Հա

Մարզական

Երեքշաբթի, 30 Յունւարի 2018 12:00

Մխիթարեանը երջանիկ է՝ սպասէք հրաւառութեան. յետհայեացք «հայ մաեստրօ»-ի կարիերային

«Միշտ քայլել առաջ եւ երբեք կանգ չառնել` հասնելով նորանոր բարձունքների»: Այս կարգախօսով Հենրիխ Մխիթարեանը Երեւանի «Փիւնիկ»-ից հասաւ լեգենդար «Մանչեսթեր Իւնայթեդ»:

«Միշտ քայլել առաջ եւ երբեք կանգ չառնել` հասնելով նորանոր բարձունքների»: Այս կարգախօսով Հենրիխ Մխիթարեանը Երեւանի «Փիւնիկ»-ից հասաւ լեգենդար «Մանչեսթեր Իւնայթեդ», գեղեցիկ հարւածով վերջակէտ դրեց Եւրոպայի լիգայի եզրափակիչ խաղում՝ դառնալով եւրոգաւաթային մրցաշարում յաղթած առաջին հայաստանցի ֆուտբոլիստը:

 

Սակայն եկէք 10 տարով յետ վերադառնանք: Երեւանում տաք յուլիսեան երեկոյ է, «Փիւնիկ»-ը Չեմպիոնների լիգայի որակաւորման երկրորդ փուլի առաջին խաղում պատւով դիմակայում է Դոնեցկի «Շախտեոր»-ին: Երկրորդ խաղակէսում «Փիւնիկ»-ի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցը կրկնակի փոփոխութիւն է կատարում: Այն խաղացողներից մէկը, որի նպատակասլաց հայեացքում որոշ շփոթւածութիւն էր նկատւում, 18-ամեայ Հենրիխ Մխիթարեանն էր:

Արդէն րոպէներ անց պատանի կիսապաշտպանն ապացուցեց, թէ ինչու է մարզիչը վստահել իրեն պատասխանատու խաղում: Կարիերայում առաջին քայլերը կատարող Հենրիխի խաղում արդէն այն ժամանակ նկատւում էին այն գործողութիւնները, շարժումներն ու որոշումները, որոնք տարիներ անց ֆիրմային դարձան աշխարհահռչակ հայ խաղարկողի համար:

Երբ 3 տարի անց Մխիթարեանը «Շախտեոր» տեղափոխւեց Դոնեցկի «Մետալուրգ»-ից, որի առաջատարն ու աւագն էր դարձել ընդամենը մի քանի ամսում, «Շախտեոր»-ը գլխաւորող Միրչա Լուչեսկուն նշեց, որ նկատել էր Հենրիխի տաղանդը դեռեւս երեւանեան խաղում, ինչից յետոյ սկսել էր հետեւել տաղանդաւոր ֆուտբոլիստի ելոյթներին:

Հէնց բազմափորձ ռումինացի մասնագէտի գլխաւորութեամբ, որն ասես «երկրորդ հայր» դարձաւ երիտասարդ Հենրիխի համար, Մխիթարեանը շարունակեց հսկայական քայլերով առաջադիմել. երկրպագուների ճանաչում, հայաստանցի ֆուտբոլիստի առաջին գոլերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ռեկորդ մէկ մրցաշրջանի ընթացքում Ուկրայինայի առաջնութիւնում խփած գոլերի քանակով:

Հերթական քայլ առաջ կարիերայում եւ Մխիթարեանին սպասում էր Գերմանիայի լաւագոյն թիմերից մէկը` յուզական եւ ոչ միշտ ադեկւատութեամբ աչքի ընկնող Իւրգէն Կլոպի գլխաւորած Դորտմունդի «Բորուսիա»-ն: Գերմանացի մասնագէտն իր համար «յայտնաբերել» էր Հենրիխին Չեմպիոներրի լիգայում` Դոնեցկի «Շախտեոր»-ի դէմ հանդիպումների արդիւնքում: Կարծես թէ, այդ առումով պատմութիւնը կրկնւեց:

Նոր մակարդակում առաջին մրցաշրջանում Մխիթարեանը ամենեւին «չկորաւ»: 9 գոլ եւ 10 գոլային փոխանցում Բունդեսլիգայում առաջին մրցաշրջանում. այսպիսի ցուցանիշով քչերը կարող են պարծենալ:

Ստացւե՞ց հայ կիսապաշտպանի եւ գերմանացի մասնագէտի համագործակցութիւնը: Այո՛, Կլոպն, իրոք, համակրում էր Հենրիխին, ինչի մասին բազմիցս էր նշել: Սակայն, յանուն ճշմարտութեան պէտք է ընդգծել, որ Մխիթարեանն ու Կլոպը լիովին չէին համապատասխանում իրար ինչպէս զգացմունքայնութեան, այնպէս էլ` խաղային փիլիսոփայութեան առումով: Մշտական պրեսինգ, շարժում եւ առաւելագոյն աշխատանք խաղադաշտում. այսպիսին էր Կլոպի որդեգրած խաղային փիլիսոփայութիւնը «Բորուսիա»-ում:

Իսկ ահա Հենրիխը միշտ էլ նախընտրել է կոմբինացիոն եւ ստեղծագործ ֆուտբոլը: Այդ իսկ պատճառով լիովին բացայայտել իր ներուժը Կլոպի գլխաւորութեամբ «հայ մաեստրօ»-ին չյաջողւեց:

Մոռանանք երկրորդ մրցաշրջանի մասին, որի ընթացքում Մխիթարեանը, ինչպէս եւ մրցաշրջանը տապալած «Բորուսիա»-ի միւս ֆուտբոլիսները, ոչնչով աչքի չընկաւ, եւ յիշենք, թէ ինչ եղաւ դրանից յետոյ:

Կլոպին փոխարինեց Թոմաս Տուխելը` երիտասարդ եւ պատւախնդիր մասնագէտ, որը յայտնի էր «Մայնց»-ում կատարած իր աշխատանքով: Հէնց Տուխելը համոզէց Հենրիխին մնալ «Բորուսիա»-ում` խոստանալով լիովին օգտագործել իր հսկայական ներուժը:

Հիանալի հոգեբան հանդիսացող Տուխելը կարողացաւ ճիշտ մօտեցում գտնել հայ ֆուտբոլիստին եւ մի քանի արդիւնաւէտ զրոյցներից յետոյ խորհուրդ տւեց նրան կարդալ Տիմոտի Գոլւիի «Թենիս` ներքին խաղ» գիրքը: Այդ գրքի հիմնական իմաստն այն է, որ մարդը չպէտք է կենտրոնանայ սեփական սխալների վրայ եւ մեղադրի ինքն իրեն: Անցեալն արդէն անցեալում է, առջեւում նոր նպատակներ ու մարտահրաւէրներ են:

Տուխելը կարողացաւ հայ փլէյմէյքերի շուրջ ստեղծել դրական մթնոլորտ. գերմանացին հաւատաց Մխիթարեանին եւ ստիպեց Հենրիխին վերադարձնել հաւատը սեփական ուժերի նկատմամբ: Մարզիչի վստահութիւնից եւ նրա դաւանած թիմային ֆուտբոլից ոգեշնչւած Հենրիխը փայլուն մրցաշրջան անցկացրեց Բունդեսլիգայում (11 գոլ եւ 20 արդիւնաւէտ փոխանցում), ինչի արդիւնքում ճանաչւեց ֆուտբոլիստների վարկածով` Գերմանիայի առաջնութեան լաւագոյն խաղացող:

Տպաւորիչ մրցաշրջանից յետոյ «Բորուսիա»-ում, բնականաբար, շատ էին ցանկանում պահպանել Մխիթարեանին, սակայն միշտ առաջ նայող Հենրիխը լի էր կարիերայում յաջորդ քայլն անելու վճռականութեամբ եւ իր գործակալ Մինօ Ռայոլայի օգնութեամբ «ստիպեց» դորտմունդցիներին վաճառել իրեն:

Արդիւնքում, Մխիթարեանը 2016 թ. ամռանը յայտնւեց այն ժամանակ իր ոչ լաւագոյն օրերն ապրող թոփ-ակումբում` անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում:

Սակայն, լեգենդար ակումբ եւ աշխարհի լաւագոյն լիգա տեղափոխութեան հետ կապւած դրական սպասելիքներն աստիճանաբար փոխարինւեցին «դաժան իրականութեամբ». Հենրիխին սպասում էին Պրեմիեր լիգայի ուժային ֆուտբոլին հարմարւելու անխուսափելի պահանջն ու մանչեսթերցիների պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիոյի ոչ միանշանակ սկզբունքները:

«Մանչեսթեր Սիթի»-ի դէմ անյաջող խաղից յետոյ Մոուրինիոն զրկեց Մխիթարեանին խաղային պրակտիկայից` երկար ժամանակ նրան դուրս թողնելով ոչ միայն մեկնարկային կազմից, այլեւ յայտացուցակից: Պորտուգալացին առանց մեծ ցանկութեան էր մեկնաբանում իր որոշումը` ընդգծելով, որ «Մխիթարեանը պէտք է շատ աշխատի, որպէսզի տեղ վաստակի կազմում»:

Բայց Հենրիխը Հենրիխ չէր լինի, եթէ յաղթող դուրս չգար նաեւ այս իրավիճակից: Ստանալով իր հնարաւորութիւնը, Մխիթարեանը լիովին օգտագործեց այն` ամուր տեղ վաստակելով «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի մեկնարկային կազմում եւ աչքի ընկնելով արդիւնաւէտ գործողութիւններով:

«Կարիճ» հարւածով գոլը, որը մեծ արձագանգ ստացաւ ամբողջ ֆուտբոլային աշխարհում, հիանալի մրցելոյթներ Եւրոպայի լիգայում եւ վճռորոշ գոլ մրցաշարի եզրափակիչում. Մխիթարեանն, անկասկած, գրեց իր անունը լեգենդար մանչեսթերեան ակումբի պատմութեան մէջ:

Երկրորդ մրցաշրջանի հիանալի մեկնարկը բերեց այն մտքին, որ Մոուրինիոյի հետ յարաբերութիւններում առկայ լարւածութիւնն անցեալում է, սակայն շուտով պատմութիւնը կրկնւեց: Թիմում առաջատար դիրքերի դուրս եկած հայ ֆուտբոլիստի խաղում անկում նկատւեց, ինչի հետեւանքով նա կրկին անհետացաւ մանչեսթերեան թիմի յայտացուցակից: Դեժաւիւ, որը նման էր մղձաւանջային երազի:

Մօտ մէկ ամիս անց Մոուրինիոն, այնուամենայնիւ, վերադարձրեց Մխիթարեանին կազմ, սակայն այս անգամ վերադարձն աւելի շատ նման էր «կարապի երգ»-ի, քան «Come back»-ի: Տպաւորութիւն էր ստեղծւում, որ հայ կիսապաշտպանը յոգնել է պրագմատիկ պորտուգալացու եւ նրա գլխաւորած թիմի խաղաոճից: Բրիտանական մամուլի համաձայն, Հենրիխի եւ պորտուգալացի մասնագէտի յարաբերութիւնները վաղուց էին լարւած:

Մխիթարեանն, ամենայն հաւանականութեամբ, կրկին կարող էր պայքարել եւ վերադառնալ «խաղի մէջ», սակայն, ըստ երեւոյթին, այս անգամ նրա մօտ պարզապէս բացակայում էին անհրաժեշտ յոյզերը եւ անսահմանափակ ցանկութիւնը: Հէնց այն յոյզերը, որոնք նոր նպատակներին հասնելու ճանապարհին Հենրիխի համար այնքան անհրաժեշտ խթան են:

Կան մարդիկ, որոնց համար լաւ մոտիւացիա են քննադատութիւնն ու սխալների վերլուծութիւնը եւ դրանց վերացման ուղղութեամբ աշխատանքը: Միւսներն էլ, հակառակը, թեւեր են առնում գովեստի խօսքերից եւ լաւ աշխատանքային մթնոլորտից: Պարզ ասած` նրանք աւելի օգտակար են, երբ երջանիկ են եւ Մխիթարեանը նրանցից է:

Շուտով բրիտանական մամուլը պարզապէս «հեղեղւեց» հաւանական տրանսֆերային գործարքի մասին լուրերով, որի շրջանակում սպասւում էր աստղային ֆուտբոլիստների փոխանակում «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ «Արսենալ»-ի միջեւ: Լոնդոնեան ակումբը ցանկանում էր վաճառել չիլիացի յարձակւող Ալեքսիս Սանչէսին, քանի որ հակառակ դէպքում նա անվճար կը լքէր ակումբը մրցաշրջանի աւարտից յետոյ, Մոուրինիոն էլ շատ էր հետաքրքրւած «Բարսելոնա»-ի նախկին խաղացողի տեղափոխութեամբ:

Ի վերջոյ, կողմերը երկար բանակցութիւններից յետոյ համաձայնութեան եկան: Մխիթարեանը տեղափոխւեց «Արսենալ», իսկ Սանչէսը ուղեւորւեց հակառակ ուղղութեամբ:

«Սա քո կեանքի ամենատարօրինա՞կ ծննդեան օրն է»,- հարցրեց Մխիթարեանին հայ ֆուտբոլիստի 29-ամեակի օրն իր ներկայացման տեսահոլովակը նկարահանող «Արսենալ»-ի ներկայացուցիչը: «Սա իմ կեանքի ամենաերջանիկ ծննդեան օրն է»,- հետեւեց ժպտացող Հենրիխի յստակ պատասխանը:

Առաջին անգամ կարիերայում, Մխիթարեանը, որպէս այդպիսին, քայլ առաջ չկատարեց, սակայն դրա փոխարէն կատարեց «քայլ ձիով», ինչի շնորհիւ հնարաւորութիւն ստացաւ շարունակել իր ճանապարհը դէպի «ֆուտբոլային Էւերեստը»: Չէ որ երբեմն երկու քայլ առաջ կատարելու համար պէտք է մէկ քայլ յետ կատարել:

Հենրիխի տեղափոխութեան առիթով «Արսենալ»-ի մամուլի ծառայութեան անկեղծ ոգեշնչւածութիւնը, Մխիթարեանի տաղանդի երկրպագու գլխաւոր մարզիչ Արսէն Վենգէրի կողմից գովեստի խօսքերը, երկրպագուների դրական տրամադրւածութիւնն ու նոր խաղընկերների կողմից հիանալի հիւրընկալութիւնը. ամէն ինչ գնում է նրան, որ Մխիթարեանը կը յայտնւի հէնց այն բարենպաստ մթնոլորտում, որի առկայութեան պարագայում նա երբեմն հրաշքներ է գործում: Դէ իսկ այն փաստը, որ «Արսենալ»-ի դաւանած թիմային ֆուտբոլը, որի մի մասնիկը լինելու ցանկութեան մասին Մխիթարեանը յայտարարել էր դեռեւս 2009-ին, պարզապէս ստեղծւած է Հայաստանի հաւաքականի աւագի համար, կասկած չի հարուցում:

Դէ ինչ, Մխիթարեանը երջանիկ է` սպասէք հրաւառութեան: Իսկ այդ դէպքում կը երջանկանան նաեւ հայ երկրպագուները, որոնք արդէն մօտ 10 տարի է հետեւում են հայկական ֆուտբոլի առաջատարի կարիերայի ամէն քայլին:

ՍԱՄՈՒԷԼ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ

«news.am»

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։