Հա

Մարզական

17/06/2018

Մոնդիալ-2018. Ֆրանսիացիները յաղթեցին, իսկ արգենտինացիներն արգելակեցին

2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում երէկ՝ յունիսի 16-ին պայքարի մէջ մտան C եւ D խմբերում ընդգրկւած թիմերը:

«alikonline.ir» - 2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում երէկ՝ յունիսի 16-ին պայքարի մէջ մտան C եւ D խմբերում ընդգրկւած թիմերը:

Առաջինը մրցասպարէզ դուրս եկան C խմբի ներկայացուցիչները: Կազանում ուժերը չափեցին Ֆրանսիայի եւ Աւստրալիայի ընտրանիները:

«Աքլորներ»-ի եւ «Կենգրուներ»-ի հանդիպումն հիմնականում անցաւ հաւասար պայքարում: Առաջինը յաջողութեան հասան ֆրանսիացիները: 58-րդ րոպէին Անտուան Գրիզմանն անվրէպ իրացրեց մրցավարի նշանակած 11 մետրանոց հարւածը: Ի դէպ աշխարհի առաջնութեան պատմութեան ընթացքում առաջին անգամ օգտագործւեց մրցավարի օգնութեան՝ տեսակրկնութեան տեխնոլոգիան:

Ընդամենը 3 րոպէ անց՝ 61-րդ րոպէին, մրցավարը կրկին 11 մետրանոց հարւած նշանակեց, սակայն, այս անգամ ֆրանսիացիների դարպասին այն բանից յետոյ, երբ Սամուէլ Ումտիտին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց: Հարւածն անվրէպ իրացրեց Միլ Եդինակը՝ հաշւում վերականգնելով հաւասարութիւնը:

«Աքլորներ»-ը յաղթական գոլը խփեցին 81-րդ րոպէին: Գոլի հեղինակ դարձաւ Պօլ Պոգբան: 2:1՝ եւ Ֆրանսիան տարաւ իր առաջին յաղթանակը, թէպէտ հանդիպման ողջ ընթացքում տժգոյն ֆուտբոլ ցուցադրեց:

Երկրոդը խաղադաշտ դուրս եկան D խմբում ընդգրկւած Արգենտինայի եւ Իսլանդիայի ընտրանիները:

Մոսկւայում կայացած հանդիպման ընթացքում արգենտինացիներն խաղային եւ տարածքային բացարձակ առաւելութիւն ունէին: Այդուհանդերձ նրանց անդադար գրոհներն արդիւնաւորւեցին միայն մէկ անգամ:

19-րդ րոպէին Սերխիօ Ագուէրոն հրաշալի հարւածով բացեց խաղի հաշիւը: Արգենտինացիների առաւելութիւնը, սակայն, երկար չտեւեց: 23-րդ րոպէին Ֆինբոգասոնին յաջողւեց հաշիւը հաւասարեցնել:

Հանդիպման 64-րդ րոպէին Արգենտինան 11-մետրանոց հարւածի հնարաւորութիւն ստացաւ, սակայն Լէօ Մեսսին չկարողացաւ գրաւել Իսլանդիայի դարպասը: 1:1՝ եւ Արգենտինան արգելակեց առաջին քայլում:

Օրւայ երրորդ հանդիպումը C խմբից էր: Սարանկում ուժերը չափեցին Պերուի եւ Դանիայի ընտրանիները:

Հանդիպման ողջ ընթացքում աւելի լաւ ֆուտբոլ էր ցուցադրում Պերուի ընտրանին, սակայն վերջնահաշիւը գրանցւեց դանիացիների օգտին: Հանդիպման 59-րդ րոպէին հարաւամերիկացիների դարպասը գրաւեց Իւսուֆ Պոուլսէնը:

Խաղային օրւայ վերջին հանդիպումը կայացաւ Կալինինգրադում: Խաղադաշտ դուջրս եկան D խմբի միւս երկու թիմերը՝ Խորւաթիայի եւ Նիգերիայի հաւաքականները:

Հանդիպման ողջ ընթացքում խորւաթներն ունէին խաղային եւ տարածքային որոշակի առաւելութիւն: Նրանց յաջողւեց յաղթել 2:0 հաշւով: 32-րդ րոպէին ինքնագոլի հեղինակ դարձաւ նիգերացի պաշտպան Էտեբոն: Ի դէպ սա Մոնդիալ-2018-ի երկրորդ ինքնագոլն էր: 72-րդ րոպէին 11 մետրանոցն անվրէպ իրացրեց Լուկա Մոդրիչը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։