Հա

Մարզական

Շաբաթ, 07 Ապրիլի 2018 11:00

Յաղթում է թիմը, պարտւում մարզիչը. ո՞վ կը փոխարինի Արթուր Պետրոսեանին

Ինչո՞ւ հեռացաւ Արթուր Պետրոսեանը։ Երեք հաւանական անուններից ո՞ւմ կը վստահւի այս բարդ ու կարեւոր գործը։ Այս հարցը հիմա հետաքրքրում է թէ ֆուտբոլիստներին, թէ հաւաքականի երկրպագուներին։

«alikonline.ir» - Ինչո՞ւ հեռացաւ Արթուր Պետրոսեանը։ Երեք հաւանական անուններից ո՞ւմ կը վստահւի այս բարդ ու կարեւոր գործը։ Այս հարցը հիմա հետաքրքրում է թէ ֆուտբոլիստներին, թէ հաւաքականի երկրպագուներին։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Ապրիլի 6-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը հրաժարական տւեց, ինչն էլ ընդունւեց ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբէն Հայրապետեանի կողմից:

Գաղտնիք չէ, որ մարզչական աշխատանքը շատ յաճախ անշնորհակալ է: Երբ թիմը յաղթում է, կարծես թէ, ամէն ինչ կարգին է, երբ պարտւում է, մարզիչը մեղաւոր է: Ինչպէս ասում իտալացիները` յաղթում է թիմը, պարտւում մարզիչը: Շատ քիչ մարզիչներ կարող են հպարտանալ նոյն թիմում իրենց «երկարակեցութեամբ»: Մեր հաւաքականի նախկին ռմբարկու Արթուր Պետրոսեանի նշանակումը հաւաքականի գլխաւոր մարզիչ դերում ընդունւեց մեծ ոգեւորութեամբ: Շւէյցարիայում մարզչական փորձ կուտակած Պետրոսեանը ծրագրերով լի էր:

Նշանակումից 1 տարի 5 ամիս անց ստիպւած ենք խօսել արդէն նրա հեռանալու մասին։ Արթուր Պետրոսեանի գլխաւորութեամբ մեր հաւաքականն անցկացրել է 12 խաղ, որոնցից հինգում յաղթանակ ենք տօնել, երկուսում ոչ-ոքի խաղացել եւ կրել հինգ պարտութիւն: Հաւաքականի գլխաւոր մարզչի պաշտօնում Պետրոսեանի դեբիւտը առաւել քան յաջող էր՝ երեք խաղ, երեք յաղթանակ: Բայց յետոյ արդիւնքի տեսանկիւնից ուրախանալու առիթ քիչ ունեցանք: Իսկ ընտրական խաղերում Դանիայից, Չեռնոգորիայից եւ Լեհաստանից խոշոր հաշւով կրած պարտութիւններից յետոյ պարզ էր, որ մեր թիմ լաւ վիճակում չէ:

Լեհաստանի հաւաքականի հետ խաղում կրած ցաւալի պարտութիւնից յետոյ Արթուր Պետրոսեանը նշեց, որ հաւաքականին նոր «արիւն» է հարկաւոր: Ու, աստիճանաբար, նոր խաղացողներ ունեցանք: 2017 թւականը ընկերական երկու խաղերում եզրափակելով երկու յաղթանակներով` նորից յոյս առաջացաւ, որ հաւաքականը կը կարողանայ Ազգերի լիգայի խաղարկութիւնում հասնել յաջողութեան: Առաջ գնալով նշենք, որ այդ յոյսը հիմա էլ կայ ու կար մինչեւ Պետրոսեանի հրաժարականը: Սակայն ստուգողական վերջին երկու խաղերում յաղթանակ չտօնելուց յետոյ, Արթուր Պետրոսեանը հրաժարական տւեց:

Տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ էին յայտնում մարզչի աշխատանքի ու հաւաքականի խաղի վերաբերեալ: Իմ խորին համոզմամբ` Արթուր Պետրոսեանը եւ նրա մարզչական շտաբը կարող էին հասնել արդիւնքի, քանի որ Պետրոսեանը շատ լաւ տիրապետում էր մարզչական գործին: Միգուցէ կար փորձի պակաս, չեմ առարկի: Ուղղակի չմոռանանք, որ ինչքան էլ հրաշալի մարզիչ ունենանք, նաեւ նոյնքան հրաշալի խաղացողներ են պէտք նպատակներին հասնելու համար: Հաւաքականում եւրոպական մակարդակի ինչքա՞ն ֆուտբոլիստներ ունենք: Այդ հարցի պատասխանը կարծում եմ բոլորն էլ գիտեն:

Ոչ մի դէպքում չեմ ուզում մեր ֆուտբոլիստների կատարած աշխատանքի վրայ ստւեր գցել: Կասեմ հակառակը` խաղադաշտ դուրս եկած բոլոր ֆուտբոլիստներն էլ հիմնականում արել են ինչ կարողացել են: Բայց ինչպէս տեսնում ենք` արդիւնք չկայ: Հետեւաբար, Արթուր Պետրոսեանը այս կազմով չկարողացաւ հասնել այն արդիւնքին, ինչը հնարաւորութիւն կը տար այս պահին լիարժէք խօսել ապագայ յաղթանակների մասին: Բայց այդ յաղթանակներին մենք, միեւնոյնն է, սպասում ենք: Պարզապէս հիմա գլխաւոր հարցն այլ է՝ ո՞վ կառաջնորդի մեր ընտրանին:

Հայաստանում գործող մարզիչներից քչերը կարող են գլխաւորել հաւաքականը: Վարդան Մինասեան, Արմէն Գիւլբուդաղեանց, Աբրահամ Խաշմանեան: Վերջինիս տարբերական ինչ-որ տեղ կարելի է բացառել, քանի որ Խաշմանեանը հեռացւել է «Ալաշկերտ»-ի գլխաւոր մարզչի պաշտօնից: Արմէն Գիւլբուդաղեանցը գլխաւորում է «Փիւնիկ»-ը, իսկ Վարդան Մինասեանը հետեւում է Հայաստանի մինչեւ 17 եւ 19 տարեկան ֆուտբոլիստների ընտրութեանն ու խաղին: Այս երեք մարզիչներից այս պահին, երեւի, ամենայարմար տարբերակը Վարդան Մինասեանն է, որը ազգային հաւաքականի պատմուեան լաւագոյն մարզիչն է: Բայց, թէ քանի դեռ նշանակում չկայ, մեզ մնում է սպասել:

Իհարկէ, կայ տարբերակ նաեւ արտասահմանցի մասնագէտ հրաւիրելու: Ազգերի լիգայի մրցաշարը մեկնարկում է սեպտեմբերին: Թւում է, թէ ժամանակ շատ կայ, բայց չմոռանանք, որ ֆուտբոլիստները հաւաքականի մարզչի տրամադրութեան տակ չեն կարող գտնւել ինչպէս իրենց ակումբներում: Հետեւաբար` ժամանակ ոչ թէ շատ կայ, այլ շատ քիչ կայ: Իսկ արտասահմանցի մասնագէտի հետ նաև բանակցութիւնների համար է ժամանակ պէտք: Ի՞նչ է մնում ֆուտբոլասերին եւ երկրպագուներին: Նորից սպասել ու յուսալ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։