Հա

Մարզական

Երեքշաբթի, 30 Յունւարի 2018 15:00

Սուր զգացողութիւն, դինամիկա, ադրենալին, կիրք. Պատմում է Արամ Մարտիրոսեանը

Արամն արդէն 19 տարեկանից մասնագիտօրէն աւտոարշաւորդ է: Մինչեւ այժմ էլ այս սպորտը նրան էմոցիայի նոյն լիցքն է հաղորդում, ինչպէս առաջին աւտոարշաւը դիտելիս. աւտոմեքենաներն օգնում են Արամին կեանքում լինելու հետաքրքրութեան շրջանակում: Իսկ այդ շրջանակն ընկնելը, թոյլ է տալիս մարդուն ապրել իր տարերքով: Մեր զրուցակիցն է 39-ամեայ Արամ Մարտիրոսեանը, աւտոմրցարշաւների բազմակի մրցանակակիր, մրցարշաւների գերիշխող ուժ, ում հետ պէտք է հաշւի նստել:

«alikonline.ir» - Արամն արդէն 19 տարեկանից մասնագիտօրէն աւտոարշաւորդ է: Մինչեւ այժմ էլ այս սպորտը նրան էմոցիայի նոյն լիցքն է հաղորդում, ինչպէս առաջին աւտոարշաւը դիտելիս. աւտոմեքենաներն օգնում են Արամին կեանքում լինելու հետաքրքրութեան շրջանակում: Իսկ այդ շրջանակն ընկնելը, թոյլ է տալիս մարդուն ապրել իր տարերքով: Մեր զրուցակիցն է 39-ամեայ Արամ Մարտիրոսեանը, աւտոմրցարշաւների բազմակի մրցանակակիր, մրցարշաւների գերիշխող ուժ, ում հետ պէտք է հաշւի նստել:

 

- Արամ, պատմիր քո մասին:

- Մասնագիտութեամբ ճարտարապետ եմ, որն սպորտի հետ բացարձակ կապ չունի: Այժմ աշխատանքս համադրում եմ սպորտի հետ: Ամբողջ ժամանակս հիմնականում անցկացնում եմ մարզումների մէջ, մրցումների եմ մասնակցում, եւ կարծում եմ, որ դեռ մեծ անելիքներ ունեմ այս մարզաձեւում:

 

- Ինչպէ՞ս որոշեցիր զբաղւել աւտոմսպորտով:

- Ես մանկուց սիրել եմ աւտոմեքենաները: Երբ պատանի էի յաճախ գնում էի մրցարշաւներ դիտելու, սկզբում հայրս չգիտէր դրա մասին: Նա անձամբ երբեք մրցարշաւների չի մասնակցել, բայց, որ իմացաւ ինձ հետ եկաւ մրցումներ դիտելու։ Ընտանիքս միշտ իմ կողքին է եղել եւ յաջողութիւններս պայմանաւորւած են, նաեւ ընտանիքիս աջակցութեամբ: Այսօր, ժամանակակից աւտոմեքենաների մոդելներից իւրաքանչիւրի նախագծումը հասցւել է կատարելութեան, մոդելաւորումը հասցւել է հնարաւորութիւնների սահմանների գագաթին եւ ամենակարեւորը՝ նրանց տրւում է անսահման կիրք: Աւտոմեքենաներն ու արագութիւնը, ինձ տալիս են սուր զգացողութիւններ, կիրք, դինամիկա, ադրենալին հէնց՝ այս ամէնն ինձ մղեց դէպի այս մարզաձեւը:

 

- Աւտոմրցարշաւների վտանգաւոր լինելը քեզ երբեք չի՞ վախեցրել:

- Գիտէք, երբ հետեւում ես քեզ հետաքրքրող գործընթացին կամ ինքդ ես զբաղւում դրանով, շուրջդ ամէն ինչ անհետանում է, այդ դառնում է քո սեփական տարերքը, իսկ կեանքն էլ է վտանգաւոր, դու կարող ես փողոցում քայլել, եւ գլխիդ քար ընկնի, կամ հնարաւոր է՝ աւտոմեքենան վրաերթի ենթարկի քեզ: Երբեք վտանգների մասին չեմ մտածել: Կարծում եմ, որ այս ոլորտում աշխատող մասնագէտները, միշտ էլ անում են ամէն ինչ, որպէսզի սպառնացող վտանգները նւազագոյնի հասցւեն: Ես էլ, երբեք չեմ մտածում վտանգի մասին, երբ մտածեմ դրա մասին, այլեւս չեմ մասնակցի մրցարշաւների, քանի որ իմ մասնակցութիւնը լրիւ այլ կը լինի:

- Դու մասնակցել ես աւտոսպորտի ամենաբարդ կատեգորիային՝ 24-ժամեայ աւտոարշաւին, հէնց ամենալուրջ թիմերից մէկում՝ «Peugeout»-ում: Ինչո՞վ է պայմանաւորւած դա:

- Այո, ճիշտ էք, 24-ժամեայ աւտոարշաւն իրօք ամէնից դժւարն է, քանի որ դա ընթանում է մէկ ամբողջ օրւայ կտրւածքով: Ինձ հէնց դա է դուր գալիս, քանի որ յաղթանակն, այնտեղ պայմանաւորւած է երեք-չորս քայլ առաջ իրավիճակի գնահատմամբ: «Peugeout»-ից, նախորդ տարի Դուբայի մրցարշաւում համագործակցութեան առաջարկ ստացայ, որն էլ պայմանաւորւած էր տարբեր գործօններով, որոնք հիմնականում դրսեւորել եմ 2012 թւականից սկսեալ միջազգային մրցոյթներում:

 

- «Peugeout»-ի խմբում հայեր կա՞ն:

- «Peugeout»-ի խմբում չկան ո՛չ հայեր ո՛չ էլ իրանցիներ: Գիտէք, ես կապի մէջ եմ աշխարհի տարբեր ծայրամասերի հայ աւտոարշաւորդների հետ, նրանք պրոֆեսիոնալներ են, որոշել ենք, որ մէկ անգամ միասին, հանդէս գալ մէկ խմբով, հէնց միջազգային մրցոյթներում:

- Դու որպէս իրանցի մասնակից միշտ կրում ես նաեւ Հայաստանի դրօշը, միջազգային հեղինակաւոր հարթակներում:

- Կարծում եմ որ, սպորտն այն կարեւոր հնարաւորութիւններից է, որով երիտասարդները կարող են ներկայացնել ե՛ւ Իրանը ե՛ւ Իրանում ապրող հայ համայնքը, հէնց այդ պատճառով էլ միշտ ինձ մօտ կայ կրկնակի պատասխանատւութեան զգացում, որը եւս առաջ է մղում ինձ՝ յաղթելու:

 

- Արամ, որպէս եզրափակիչ խօսք ի՞նչ կասես հայ սպորտասէր երիտասարդներին:

- Գիտէք, աւտոսպորտը մեծ տարածում ունի յատկապէս երիտասարդութեան շրջանակում: Հարկաւոր է գտնել այն, ինչի համար դուք ստեղծւած էք, եւ ապրէք սեփական տարերքով: Խորհուրդս արագութիւն սիրող երիտասարդներին այն է, որ փողոցում չփորձեն դառնալ պրոֆեսիոնալներ, այնտեղ խուսափել արագութիւնից, այլ, սիրողական մակարդակից, մէկ քայլ անել դէպի պրոֆեսիոնալ աւտոսպորտ: Մրցել, սովորել ու կրկնել. մէկ խօսքով գտէ՛ք սեփական տարերքը, մտէ՛ք յատուկ մրցարշաւներ, դարձէ՛ք պրոֆեսիոնալներ ու լաւ ներկայացրէք ձեր համայնքն ու երկիրը:

Արամի օրինակը, աւտոմեքենաների հանդէպ նրա կիրքը, մագնիսական ներգրաււածութիւնը, այս մարզաձեւին տարւելու իր զգացողութիւնը, բոլորիս համար օրինակելի է: Նման մարդիկ ճանապարհ են գծում նաեւ մեզ համար՝ մղելով ամէն մէկիս ինքներս մեզ չափազանց կարեւոր հարց տալու անհրաժեշտութեանը. ինչո՞վ ես աւելի շատ կը ցանկանայի զբաղւել:

Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։