Հա

Մարզական

25/06/2018 - 08:30

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018. Հեթ-տրիկ՝ տանը. Իրան-Գերմանիա՝ 3:2

Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանում կայացան 15-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանում կայացան 15-րդ տուրի հանդիպումները:

«Ազադի» մարզահամալիրի 12 հազար հոգանոց մարզասրահում Իրանի հաւաքականը հիւրընկալեց Գերմանիային: Լարւած, մօտ ու դիտարժան պայքարում անցած հանդիպումն աւարտւեց մեր տղաների յաղթանակով՝ 3:2 (25:20, 23:25, 25:22, 22:25, 15:11) հաշւով:

Այսպիսով մեր ընտրանին տարաւ իր երրորդ անընդմէջ յաղթանակը՝ տանը դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

Այս յաղթանակի շնորհիւ Իրանի հաւաքականը 21 միաւորով ամրապնդեց իր դիրքերը մրցաշարային աղիւսակի 10-րդ հորիզոնականում:

Իսկ ինչ վերաբերում է մրցաշարային աղիւսակի վերին հատւածին, ապա այնտեղ փոփոխութիւնները շարունակւեցին: Առաջին հորիզոնականում Ռուսաստանի հաւաքականի մենատիրութիւնը ընդամենը մէկ շաբաթ տեւեց: Ֆրանսիայի ընտրանու դէմ 0:3 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, ռուսներն առաջին հորիզոնականը զիջեցին Ֆրանսիայի հաւաքականին՝ նահանջելով երկրորդ հորիզոնական:

14-րդ տուրի արդիւնքներում երրորդ հորիզոնական բարձրացած Բրազիլիայի հաւաքականը 0:3 հաշւով տանուլ տւեց Արգենտինայի դէմ պայքարում: Հէնց այս արդիւնքն էլ հնարաւորութիւն ընձեռեց ԱՄՆ-ի ընտրանուն, որպէսզի Իտալիայի դէմ տարած 3:0 հաշւով յաղթանակից յետոյ, վերականգնի իր դիրքերը երրորդ հորիզոնականում:

Այսպիսով Իրանն այս մրցաշրջանում բաւարարւեց 10-րդ հորիզոնականով: Արդիւնքը, թէեւ այնքան էլ գոհացուցիչ չէ, այդուհանդերձ պէտք է նշել, որ Ասիա մայրցամաքը ներկայացնող չորս թիմերից մեր ընտրանին ցոյց տւեց ամենալաւ արդիւնքը: Վոլէյբոլի ազգերի լիգա-2018 մրցաշրջանի առաջին փուլի աւարտին Ճապոնիայի ընտրանին հանգրւանեց 12-րդ հորիզոնականում, իսկ Չինաստանի եւ Հարաւային Կորէայի ընտրանիները եզրափակեցին մրցաշարային աղիւսակը՝ զբաղեցնելով 15-րդ եւ 16-րդ հորիզոնականները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։