Հա

Մարզական

Չորեքշաբթի, 09 Մայիսի 2018 10:00

Ո՞վ կարող է կրկնել Վիկ Դարչինեանի ու Արթուր Աբրահամի արդիւնքները պրոֆեսիոնալ ռինգում

Վիկ Դարչինեանի ու Արթուր Աբրահամի յաղթանակներից ու նւաճած տիտղոսներից յետոյ պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկների նւաճումները կրճատւեցին: Ո՞վ կարող է մօտ ապագայում նորից տիտղոսներ նւաճել հայ բռնցքամարտիկներից: 

«alikonline.ir» - Վիկ Դարչինեանի ու Արթուր Աբրահամի յաղթանակներից ու նւաճած տիտղոսներից յետոյ պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկների նւաճումները կրճատւեցին: Ո՞վ կարող է մօտ ապագայում նորից տիտղոսներ նւաճել հայ բռնցքամարտիկներից: Այս մասին գրում է «armeniasputnik.am»-ը:

Թէեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտը շատ ընդհանրութիւններ ունի սիրողական բռնցքամարտի հետ, միեւնոյնն է, նաեւ էականօրէն տարբերւում է սիրողական մրցումներից: Փոխւում է հոգեբանութիւնը, ռաունդների քանակը, ձեռնոցների չափը, նախապատրաստական փուլը եւ էլի շատ ու շատ բաներ: Սակայն սիրողական բռնցքամարտը հանդիսանում է այն կարեւորագոյն հիմքը բռնցքամարտիկների համար, որը ունենալով անհամեմատ աւելի հեշտ է հասնել յաջողութեան պրոֆեսիոնալների մենամարտերում:

Վախթանգ (Վիկ) Դարչինեանը եւ Արթուր Աբրահամը սիրողական բռնցքամարտում մեծ յաջողութիւնների չեն հասել միջազգային մրցաշարերում: Բայց ունենալով տեխնիկա, մարտը վարելու տակտիկա եւ հարւածների տիրապետելու ունակութիւն` այս երկու բռնցքամարտիկներն էլ 2000-ականների սկզբից սկսեցին յաջողութեան հասնել պրոֆեսիոնալ ռինգում եւ աշխարհի չեմպիոնի կոչում նւաճել տարբեր վարկածներով:

Դարչինեանը գերթեթեւ քաշային կարգում մէկը միւսի հետեւից տապալում էր իր մրցակիցներին: Մարտական կեցւածքով ու ձախ ձեռքի հարւածներով Վիկն իր քաշային կարգում բազմաթիւ հզօր մրցակիցների յաղթեց ու առաջինն էր հայ բռնցքամարտիկներից, որ աշխարհի չեմպիոնի կոչումը նւաճեց մի քանի քաշային կարգերում եւ դարձավ նաեւ բացարձակ չեմպիոն:

Արթուր Աբրահամն էլ իւրայատուկ մարտավարութիւն ունէր, որի հիմքում դրւած էր պաշտպանութիւնն ու կամային որակները: Կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտում Արթուրը կոտրւած ծնոտով, գերկամային որակների շնորհիւ դարձաւ աշխարհի չեմպիոն ու անմիջապէս իր վրայ բեւեռեց մասնագէտների ուշադրութիւնը:

Կատաղի Ցուլ եւ Քինգ (Թագաւոր) Արթուր, ահա այն մականունները, որոնք ստացան մեր երկու բռնցքամարտիկներն իրենց յաղթանակների շնորհիւ: Իմաստ չունի թւարկել, թէ քանի անգամ են նրանք տիրել չեմպիոնական տարբեր գօտիների ու յաղթանակի հասել: Հիմա այլ հարց է աւելի հետաքրքիր: Դարչինեանն արդէն 41 տարեկան է, իսկ Աբրահամը` 38, հետեւաբար նրանց կարիերան մայրամուտում է: Ո՞վ կարող է մօտ ապագայում պրոֆեսիոնալ ռինգում հասնել նման յաջողութիւնների:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մէջ կան շատ հայազգի բռնցքամարտիկներ, որոնք որոշակի արդիւնքներ ունեն, սակայն դրանք չես համեմատի Դարչինեանի ու Աբրահամի տիտղոսների հետ: Ներկայումս կան երկու բռնցքամարտիկ, որոնք շատ լաւ են մեկնարկել պրոֆեսիոնալ ռինգում ու կարող են հասնել մեծ յաջողութիւնների:

Նարեկ Աբգարեանն ու Արամ Աւագեանը Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցելուց յետոյ որոշեցին իրենց ունակութիւնները դրսեւորել պրոֆեսիոնալ ռինգում: Այս երկու բռնցքամարտիկներն էլ երկար տարիներ մարզւել են իրար հետ մեր երկրի տարբեր տարիքային հաւաքականներում: Նարեկն իր առաջին մենամարտն անցկացրեց 2016 թւականի հոկտեմբերի 8-ին ու յաղթական մեկնարկ դրեց եւ՛ իր, եւ՛ իր ընկերոջ համար: Յաջորդ անգամ երկու բռնցքամարտիկներն էլ ռինգ դուրս եկան նոյն օրը՝ 2016-ի դեկտեմբերի 12-ին ու յաղթեցին իրենց մենամարտերում:

Այս պահի դրութեամբ Նարեկ Աբգարեանը պրոֆեսիոնալ ռինգում իր անւան դիմաց ունի ութ յաղթանակ ութ մենամարտերում, որոնցից 5-ում` տեխնիկական նոկաուտով, իսկ Արամ Աւագեանն անցկացրել է եօթ մենամարտ ու տօնել նոյնքան յաղթանակ, որոնցից չորսը` տեխնիկական նոկաուտով: Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Դաւիթ Թորոսեանի հետ աշխատանքը տալիս է իր պտուղները: Թորոսեանը շատ լաւ ծանօթ է պրոֆեսիոնալ ռինգի գաղտնիքներին ու կարողանում է տղաների հետ աշխատանքն ամրապնդել արդունքով:

Մեր այս երկու բռնցքամարտիկներն էլ իրենց յաջորդ մենամարտը անցկացնելու են մայիսի 19-ին: Շատ կարեւոր է այս պահին յաղթել բոլոր մենամարտերում, որովհետեւ պրոֆեսիոնալների ուղին ընտրած Նարեկ Աբգարեանի ու Արամ Աւագեանի համար տիտղոսային մենամարտերին հասնելու գործում այդ յաղթանակները հեղինակութիւն կը բերեն, իսկ յետոյ արդէն պրոմոութերներն էլ կը ցանկանան նրանց տեսնել անհամեմատ բարձր կարգի մրցակիցների հետ գօտեմարտերում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ