Հա

Մարզական

Կիրակի, 27 Մայիսի 2018 08:40

Չեմպիոնների լիգա. La 13 es de Bale. «Ռէալ»-ը՝ չեմպիոն

«Ռէալ Մադրիդ»-ը 13-րդ անգամ նւաճեց Չեմպիոնների լիգայի գաւաթը:

«alikonline.ir» - «Ռէալ Մադրիդ»-ը 13-րդ անգամ նւաճեց Չեմպիոնների լիգայի գաւաթը:

Երէկ՝ ուշ երեկոյեան Կիեւի «Օլիմպիա» մարզադաշտում տեղի ունեցաւ Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան գործող չեմպիոն, իսպանական «Ռէալ Մադրիդ»-ն ու անգլիական «Լիւերպուլ»-ը:

Առաջին խաղակէսն հիմնականում անցաւ հաւասար պայքարում: Երկու թիմերն էլ ունէին միմեանց դարպասը գրաւելու շանսեր: Խաղակէսի թերեւս կարեւորագոյն դրւակները «Լիւերպուլ»-ի եգիպտացի յարձակւող Մուհամմեդ Սալահի եւ «Ռէալ Մադրիդ»-ի կիսապաշտպան Դանիէլ Կարւախալի վնասւածքներն էին եւ Բենզեմայի խփած գնդակը, որը չընդունւեց խաղից դուրս վիճակի պատճառով:

31-րդ րոպէին «Ռէալ»-ի աւագ Սերխիօ Ռամոսը կոպիտ խախտում կատարեց Սալահի նկատմամբ, որն էլ ստանալով ուսի լուրջ վնասւածք ստիպւած եղաւ թողնել խաղադաշտը: Իսկ 36-րդ րոպէին վնասւածքի պատճառով փոխարինւեց «Ռէալ»-ի կիսապաշտպան Դանիէլ Կարւախալը:

42-րդ րոպէին Կրիշտիանու Ռոնալդուի գլխի հարւածից յետոյ «Լիւերպուլ»-ի դարպասը փրկեց գերմանացի դարպասապահ Լորիս Կարիուսը, յետ վերադարձած գնդակը անգլիացիների դարպասը մխրճեց Բենզեման, բայց եզրային մրցավարը գրանցեց խաղից դուրս վիճակ:

Երկրորդ խաղակէսում առաջինը յաջողութեան հասան «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները:

51-րդ րոպէին առաջին գոլի հեղինակ դարձաւ Քարիմ Բենզեման: Խաղային սովորական դրւակում Կարիուսը փորձեց գնդակը մտցնել խաղի մէջ, սակայն Բենզեմայի պրեսինգի պատճառով կոպիտ սխալ թոյլ տւեց, եւ ֆրանսիացի յարձակւողը բացեց հանդիպման հաշիւը:

Սակայն, ընդամենը 4 րոպէ անց «Լիւերպուլ»-ի ֆուտբոլիստներին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: 55-րդ րոպէին, անկիւնայինի խաղարկումից յետոյ խորւաթ պաշտպան Դէյան Լովրէնը կատարեց արդիւնաւէտ փոխանցում, որից լաւագոյնս օգտւեց սենեգալցի յարձակւող Սադիօ Մանէն:'

64-րդ րոպէին «Ռէալ»-ի վելզեցի յարձակւող Գարեթ Բէյլը դարձաւ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ հաշիւը դարձնելով 2:1: Մարսելոյի փոխանցումից յետոյ Բէյլը մկրատ տեսակի հարւածով գրաւեց «Լիւերպուլ»-ի դարպասը:

Նոյն Բէյլը 83-րդ րոպէին դարձաւ դուբլի հեղինակ՝ ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը: Նրա հեռահար հարւածից յետոյ այս խաղում իր 2-րդ ճակատագրական սխալը թոյլ տւեց Կարիուսը, որը չկարողացաւ յետ մղել Բէյլի հարւածը:

3:1՝ եւ «Ռէալ Մադրիդ»-ը 13-րդ անգամ նւաճեց Չեմպիոնների լիգայի գաւաթը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ