Հա

Մարզական

08/03/2018

Պառակտում «Արսենալ»-ում. Մխիթարեանը յայտնւել է մեղադրանքների թիրախում

«Արսենալ» որոշ խաղացողներ դժգոհ են ակումբի նորեկներից` Մխիթարեանից եւ Օբամէյանգից:

«alikonline.ir» - Մի շարք անյաջող խաղերից յետոյ «Արսենալ»-ը կարծես թէ պառակտւում է։ Ֆուտբոլիստները, փորձելով պարզել թիմի խնդիրների պատճառները, հանդիպումներ եւ յետկուլիսային ակտիւ քննարկումներ են անցկացնում` ողջ մեղքը բարդելով առաջին հերթին երկու նորեկների` Հենրիխ Մխիթարեանի եւ Պիէռ Էմերիկ Օբամէյանգի վրայ։ Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի գրում է «joe.co.uk»-ը` յղում անելով մարզական վերլուծաբան Մէթ Հիւզի` «The Times»-ում հրապարակած յօդւածին։

Յիշեցնենք, որ «Արսենալ»-ը վերջերս յաջորդաբար պարտւեց չորս խաղում` այս խաղաշրջանում վերջին 15 տարւայ ընթացքում վատագոյն արդիւնքը ցուցադրելով։ Թիմի մարզիչ Արսէն Վենգէրը, ինչպէս նշում է պարբերականը, ճնշման է ենթարկւում։

Ֆուտբոլիստները հիմնականում դժգոհ են յունւարին թիմում յայտնւած Հենրիխ Մխիթարեանի եւ Պիէռ Էմերիկ Օբամէյանգի, ինչպէս նաեւ առաջատար խաղացող` Մեսութ Օզիլի խաղից, առաւել եւս, որ նրա աշխատավարձը յունւարից յետոյ վերանայել են եւ զգալիօրէն բարձրացրել։

Մէթ Հիւզը գրում է, որ միւս խաղացողների դժգոհութիւնները յստակ են, յօդւածի հեղինակը դրանք ներկայացնում է կէտառկէտ։

Աշխատավարձերի հսկայական տարբերութիւնը դժգոհութեան պատճառ է դարձել եւ ակումբում խժդժութիւններ առաջացրել` բացասաբար ազդելով թիմի ոգու վրայ։

Վերջերս Մեսութ Օզիլը նոր պայմանագիր էր ստորագրել` շաբաթական 350 հազար ֆունտ ստեռլինգ ստանալու մասին։ Իսկ դա խախտում է աշխատավարձի համակարգի հաւասարակշռութիւնը։

«Արսենալ»-ի որոշ խաղացողներ կասկածի տակ են դրել Մխիթարեանի եւ Օբամէյանգի ներդրումը` նշելով, որ այն օրւանից, ինչ յայտնւել են նորեկները, թիմը 8 խաղից միայն 2-ում է յաղթել։

Օբամէյանգը շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում, իսկ Մխիթարեանը` 180 հազար ֆունտ։

Այս զոյգի հանդէպ «դժգոհութիւնն աճում է», եւ խաղացողներից շատերը կարծում են, որ նրանք դեռ իրենց ստացած աշխատավարձերը չեն արդարացրել։

Որոշ խաղացողների` մասնաւորապէս Ահարոն Ռեմզիի, Դենի Վելբեկի եւ Նաչօ Մոնրէալի պայմանագրերը աւարտւում են 2019 թւականին, սակայն նրանց արդէն տեղեկացրել են, որ աշխատավարձերը չեն վերանայւելու։

Ջէք Վիլշիրի պայմանագրի ժամկէտն աւարտւում է խաղաշրջանի վերջում, սակայն այն կը երկարացնեն միայն աշխատավարձի կրճատման պայմանով։

«Եթէ ամէն ինչ իսկապէս այնպէս է, ինչպէս գրում է «The Times»-ի վերլուծաբանը, կարելի է եզրակացնել, որ «Արսենալ»-ում կատարեալ քաոս է տիրում»,- եզրայանգում է պարբերականն` աւելացնելով, որ խնդիրը հեշտ լուծում կը ստանայ` Արսէն Վենգէրի փոխարինմամբ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։