Հա

Մարզական

17/04/2018

Վարդան Մինասեանի երկրորդ գալուստը. հին մարզչի հետ կապւած նոր յոյսերը

Հայաստանի հաւաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսեանի՝ պաշտօնից հրաժարւելուց յետոյ նոր մարզչի անունը բաւականին արագ յայտնի դարձաւ։ Թէեւ ճիշտ չէ Վարդան Մինասեանին «նոր» մարզիչ անւանել. նա արդէն եղել է գլխաւորը, աւելին` մեր ազգային հաւաքականի ամենալուրջ նւաճումները նրա անւան հետ են կապւած։ 

«alikonline.ir» - Հայաստանի հաւաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսեանի՝ պաշտօնից հրաժարւելուց յետոյ նոր մարզչի անունը բաւականին արագ յայտնի դարձաւ։ Թէեւ ճիշտ չէ Վարդան Մինասեանին «նոր» մարզիչ անւանել. նա արդէն եղել է գլխաւորը, աւելին` մեր ազգային հաւաքականի ամենալուրջ նւաճումները նրա անւան հետ են կապւած։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Նախօրէին, Վարդան Մինասեանը հիւրընկալւել էր «Արմենիա» հեռուստաընկերութեան «Ռ-Էւոլիւցիա» հաղորդաշարին։ Հարցազրոյցը ճիշտ ժամանակին էր, քանի որ հայ երկրպագուները հիմա անորոշութեան մէջ են. ցաւոք, այդ վիճակը նրանց համար սովորական է դարձել։

Վարդան Մինասեանն ակնյայտօրէն անկեղծ էր պատասխանում, թէեւ նոյնքան էլ ակնյայտ է, որ ամէն ինչ չասաց։ Եւ ճիշտ արեց. պէտք չէ ներքին խոհանոցի գործերը հանրային քննարկման հանել: Նման մօտեցումը ճիշտ է ցանկացած ոլորտում, յատկապէս ֆուտբոլի պէս զգայուն, կան հարցեր, որոնք համազգային հանրաքւէով չեն լուծւում։

Նախորդի մասին ջերմ խօսքեր ասելով` Միանասեանը խօսեց նոր հին պաշտօնում իր առաջ ծառացած խնդիրների մասին ։ Դրանք կանխատեսելի են՝ կրկին փորձել դուրս գալ 2020 թւականի Եւրոպայի առաջնութեան եզրափակիչ՝ Ազգերի Լիգայի կամ ընտրական փուլի միջոցով։ Քանի որ գլխաւոր խնդիրները սահմանւել էին, խօսակցութիւնը շարունակւեց աւելի արդիական թեմաներով, թէ ինչպէս են գործերը հաւաքականում։

Անձամբ ինձ ապշեցրեց մի դրւագ, երբ Մինասեանը հանգիստ ասաց, որ եթէ Իւրա Մովսիսեանը սկսի ցոյց տալ այն խաղը, որին ընդունակ է (իսկ դրան կարող է նպաստել ամերիկեան ակումբից նրա տեղափոխութիւնը շւեդական ակումբ), հաւաքական կը հրաւիրւի։ Այնպիսի տպաւորութիւն է, ասես մի քանի տարի այդ կարեւորագոյն ֆուտբոլիստը, որի նմանները մեզ մօտ քիչ կան, չի անտեսւել, ասես նրան չեն «պատժել» անհասկանալի պատճառով, եւ ինչո՞ւ միայն նրան…

Ի՞նչ եղաւ, որ այսուհետ Մովսիսեանի առաջ ճանապարհը բացւեց դէպի թիմ։ Հնարաւոր է, այդ խօսքերը հնչեցին հասարակութեանը հանգստացնելու համար. յայտարարել են, թէ յետ կը կանչեն «եթէ համապատասխանի», սակայն չեն կանչի` պատճառաբանելով, որ «չի համապատասխանում»։ Բայց հաւատանք Մինասեանին (իսկ նրան չհաւատալու հիմք չկայ), որ Իւրայի շնորհազրկման ժամանակը լրացել է, ի՞նչ պատճառով։ Ֆուտբոլի մեր ֆեդերացիայի նախագահը իր կարծիքը հեշտօրէն փոխող ու սեփական սխալներն ընդունող մարդու տպաւորութիւն չի թողնում։

Դեռ կը երեւայ։ Իսկ ժամանակին իր հեռանալու մասին հարցին (անսպասելիօրէն, քանի որ թիմը յաջողութիւնների էր հասնում) Մինասեանը խուսափողական պատասխան տւեց։ Արտայայտութիւնը, թէ իբրը նա այն ժամանակ զգաց, որ «սպառել էր իրեն հաւաքականի մարզչի դերում» ու ուզում էր «ֆուտբոլային ակումբում աշխատել», հնարաւոր է, նրա նախորդ հրաժարականի դրդապատճառներից էր, բայց ոչ առաջնահերթը։

Իսկ Մինասեանի միւս ասածների հետ դժւար է չհամաձայնել, նաեւ նրա, որ մանկապատանեկան ֆուտբոլը մեծերի ֆուտբոլի միակ սնուցող հիմքն է, ու որ աւելի ուժեղ ակումբներ են պէտք ու ներկայացուցչական առաջնութիւն, ինչպէս նաեւ այն, որ հաւաքականում պէտք է խաղան ֆուտբոլիստները, որոնք դա պատիւ են համարում։ Հաւաքականում խաղալը անկեղծ բնական հայրենասիրութեան դրսեւորում է, ոչ ցուցադրական հայրենասիրութեան։ Եւ խաղացողն իր մակարդակով պէտք է համապատասխանի ազգային հաւաքականի որակին։

Դարպասապահների հետ աշխատելու է մեր անգերազանցելի Ռոման Բերեզովսկին, Դաւիթ Իւրչենկոյի հետ բանակցութիւններ են տարւում (դրանք արդէն տարիներ շարունակ են ընթանում), Ռոբերտ Արզումանեանը արդէն երկու տարի է ֆուտբոլ չի խաղում ու այդ պատճառով չի ներառւի հաւաքականում։ Ինչ վերաբերում է Վարդան Բիչախչեանին, ապա բոլոր մարզիչները ուշադիր հետեւում են նրան, սակայն երիտասարդ ֆուտբոլիստին ժամանակ է պէտք, ինչպէս ասում են, հասունանալու համար։

Իսկ մինչեւ այդ հաւաքականը Մինասեանի գլխաւորութեամբ երկու ստուգիչ խաղ պէտք է անցկացնի` մայիսի վերջին ու յունիսի սկզբին։ Դրանք կարեւոր խաղեր են լինելու, քանի որ յաջորդները կարող են պաշտօնական լինել՝ Ռուսաստանում կաւարտւի աշխարհի առաջնութիւնն, իսկ եւրոպական դաշտերում կը մեկնարկեն Ազգերի Լիգիայի խաղերը։

Իսկ մենք պէտք է Եւրոպա դուրս գանք։ Համենայն դէպս` Վարդան Մինասեանն այդպէս է կարծում, մենք սովոր ենք վստահել նրան։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։