Հա

Մարզական

23/06/2018

Արցախում ֆուտբոլային լիգա կը ստեղծւի

Արցախում ֆուտբոլային լիգա կը ստեղծւի: Նորաստեղծ առաջնութեան մեկնարկը կը տրւի յուլիսի 14-ին, կը մասնակցեն 8 թիմեր: 

«alikonline.ir» - Արցախում ֆուտբոլային լիգա կը ստեղծւի: Նորաստեղծ առաջնութեան մեկնարկը կը տրւի յուլիսի 14-ին, կը մասնակցեն 8 թիմեր: Տեղեկացնում է «armsport.am»-ը:

Այս մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում յայտնել են լիգայի հիմնադիրներ Սեւան Ասլանեանն ու Հրաչ Եագանը, ովքեր նաեւ այլ մանրամասներ են ներկայացրել:

«Ներքին առաջնութիւնը, որը կը մեկնարկի յուլիսի 14-ին, կը լինի փորձնական եւ կաւարտւի նոյեմբերի 18-ին:

Շուտով հասանելի կը լինի նաեւ լիգայի կայքը:

Առաջնութեան խաղերը դեռեւս կանցկացւեն Ստեփանակերտի եւ Ասկերանի մարզադաշտերում, բայց հիմա աշխատանքներ ենք տանում Ճարտարի դաշտում:

Մեր առաջին առաջնութեանը կը մասնակցեն 8 թիմեր՝ Ստեփանակերտի «Երազանք», «Լեռնային Արցախ», «Ստեփանակերտ», «Ասկերան», «Մարտունի», «Վանք», «Շուշի», «Ճարտար»: Հիմա բոլորս այս թիմերը պատկանում են Լիգային, մարտին նրանք գուցէ՝ ունենան սեփականատէրեր, ովքեր կը զբաղւեն ինչպէս ակումբի, այնպէս էլ՝ տւեալ մարզի ֆուտբոլի զարգացմամբ: Բոլոր մասնակից թիմերը, ովքեր կունենան սեփականատէրեր, Լիգայի կողմից կը ստանան մասնակցութեան համար գումար, Գաւաթի համար եւս գումար կը ստանան, Չեմպիոն դառնալու համար եւս գումար կը ստանան: Իսկ ֆուտբոլիստների եւ թիմերի համար սա լաւ մոտիւացիա կը լինի» ,- ասել է Սեւան Ասլանեանը:

Սեւան Ասլանեանը, ով Երեւանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի սեփականատէրն է, յայտնեց, որ լիգան երկու գրասենեակ կունենայ՝ մէկը Արցախում, միւսը՝ Ժնեւում: Իսկ այդ հարցերով զբաղւում է Հրաչ Եագանը.

«Ուզում ենք, որ ՈւԵՖԱ-ն օգնի Արցախում ֆուտբոլի զարգացմանը: Սա մեզ համար գումար աշխատելու միջոց չէ, պարզապէս ուզում ենք, որ Արցախում զարգանայ ֆուտբոլը, ինչն ուրախութիւն կը պարգեւի այստեղի ժողովրդին:

Ակումբի ծրագիրը կը ներկայացնենք ՈւԵՖԱ-ին եւ կը սպասենք նրանց արձագանգին»,- ասաց է Երեւանի «Արարատ»-ի նախագահը:

Արցախի Հանրապետութիւնում գործող ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Լիգան որեւէ առնչութիւն չի ունենայ, սակայն ակտիւ համագործակցութիւնը լիգայի հիմնադիրների հաւաստմամբ անպայման կապահովւի.

«Ֆուտբոլի ֆեդերացիա եւ ֆուտբոլի լիգա. սրանք երկու տարբեր կառոյցներ են, որոնք իրանցից անկախ ենք գործելու, բայց մշտապէս համագործակցելու ենք: Ֆեդերացիան պատասխանատու է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման եւ Արցախի հաւաքականի համար, իսկ լիգան՝ միայն Արցախի ներքին առաջնութեան: Պէտք է նշեմ,որ բացի առաջնութիւնից կանցկացնենք նաեւ Արցախի Գաւաթի խաղարկութիւնը, որի եզրափակիչ հանդիպումը կը կայանայ սեպտեմբերի 2-ին»,- ասաց Սեւան Ասլանեանը:

Խօսելով առաջնութեանը մասնակից 8 ակումբներում հանդէս եկող ֆուտբոլիստների մասին՝ Սեւան Ասլանեանը նշեց, որ մօտ ապագայում թիմերում կարող են նաեւ լեգիոներներ ունենալ.

«Միւս մրցաշրջանից կունենանք կանոնադրութիւն: Այն ֆուտբոլիստները, ովքեր տարբեր տարիներին զբաղւել են ֆուտբոլով, կամ էլ հանգտսեան օրերին հաւաքւել խաղացել են, հիմա ընդգրկւել են մեր լիգայում: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ Բրազիլիայի որոշ հայեր, իմանալով այս նախաձեռնութեան մասին, ցանկութիւն են յայտնել Արցախի առաջնութիւն ուղարկել մի քանի լեգիոների, ովքեր կը խաղան մեր թիմերում: Դա էլ հետաքրքիր կը լինի ՈԵՖԱ-ին, նոյն առաջարկը եղել է նաեւ Շւէյցարիայից, կը լինեն տղաներ, ովքեր 6 ամսով կը գան այստեղ կը խաղան: Իսկ Արցախի առաջնութեան լաւագոյն խաղացողները կը տեղափոխւեն Երեւանի «Արցախ»:

Սեւան Ասլանեանի խօսքով՝ Արցախի լիգայի ստեղծման գաղափարը ծնւել է արտասահմանցի հայերի կողմից, ովքեր ֆինանսաւորելու են լիգան: Նրա խօսքով՝ լիգան ստանում է նաեւ Արցախի Հանրապետութեան ղեկավարների աջակցութիւնը.

«Այս ամէնը մենք կազմակերպում ենք Արցախի ղեկավարների աջակցութեամբ, նրանք շատ ոգեւորվւծ եւ շատ ուրախ են, որ Արցախում ֆուտբոլի զարգացման համար քայլեր են ձեռնարկւում: Արցախի ղեկավարութիւնը մեզ շատ ակտիւ աջակցում է այդ հարցով: Հրաչն էլ փորձելու է Ժնեւում հանդիպում կազմակերպել Արցախի ղեկավարոթեան եւ ՈւԵՖԱ-ի ղեկավարների հետ, որպէսզի վերջինս մեզ օգնի ֆուտբոլի զարգացման գործում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։