Հա

Մարզական

18/06/2018

Ռոնալդու-Մեսսի ֆուտբոլային դրաման Ռուսաստանում անցկացւող Աշխարհի առաջնութիւնում

Ռուսական Մունդիալի առաջին իսկ երկու օրերը ֆուտբոլի իրական երկրպագուներին այնպիսի տպաւորիչ խաղեր պարգեւեցին, որոնց մասին բուքմէյքերները նոյնիսկ երազել չէին կարող։ Երկու գլխաւոր սենսացիա, երկու ոչ-ոքի, որոնցից իւրաքանչիւրը ինքնատիպ հրաշք էր։

«alikonline.ir» - Ռուսական Մունդիալի առաջին իսկ երկու օրերը ֆուտբոլի իրական երկրպագուներին այնպիսի տպաւորիչ խաղեր պարգեւեցին, որոնց մասին բուքմէյքերները նոյնիսկ երազել չէին կարող։ Երկու գլխաւոր սենսացիա, երկու ոչ-ոքի, որոնցից իւրաքանչիւրը ինքնատիպ հրաշք էր։ Գրում է «sputnik» Արմենիայի սիւնակագիր Արման Վանեսքեհեանը:

«Ռէալ»-ի եւ «Բարսելոնա»-ի առաջաւոր ֆուտբոլիստներ Ռոնալդուի եւ Մեսսիի դիմակայութիւնը, որը վերջին տարիներին մշտապէս զարդարում է Իսպանիայի առաջնութիւնը, չէր կարող չանդրադառնալ նաեւ 2018 թւականի Աշխարհի առաջնութեան եզրափակիչ փուլի վրայ։

Առաւել եւս, որ եւ՛ Պորտուգալիան, եւ՛ Արգենտինան ֆաւորիտների առաջին հնգեակում են, որտեղ երկրպագուները ներառում են նաեւ բրազիլացիներին, գերմանացիների եւ իսպանացիներին։

Ճիշտ է` իսկզբանէ, խմբային փուլում պարզ էր, որ այս կամ այն ֆաւորիտի խաղում սենսացիաներից եւ ձախողումներից խուսափել չի լինի։

Գաւաթի համար պայքարն իսկապէս թէժ է լինելու, հոգնեցուցիչ, բայց եւ գեղեցիկ ու գրաւիչ։

Սակայն նոյնիսկ այս գիտակցումը չի կարող աշխարհի ամենայայտնի խաղի իրական սիրահարներին շեղել պորտուգալացու եւ արգենտինացու դիմակայութիւնից։ Դեռ հեռակայ, քանի որ խաղադաշտում դէմ առ դէմ Ռոնալդուն եւ Մեսսին կարող են հանդիպել փլէյ-օֆֆի քառորդ եզրափակչում։

Երկու սենսացիոն ոչ-ոքին (Իսպանիա-Պորտուգալիա եւ Արգենտինա-Իսլանդիա խաղերում) իրենց էութեամբ այնքան տարբեր էին, որ չի բացառւում, որ դրանք որոշակի առումով կարող են կանխագուշակել ֆուտբոլային մրցապայքարի արդիւնքը։

Չէ՞ որ եթէ Ռոնալդուն իսպանացիների հետ խաղում իսկապէս կարողացաւ ցոյց տալ` ինչի է ընդունակ որպէս ազգային հաւաքականի առաջնորդ, իր ուսերին (աւելի ճիշտ իր կախարդական ոտքերին) ընդունեց համաշխարհային ֆուտբոլի հսկաններից մէկի հետ խաղի ողջ ծանրութիւնը եւ փայլեց իր որակներով, ապա Մեսսին, առաջին շրջանում անկեղծօրէն ձախողեց։

Սա ամենեւին էլ չի նշանակում, որ ոչ-ոքին եւ այն մէկ միաւորը, որը Ռոնալդուն բառացիօրէն խլեց իսպանացիներից, վճռական ազդեցութիւն կունենան խմբային փուլի արդիւնքների վրայ։ Ճիշտ նոյնքան, որքան չի նշանակում, որ արգենտինացիները  ինչ-որ հնարաւորութիւն են կորցրել։ Չէ՞ որ խօսում ենք միայն առաջին շրջանի մասին, առաջին խաղերի մասին։ Այդ առումով, ամէն ինչ դեռ առջեւում է։

Սակայն անձնական հակազդման հարցում ամէն ինչ այլ կերպ է։ Առաջին իսկ խաղում Ռոնալդուն բարձր տեմպ հաղորդեց` ոճային առումով տարբեր տիպի գոլեր ուղարկելով (ներառեալ նոյնիսկ 11-մետրանոցը) Դաւիդ դէ Խէայի դարպասը։ Համաձայնեք, որ աշխարհի լաւագոյն դարպասապահներից մէկի դարպասներին հասցրած հեթ-տրիկը լուրջ յայտ է։ Իսկ նրա հակառակորդ Մեսսին ամենալաւ թիմերից մէկի` Իսլանդիայի հաւաքականի հետ ծանրագոյն խաղում այդ տեմպը վերցնել չկարողացաւ։ Բացի այդ չկարողացաւ պենալտին խփել, աւելի ճիշտ այն հետ մղեց հիանալի Հաննէս Հալդոուրսոնը։

Արդիւնքում` երկու ոչ-ոքի, որոնք ճիշտ հակապատկերներ են` եւ՛ իրենց բովանդակութեամբ, եւ՛ էութեամբ։ Եթէ Իսպանիայի հաւաքականի հետ Պորտուգալիայի ոչ-ոքին Ռոնալդուի անձնական փայլուն յաղթանակն էր, ապա Իսլանդիայի վիկինգների թիմի հետ Արգենտինայի խաղում արձանագրած ոչ-ոքին արդէն իսկ Մեսսիի անձնական ձախողում էր, առաջին հերթին` ինքն իր հետ պայքարում։

Բացի այդ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստների առկայ եւ հեռակայ մենամարտերի երկար պատմութեան մէջ տեղի ունեցածը դեռ կարող է դառնալ բազմաթիւ սենսացիաներից մէկը, սակայն որը ընդամենը դրւագային բնոյթ է կրում։ Ռուսաստանում ԱԱ-2018-ի եզրափակիչ մասը դեռ նոր է թափ հաւաքում։

… Սակայն պէտք է յիշել Ռոնալդուի դէմքի արտայայտությունը խաղի վերջում, երբ հաշիւը 3-2 էր` յօգուտ իսպանացիների, իսկ նա պէտք է իրացնէր տուգանային հարւածը 88-րդ րոպէին։ Օպերատորը խոշոր պլանով մի քանի րոպէ ցուցադրեց նրան, նա կենտրոնանում էր ու տրամադրւում։ Այնուհետեւ կատարեց… Ոչ, այդպէս չէ` ԿԱՏԱՐԵՑ իր գեղեցկութեամբ հազւագիւտ շրջանցիկ հարւածը` դարպասի պատի վրայով եւ տակով, որի դէմ Խէան անզօր էր։ Նոյնիսկ տեղից չշարժւեց։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։