այնպէս գլորւեց ոտքերիս տակ, որ ես միանգամից հասկացայ` աքիլլեսեան գարշապարս ամբողջութեամբ վնասւել է։ Վերջ կարիերայիս,- յիշում է Խորէն Յովհաննիսեանը։- Կիեւցի բժիշկն առաջարկեց իրենց հետ յատուկ չւերթով Կիեւ մեկնել, որտեղ ինձ պէտք է վիրահատէին։ Ես զանգահարեցի Միշալովին` հաւաքականի բժիշկին, եւ նա խորհուրդ տւեց` եթէ Յունաստանում վիրահատւելու հնարաւորութիւն կայ, ապա աւելի լաւ է մեկնել այնտեղ։ Այդպէս թռայ Յունաստան, որտեղ ինձ դիմաւորեց Բլոխինը (այն ժամանակ «Օլիմպիակոս»-ի մարզիչը)։ Նա հետաքրքրւեց` ինչու՞ ես կաղում։ Յետոյ տարաւ «Օլիմպիակոս»-ի բժշկի մօտ։ Ինձ այնպէս վիրահատեցին, որ նախկինից աւելի լաւ էի զգում»։

Վիրահատութիւնից յետոյ Խորէն Յովհաննիսեանը ստիպւած էր հրաժեշտ տալ մարզական կարիերային։ 2005 թւականին նա ճանաչւեց 20-րդ դարի լաւագոյն հայ ֆուտբոլիստ։

Այս ամբողջ պատմութեան մէջ վատն այն է, որ, ինչպէս արդէն վերը նշեցինք, Յովհաննիսեանի կեանքում պատահած դաւադիր պատմութիւնը մէկ անգամ եւս կրկնւեց` արդէն այլ գործող անձանց մասնակցութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։