Հա

Մարզական

28/03/2018 - 13:00

Շախմատի վետերանների աշխարհի քառակի չեմպիոն Վայսէր. «Լեւոն Արոնեանը մեծ ներուժ ունի»

Շախմատի վետերանների աշխարհի քառակի չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Անատոլի Վայսէրի կարծիքով, Լեւոն Արոնեանը մեծ ներուժ ունեցող շախմատիստ է:

«alikonline.ir» - Շախմատի վետերանների աշխարհի քառակի չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Անատոլի Վայսէրի կարծիքով, Լեւոն Արոնեանը մեծ ներուժ ունեցող շախմատիստ է:

Այս մասին Բեռլինի յաւակնորդների մրցաշարի շրջանակում «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց Վայսէրը: «Դժւար է ասել, թէ ինչի հետ են կապւած Լեւոնի անյաջող ելոյթները յաւակնորդների մրցաշարում: Գուցէ հոգեբանական է: Դժւարանում եմ ասել: Արդէն քանի անգամ է, որ յաւակնորդների մրցաշարում Լեւոնը յաջող հանդէս չի գալիս: Հրաշալի պարտիաներ է խաղում այլ մրցաշարերում, ստեղծում հոյակապ կոմբինացիներ, բայց ոչ այստեղ: Կարծում եմ, ինքն արդէն տւել է այդ հարցի պատասխանը, թէ ինչու: Եթէ անկեղծ, ապա պէտք է աչքերի մէջ նայել եւ հասկանալ, թէ ինչ է կատարւում»,- նշեց անւանի շախմատիստը:

Նա խօսեց նաեւ մրցաշարի մասնակիցների մասին՝ մասնաւորապէս փաստելով. «Յաւակնորդների այս մրցաշարը ամենահետաքրքիրներից մէկն էր ամբողջ պատմութեան ընթացքում: Եւ այն կապւած էր Կրամնիկի մասնակցութեան հետ: Իսկ պայքարն այնքան հետաքրքիր էր, կարելի էր պոէմ էլ գրել դրա մասին: Յաւակնորդների այս մրցաշարը արդարացրեց սպասելիքները»:

Անդրադառնալով յաղթողի կոչումը նւաճած Ֆաբիանօ Կարուանային՝ Վայսէրը շեշտեց, որ ԱՄՆ-ը ներկայացնող շախմատիստն արժանիօրէն նւաճեց այդ տիտղոսը: «Մարզական տեսնակիւնից նա բոլորից լաւ խաղաց: Յատկապէս այդ ամէնը նկատելի դարձաւ վերջին տուրում»,- եզրափակեց աշխարհի քառակի չեմպիոնը:

Շախմատի յաւակնորդների մրցաշարի յաղթող դարձաւ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանօ Կարուանան: Բեռլինում յաւակնորդների մրցաշարի վերջին տուրը դրամատիկ զարգացում ունեցաւ: Առաջատար Ֆաբիանօ Կարուանան սեւ խաղաքարերով մրցում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիայի մեկնարկին հաւասար պայքար էր ծաւալւել, սակայն Կարուանային յաջողւեց առաւելութիւն ստանալ եւ պարտիան հասցնել յաղթական աւարտի: ԱՄՆ ներկայացուցիչը յաւակնորդների մրցաշարի ընթացքում տօնեց 5 յաղթանակ, մէկ պարտիա տանուլ տւեց, իսկ 8 խաղում կիսեց միաւորը: Նա 14 հնարաւորից հաւաքեց 9 միաւոր եւ յաղթանակ տարաւ մրցաշարում: Կարուանան իրաւունք ստացաւ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնի հետ, որը կը կայանայ նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Յաւակնորդների այս մրցաշարում Արոնեանը կրեց 6 պարտութիւն, մէկ պարտիա աւարտեց յաղթանակով եւ 7 պարտիայում կիսեց միաւորը: Նա զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։