Հա

Մարզական

27/02/2018

Սերգէյ Կարեակին. « «Շախմատային թագի յետեւից». հաւակնորդների մրցաշարի ֆաւորիտը բազմափորձ Լեւոն Արոնեանն է»

Մի քանի օր անց շախմատասէրների ուշադրութիւնը կը բեւեռւի դէպի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ կը կայանայ շախմատի աշխարհի չեմպիոնի հաւակնորդների մրցաշարը: Այս անգամ մրցաշարը բաւականին լուրջ կազմ է հաւաքել:

«alikonline.ir»- Մի քանի օր անց շախմատասէրների ուշադրութիւնը կը բեւեռւի դէպի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ կը կայանայ շախմատի աշխարհի չեմպիոնի հաւակնորդների մրցաշարը: Այս անգամ մրցաշարը բաւականին լուրջ կազմ է հաւաքել: 8 մասնակիցների շարքում է նաեւ Ռուսաստանի երեք ներկայացուցիչներից մէկը` Սերգէյ Կարեակինը: Նա հաւակնորդների մրցաշարից առաջ պատասխանել է «Արմէնպրես»-ի հարցերին:

-Ի՞նչ սպասելիքներ ունէք հաւակնորդների մրցաշարից:

-Ինչպիսին կարող են լինել մի գրոսմայստերի սպասելիքները, ով արդէն մէկ անգամ յաղթել է Հաւակնորդների մրցաշարում: Իհարկէ, ես ուզում եմ յաջողութեան հասնել: Սակայն  հաւակնորդների մրցաշարում երկու անգամ անընդմէջ յաղթելը շատ դժւար կը լինի: Իմ 7 մրցակիցներից իւրաքանչիւրը կարող է տիրանալ աշխարհի չեմպիոնի մրցախաղի ուղեգրին:

-Ովքե՞ր են մրցաշարի հիմնական ֆաւորիտները:

-Կարծում եմ, հաւակնորդների մրցաշարի ֆաւորիտը բազմափորձ Լեւոն Արոնեանն է: Նա շատ է ցանկանում յաղթել: Սա Լեւոնի կեանքի երազանքն է: Նա բազմիցս խաղացել է հաւակնորդների մրցաշարում եւ միշտ էլ մրցաշարի հիմնական ֆաւորիտն է եղել: Յիշում եմ, որ նա վստահ գլխաւորում էր Լոնդոնում կայացած հաւակնորդների մրցաշարի մրցաշարային աղիւսակը: Սակայն  Լեւոնի մօտ երբեմն տեղի են տալիս նեարդերը: Գուցէ դա նրանից է, որ մեծ պատասխանատւութեամբ է մօտենում մրցմանը: Չեմ անտեսի նաեւ Մամեդեարովին, ով հրաշալի տարի անցկացրեց: Շատ բանի մասին է խօսում այն, որ Շախրիեարը հիմա ՖԻԴԷ-ի դասակարգման աղիւսակում երկրորդ համարն է:

-Ինչպիսի՞ նախապատրաստական փուլ էք անցնելու:

-Հաւաքներ, հաւաքներ եւ դարձեալ հաւաքներ: Իմ թիմում փոփոխութիւններ կան` այժմ համագործակցում եմ Ալեքսանդր Ռեազանցեւի հետ: Նա հրաշալի մասնագէտ է: Նա միացել է իմ թիմին: 

-Ինչպիսի՞ հակառակորդ է ձեզ համար Լեւոն Արոնեանը:

-Մեր պարտիաները միշտ էլ անցնում են հետաքրքիր պայքարում: Առաջ Լեւոնն ինձ յաճախ էր «հարւածում», սակայն հիմա ես նաեւ հակահարւածներ եմ տալիս: Մենք հրաշալի պարտիա ունեցանք Լոնդոնի հաւակնորդների մրցաշարում, որտեղ յաղթած դիրքում ես համաձայնեցի ոչ-ոքիի: Այնպէս որ, Լեւոնն ինձ պարտք է (ծիծաղում է):

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։