Հա

Մարզական

12/04/2018 - 07:50

Չեմպիոնների լիգա. «Իւվենտուս». Այնքան մօտ եւ այնքան հեռու հրաշքը

Եւրոպայի Չեմպիոնների լիգայում աւարտւեց 1/4-րդ եզրափակիչ փուլը եւ յայտնի դարձան կիսազրափակիչ փուլի 4 մասնակիցները:

«alikonline.ir» - Եւրոպայի Չեմպիոնների լիգայում աւարտւեց 1/4-րդ եզրափակիչ փուլը եւ յայտնի դարձան կիսազրափակիչ փուլի 4 մասնակիցները:

Մադրիդի «Սանտիագօ Բերնաբեու» մարզադաշտում «Ռէալ Մադրիդ»-ը հիւրընկալել էր «Իւվենտուս»-ին: Թւում էր, թէ Թուրինում 3:0 հաշւով տարած յաղթանակից յետոյ «Արքայական ակումբ»-ը որեւէ լուրջ խնդրի չի հանդիպելու «Ծեր սինիորա»-ի դէմ պատասխան խաղում: Սակայն, հակառակը ստացւեց: «Իւվենտուս»-ի ֆուտբոլիստները ցուցաբերեցին կամային ֆանտաստիկ յատկանիշներ եւ չափազանց մօտ էին ֆուտբոլային հարաշքի իրականացմանը, որն այնուամենայնիւ չստացւեց:

Սամի Խեդիրայի փոխանցումից յետոյ, հանդիպման հաշիւն արդէն 2-րդ րոպէին բացեց Մարիօ Մանջուկիչը, որը 37-րդ րոպէին Շտեֆան Լիխտշտայների փոխանցումից յետոյ դարձաւ 2-րդ գոլի հեղինակ՝ իր հաշւին գրանցելով դուբլ:

60-րդ րոպէին ֆրանսիացի կիսապաշտպան Բլէզ Մատիւիդի խփեց «Իւվենտուս»-ի երրորդ գոլը՝ հաւասարեցնելով ընդհանուր հաշիւը, ինչն էլ նշանակում էր, որ դիմակայութեան վերջնական ելքը վճռելու համար թիմերը ստիպւած կը լինեն պայքարել եւս 30 րոպէ: Սակայն 97-րդ րոպէին անգլիացի մրցավար Մայքըլ Օլիւէրը «Իւվենտուս»-ի դարպասին նշանակեց չափազանց վիճելի 11 մետրանոց հարւած, որի պատճառով էլ մրցավարի հետ վիճելու համար խաղադաշտից հեռացւեց իտալական թիմի աւագ, դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը: Գոնսալօ Իգուաինի փոխարէն փոխարինման դուրս եկած լեհ դարպասապահ Վոյցէխ Շչեսնին ոչինչ անել չկարողացաւ. Կրիշտիանու Ռոնալդուն անվրէպ իրականացրեց 11 մետրանոցը՝ խորտակելով «Իւվենտուս»-ի անուրջները: 1:3՝ եւ երկու խաղերի վերջնահաշւարկի արդիւնքում «Ռէալ Մադրիդ»-ը յաղթեց 4:3 հաշով՝ նւաճելով կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր:

Օրւայ միւս խաղում Միւնխէնի «Ալեանց Արենա» մարզադաշտում «Բայերն Միւնխէն»-ը հիւրընկալել էր իսպանական «Սեւիա»-ին: Փոխադարձ գրոհներով ընթացած հանդիպման ընթացքում դարպասի գրաւում այդպէս էլ չարձանագրւեց: 0:0՝ եւ մրցակցի դաշտում 2:1 հաշւով տարած յաղթանակի շնորհիւ «Բայերն Միւնխէն»-ը նւաճեց կիսաեզրափակիչ փուլում հանդէս գալու իրաւունք:

Այսպիսով կիսաեզրափակիչ փուլում կը մրցեն եւրոպական ֆուտբոլի 4 առաջատար լիգաների մէկական ներկայացուցիչ. «Ռէալ Մադրիդ» (Իսպանիա), «Լիւերպուլ» (Անգլիա), «Բայերն Միւնխէն» (Գերմանիա) եւ «Ռոմա» (Իտալիա):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։