Հա

Մարզական

10/03/2018 - 08:10

Սերժ Սարգսեան. «Յաւակնորդի կոչման համար պայքարում են լաւագոյններից լաւագոյնները»

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի բացման արարողութիւնում ելոյթ է ունեցել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսեանը:

«alikonline.ir» - Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի բացման արարողութիւնում ելոյթ է ունեցել Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսեանը:

«Այսօր մեծ իրադարձութիւն է համաշխարհային շախմատի համար, մեկնարկում է յաւակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնաւոր երկրպագուներ: Սա մի առանձնայատուկ հանգրւան է այստեղ գտնւող շախմատային հսկաների համար, ովքեր ժամեր անց ձեռնամուխ կը լինեն տիտանական մրցաշարի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսէնի հետ մրցամարտի իրաւունք վաստակելու համար:

Հպարտ եմ, նաեւ երախտապարտ եմ մրցաշարի կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարաւորութիւնը տրւած է ինձ, որպէս լաւագոյն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման եւ հանրայնացման գործում:

Չնայած Հայաստանն իր չափերով եւ բնակչութեամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտէրութիւն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հաւաքականը, որի կազմում է նաեւ ներկայիս յաւակնորդ Լեւոն Արոնեանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նւաճել է օլիմպիական եւ մէկ անգամ՝ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձութիւնը: Այն շատ նման է կեանքին, որտեղ վերջնական արդիւնքը մեծապէս կախւած է կատարւած քայլերից, իսկ խաղի աւարտից յետոյ բոլոր խաղաքարերը տեղադրւում են նոյն տուփի մէջ:

Թերեւս դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկութիւնը սիրում եւ խաղում է շախմատ, յայտնաբերում է դրա նորանոր թաքնւած կողմերը, փորձում բացայայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորութիւնը:

Շախմատը խաղ է, բայց նաեւ արւեստ եւ գիտութիւն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ճշգրիտ հաշւարկի, ստեղծագործելու, ազնիւ պայքարի մշակոյթը:Այն պարտադրում է խորապէս յարգել խաղընկերոջը:

Գիտակցելով շախմատի դրական ազդեցութիւնը երեխաների տրամաբանութեան, ճկունութեան, ստեղծագործական մտքի զարգացման վրայ, Հայաստանը դարձաւ աշխարհում առաջին երկիրը, որ շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում:

Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հասարակությունը դա մեծ ոգեւորութտամբ ընդունեց եւ արդէն զգացւում են դրական արդիւնքները: Իհարկէ, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաեւ այլ երկրներում:

Այս տարի Հայաստանում բացւեց աշխարհում առաջին շախմատային գիտահետազօտական ինստիտուտը: Յուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնախնդիրների շուրջ տարւող աշխատանքներն ու ուսումնասիրութիւնները ի յայտ կը բերեն շախմատի դեռեւս չբացայայտւած կողմերը:

Յարգելի բարեկամներ, Շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այսօր միաւորում է 189 երկիր, լինելով կարեւորագոյն շախմատային մարմին, կրում է մեծ պատասխանատւութիւն շախմատի զարգացման եւ տարածման գործում:

Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել ՖԻԴԷ-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ շարունակական եւ արդիւնաւէտ համագործակցութեան համար եւ մաղթել նորանոր յաջողութիւններ:

Շնորհակալութիւն եմ յայտնում նաեւ Բեռլինի քաղաքապետարանին եւ կազմակերպիչներին այս շախմատային տոնը պարգեւելու համար: Մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը մեծ ներդրում եւ խթան կը լինի շախմատի զարգացման գործում ամբողջ աշխարհում:

Յարգելի շախմատիստներ, այս մրցաշարն իր բնոյթով իւրօրինակ է: Յաւակնորդի կոչման համար պայքարում են լաւագոյններից լաւագոյնները: Այստեղ առաջին եւ երկրորդ տեղերի տարբերութիւը յսկայական է, քանի որ յաղթողը կը շարունակի պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարին մասնակցելն արդէն մեծագոյն պատիւ է ամէն շախմատիստի համար եւ խօսում է շախմատային մեծ վարպետութեան մասին: Շատերի համար երազանք եւ կեանքի նպատակ է այս ութ ընտրեալների շարքում յայտնւելը: Ձեզնից իւրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատեւ եւ համառ պայքարի արդիւնքում՝ յաղթահարելով դժւարին ընտրական փուլեր: Վստահ եմ, որ այս մրցաշարը լինելու է լարւած, բայց նաեւ հետաքրքիր, եւ մենք ականատես ենք լինելու բազմաթիւ գեղեցիկ եւ բովանդակալից պարտիաների:

Գտնւելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն էմանուէլ Լասկերի հայրենիքում, ցանկանում եմ խօսքս աւարտել նրա խորհրդով: Եթէ տեսնում էք լաւ քայլ, փնտրէք աւելի լաւը:

Բոլոր յաւակնորդներին մաղթում եմ յաջողութիւն, եւ թող յաղթի ուժեղագոյնը: Շնորհակալ եմ»,- ասել է Սերժ Սարգսեանը:

Հայաստանի նախագահը նաեւ առաջին խորհրդանշական քայլով մեկնարկ կը տայ առաջին տուրին, որը մարտի 10-ին է, Երեւանի ժամանակով 18:00-ին:

Առաջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակներով կը մրցի չինացի Դին Լիրէնի հետ, որին պարտութեան է մատնել 2017թ. աշխարհի գաւաթի խաղարկութեան եզրափակիչում:

Միւս պարտիաներում կը մրցեն ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը, ռուսաստանցի Սերգէյ Կարեակինն ու ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովը եւ ամերիկացիներ Ֆաբիանօ Կարուանան ու Վեսլի Սոն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։