Հա

Մարզական

09/04/2018

Ինչո՞ւ հեռացաւ ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի մարզիչը, եւ ի՞նչ կարելի է կառուցել աւերակների վրայ

Մարզչի հրաժարականի մասին որեւէ բան չէր յուշում` որեւէ ակնարկ չկար։ Լիտւայի եւ Էստոնիայի հետ ընկերական խաղերը դժւար թէ պաշտօնաթողութեան լուրջ պատճառ լինէին։ 

«alikonline.ir» - Մարզչի հրաժարականի մասին որեւէ բան չէր յուշում` որեւէ ակնարկ չկար։ Լիտւայի եւ Էստոնիայի հետ ընկերական խաղերը դժւար թէ պաշտօնաթողութեան լուրջ պատճառ լինէին։ Նման կարծիքի է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը։ 

Ֆուտբոլի հայկական հաւաքականը կրկին առանց մարզչի մնաց. Արթուր Պետրոսեանը հեռացաւ։ Դեռ յայտնի չէ` ո՞վ կը գայ նրան փոխարինելու, տարբեր անուններ են նշում, սակայն բոլոր վարկածները դեռ սուրճի մրուրով արւած գուշակութիւնների մակարդակում են։ 

Եթէ հաւաքականի նախկին մարզիչների գերակշռող մասի հեռանալը կանխատեսելի էր, իսկ երբեմն էլ ցանկալի ֆուտբոլային երկրպագուների լայն զանգւածների համար, ապա Պետրոսեանի հրաժարականը (ինչպէս նաեւ աւելի վաղ Վարդան Մինասեանի) որոշակի առումով անսպասելի էր։ Պետրոսեանը մէկ անգամ արդէն նման ցանկութիւն յայտնել էր` մեծ հաշւով պարտութիւնների շարքից յետոյ, սակայն այն ժամանակ մնաց։ 

Պաշտօնը լքելու նախանշաններ, կարելի է ասել, չկային` Պետրոսեանը նախապատրաստում էր թիմը ընկերական խաղին, ողջունում նորեկներին, մտորում նոր մրցաշարում` ընթացիկ տարւայ աշնանը կայանալիք Ազգերի լիգայում Հայաստանի հնարաւորութիւնների մասին։ Եւ յանկարծ այսպիսի տհաճ նորութիւն, քանի որ ֆուտբոլի սիրահարները նրա հանդէպ համակրանք էին տածում, նա անտարբեր չէր եւ պրոֆեսիոնալ էր։ Հաւանաբար խաղացողների շրջանում եւս։ 

Թւում է, թէ ինչ-որ բան է տեղի ունեցել մեր ֆուտբոլային «վերեւներում», մի բան, որը համընդհանուր քննարկման առիթ չեն դարձնում։ Սա ասում եմ որոշակի դիտարկումների վրայ հիմնւած զգացողութիւններից ելնելով։ Իսկ այդ դիտարկումները վերաբերում են Էստոնիայի եւ Լիտւայի հետ վերջին երկու ընկերական խաղերին։ 

Թւում էր, թէ դրանք մեր թիմի առաջին անշուք խաղերը չէին, ոչ այդքան ուժեղ հակառակորդի նկատմամբ առաջին պարտութիւնները չէին։ Այո, ընկերական խաղերի արդիւնքները եւս իրենց նշանակութեամբ առաջին տեղում չեն։ Առաւել կարեւոր են խաղերի որոշակի սխեմաների, կապերի մշակումը, նորեկների համար թիմի հետ խաղալու հնարաւորութիւնը, թիմային խաղի տարբերակներ գտնելը։ 

Չգիտեմ, գուցէ ես սխալւում եմ, սակայն անձամբ ինձ մօտ այդ խաղերից յետոյ անհասկանալի զգացողութիւն է մնացել` ինչի՞ համար էին այդ խաղերը հարկաւոր։ Ինչ-որ խաղ ցուցադրեցին դարպասապահները, ինչ-ոչ բան դաշտում` մի քանի նորեկ, սակայն վերջինները տեսնելով միւսների պասիւութիւնը, նոյնպէս արագ կանգ առան։

Երկու խաղի ընթացքում հաւաքականը պարզապէս ժամանակ էր անցկացնում դաշտում, պարզապէս սպասում էր եզրափակիչ սուլոցին։ Նման բան չեմ յիշում նախկինում։ Այն, ինչ տեղի էր ունենում մեր ֆուտբոլիստների հետ, չի կարելի վերագրել նրան, որ նրանք պահպանում էին իրենց վնասւածքներ ստանալուց։ Մարզումների ժամանակ բոլորն իրենց պահպանում են, սակայն միեւնոյն ժամանակ որեւէ գիտակցւած քայլ են անում դաշտում։ Թիմը երկու խաղերը ոչ լաւ, ոչ էլ վատ խաղաց։ 

Մի շարք անյաջող, թոյլ խաղեր են եղել` բազմաթիւ սխալներով, սակայն հաւաքականը խաղում էր` թէկուզ վատ, բայց խաղում էր։ Լիտւայի եւ Էստոնիայի հետ խաղերի ժամանակ դաշտ էր դուրս եկել անտարբերութեան թիմը։ 

Ինչո՞ւմ է խնդիրը, ի՞նչ է պատահել, ինչի՞ համար էր պէտք վատնել ժամանակ ու գումար այդ ֆուտբոլիստներին միասին հաւաքելու համար, յանուն ինչի՞` անհասկանալի է։ Ենթադրութիւններ անել էլ չեմ ցանկանում։ Սակայն եթէ ենթադրենք, որ այն զգացումը, թէ թիմը ոչինչ չի արել, պարզապէս զգացողութիւն չէ, ապա մարզչի հեռանալը այդքան էլ անսպասելի չի թւայ։ Իսկ ինչ է կատարւել եւ կատարւում իրականում` հազիւ թէ մեզ մի օր ասեն, եւ, գուցէ, այդպէս աւելի ճիշտ կը լինի։

 

Արթուր Պետրոսեանը գնաց։ Իսկ ի՞նչ մնաց 

Կարծես թէ խնդիրներից բացի ոչինչ։ Ձեւական առումով մնաց հաւաքականը, մնաց նրա ղեկավարութիւնը, սակայն, ըստ էութեան, խնդիրներից բացի ոչինչ չմնաց։ Ինչ հմտութիւն էր հարկաւոր երկու-երեք տարում փլուզել մի թիմ, որը զուտ մրցավարի կանկախալութեան պատճառով Եւրոպայի առաջնութեան փլէյ-օֆում չյայտնւեց։ Եւ այստեղ ես Արթուր Պետրոսեանի մեղքը չեմ տեսնում։ 

Աշնանը հաւաքականը պէտք է Ազգերի լիգայում խաղայ Մակեդոնիայի, Լիխտենշտէյնի եւ Ջիբրալթարի հետ։ Դեռ երկու տարի առաջ մենք կարող էինք վստահ լինել, որ այդ խմբում առաջին տեղը կը զբաղեցնենք, այսօր անգամ չենք կարող վստահ լինել, որ նրանք գոնէ վերջին տեղը կը գրաւեն։ Կարծես թէ այն ժամանակը, երբ հնարաւոր էր որեւէ բան փոխել արագ եւ յստակ որոշումներով, անդառնալիօրէն անցել է։

Այժմ ամէն ինչ ջնջել եւ նորից սկսել է պէտք, եւ եթէ դա անենք այսօր, կայուն դրական արդիւնքների աւելի շուտ, քան 10 տարի յետոյ, սպասել չարժէ։ 

Արթուր Պետրոսեանը հեռացաւ, եւ առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի ողջ պատմութեան ընթացքում անձամբ ինձ, միւսների փոխարէն չեմ խօսում, բացարձակ հետաքրքիր չէ յաջորդ մարզչի անունը։ Մարզիչին փոխելը նման իրավիճակում ոչինչ չի փոխի։ 

Իսկ Արթուր Պետրոսեանին անձամբ իմ կողմից, միւսների փոխարէն չեմ խօսի, կը ցանկանայի մեծ շնորհակալութիւն յայտնել` սրտացաւ աշխատանքի ու թէկուզ Չեռնոգորիայի հետ ֆանտաստիկ քամբեքի համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։