Հա

Մարզական

24/06/2018 - 08:40

Մոնդիալ-2018. 90+5-րդ րոպէի հրաշք գոլն ու չեմպիոնների ֆանտաստիկ «Come back»-ը

Կայացաւ Մոնդիալ-2016-ի 10-րդ խաղային օրը, որը նշանաւորւեց գործող չեմպիոնի՝ Գերմանիայի հաւաքականի ֆանտաստիկ «Come back»-ով:

«alikonline.ir» - Կայացաւ Մոնդիալ-2016-ի 10-րդ խաղային օրը, որը նշանաւորւեց գործող չեմպիոնի՝ Գերմանիայի հաւաքականի ֆանտաստիկ «Come back»-ով:

Երէկ՝ յունիսի 23-ին Մոսկւայի «Օտկրիտիէ Արենա»-ում առաջինը խաղադաշտ դուրս եկան G խումբը ներկայացնող Բելգիայի եւ Թունիսի ընտրանիները:

Շտապենք նշել, որ «Կարմիր սատանաներ»-ը ցուցադրեցին իրական ֆաւորիտին վայել ֆուտբոլ: Նրանք Թունիսի հաւաքականին ինքնադրսեւորման որեւէ առիթ չտւեցին՝ յաղթելով 5:2 հաշւով:  Դուբլի հեղինակ դարձան Ռոմելու Լուկակուն եւ Էդէն Ազարը: Եւս մէկ գնդակ խփեց Բատշուային: Թունիսից գոլ խփեցին Բրոնը եւ Խազրին:

Նշենք, որ այս խաղում ձեւակերպած դուբլի շնորհիւ, Ռոմելու Լուկակուն դարձաւ 4 գոլի հեղինակ՝ ռմբարկուների մրցապայքարում հաւասարւելով Ռոնալդուին:

Այս յաղթանակի շնորհիւ վաստակած 6 միաւորով Բելգիայի ընտարնին վստահօրէն գլխաւորեց G խմբի մրցաշարային աղիւսակը: 3 միաւոր է վաստակել Անգլիայի հաւաքականը, որն այսօր կանցկացնի իր երկրորդ խաղը՝ ուժերը չափելով Պանամայի ընտրանու դէմ պայքարում: Պանամայի եւ Թունիսի հաւաքականներին դեռեւս չի յաջողւել միաւոր վաստակել:

Օրւայ երկրորդ հանդիպումը F խմբից էր: Ռոստովում Մեքսիկայի հաւաքականը քննութիւն ընդունեց Հարաւային Կորէայի ընտրանուց:

Առաջին տուրում Գերմանիայի հաւաքականի նկատմամբ տարած անակնկալ յաղթանակից յետոյ, մեքսիկացիները վստահ սկսեցին հանդիպումը: 26-րդ րոպէին Կարլոս Վելան վստահ իրացրեց 11 մետրանոց հարւածը՝ հաշւում առաջ մղելով «Ացտեկներ»-ին: 66-րդ րոպէին Չիչարիտոն կրկնապտկեց հաշիւը:

Հարաւկորէացիներին յաջողւեց միայն հաշւում կրճատել տարբերութիւնը: Մրցավարի աւելացրած ժամանակի 3-րդ րոպէին Սոն Մին Եոնը խփեց նրանց միակ գնդակը՝ հաշիւը դարձնելով 2:1:

Օրւայ վերջին հանդիպումը կայացաւ Սոչիում, ուր գերմանիայի ընտրանին ուժերը չափեց Շւեդիայի ընտրանու դէմ պայքարում:

Այս խաղում գերմանացիներին անհրաժեշտ էր միայն յաղթանակ՝ ժամանակից շուտ տուն չվերադառնալու համար:

Թէեւ հանդիպման մեկնարկը նշանաւորւեց գերմանացիների գրոհներով, սակայն նրանց մօտ պակասում էր արագութիւնը եւ, մանաւանդ, նրանց բնորոշ պաշտպանական ամրութիւնը: 32-րդ րոպէին Տոնի Կրոսի թոյլ տւած սխալի արդիւնքում սկսւած հակագրոհն արդիւնաւորւեց գոլով: Շւեդացիներից գոլի հեղինակ դարձաւ Օլա Տոյւոնէնը՝ գերմանացիներին կանգնեցնելով մրցաշարից դուրս մնալու վտանգի առջեւ:

2-րդ խաղակէսի հէնց մեկնարկին Գերմանիայի ընտրանուն յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: 48-րդ րոպէին Մարկօ Ռոյսը խփեց նրանց առաջին գնդակը:

Այս գոլից յետոյ հանդիպումն անցաւ գերմանացիների անդադար գրոհներով եւ շւեդացիների խորը պաշտպանութեամբ: Շւեդներին մի քանի դրւակում փրկեց դարպասապահը, իսկ մէկ անգամ՝ դարպասաձողը:

Թւում էր, թէ հանդիպումը կաւարտւի ոչ-ոքի՝ 1:1 հաշւով, երբ 90+5-րդ րոպէին Տոնի Կրոսը սրփագրեց առաջին խաղակէսում թոյլ տւած իր սխալը: Տուգանային հարւածից նա դարձաւ գեղեցիկ գոլի հեղինակ, որի արդիւնքում էլ «Die Mannschaft»-ին յաջողւեց դառնալ ֆանտաստիկ «Come back»-ի հեղինակ՝ յաղթելով 2:1 հաշւով:

F խմբում առաջատարը Մեքսիկայի հաւաքականն է, որը վաստակել է 6 միաւոր: 3-ական միաւոր են վաստակել Գերմանիայի եւ Շւեդիայի հաւաքականները, իսկ Հարաւային Կորէան դեռեւս որեւէ միաւոր չի վաստակել:

Այս խմբում ամէն ինչ կը որոշւի վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումների արդիւնքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։