Հա

Մարզական

25/06/2018 - 08:50

Մոնդիալ-2018. Օր 11-րդ. գոլերի հրավառութիւն

2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան 11-րդ խաղային օրն աչքի ընկաւ գոլերի առատութեամբ:

«alikonline.ir» - 2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան 11-րդ խաղային օրն աչքի ընկաւ գոլերի առատութեամբ: Կայացած երեք հանդիպումների ընթացքում թիմերը փոխանակւեցին 14 գնդակով:

Երէկ՝ յունիսի 24-ին Նիժնի Նովգորոդում առաջինը խաղադաշտ դուրս եկան G խմբում ընդգրկւած Անգլիայի եւ Պանամայի հաւաքականները:

Հանդիպման ողջ ընթացքում Անգլիայի ընտրանին ունէր խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութիւն, ինչն էլ առաջին խաղակէսում նշանաւորւեց խփւած 5 անպատասխան գնդակներով:

8-րդ րոպէին Ջոն Սթոունզը գլխի հարւածով բացեց հանդիպման հաշիւը: 22-րդ րոպէին թիմի աւագ Հարի Քէյնն անվրէպ իրականացրեց մրցավարի նշանակած 11 մետրանոցը: 36-րդ րոպէին Ջեսի Լինգարդը գեղեցիկ հարւածով հաշիւը դարձրեց 3:0: 4 րոպէ անց՝ 40-րդ րոպէին Ջոն Սթոունզը դարձաւ դուբլի հեղինակ՝ խփելով իր թիմի 4-րդ գնդակը, իսկ 45+1 րոպէին մրցավարը նշանակեց այս հանդիպման 2-րդ 11 մետրանոց հարւածը, որը կրկին յստակ իրացրեց Հարի Քէյնը՝ դառնալով նոյնպէս դուբլի հեղինակ:

Երկրորդ խաղակէսում անգլիացիները թուլացրեցին ճնշումը: Նրանք բաւարարւեցին միայն մէկ գնդակով: 62-րդ րոպէին Հարի Քէյնը խփեց իր թիմի 6-րդ գոլը՝ դառնալով Հեթ-տրիկի հեղինակ: Այս գոլի շնորհիւ, ռմբարկուների պայքարում Հարի Քէյնը խփած 4 գոլով հաւասարւեց Լուկակուին եւ Ռոնալդուին:

Պանամացիներին յաջողւեց պատասխանել անգլիացիների խփած 6 գնդակներից միայն մէկին: 78-րդ րոպէին Պանամայի հաւաքականը հեղինակութեան գոլ խփեց թիմի աւագ Ֆելիպ Բալոյը:

G խմբում Բելգիայի եւ Անգլիայի հաւաքականները վաստակած 6-ական միաւորով, գործնականում լուծել են յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Վերջին տուրում նրանց դիմակայութիւնը որոշելու է միայն, թէ որ թիմն է գլխաւորելու մրցաշարային աղիւսակը:

Թունիսի եւ Պանամայի հաւաքականները չունեն որեւէ միաւոր:

Օրւայ միւս 2 հանդիպումները H խմբից էին: Առաջինը, Եկատերինբուրգում խաղադաշտ դուրս եկան խմբի առաջատարները՝ Սենեգալի եւ Ճապոնիայի հաւաքականները:

Լարւած, անհաշտ եւ դիտարժան պայքարում անցած հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 2:2 հաշւով: Հաշւում առաջինն առաջ անցան սենեգալցիները: 11-րդ րոպէին Ճապոնիայի դարպասը գրաւեց նրանց առաջատար Սաուդիօ Մանէն: 34-րդ րոպէին Տակաշի Ինուին հաշւում վերականգնեց հաւասարութիւնը:

Երկրորդ խաղակէսի 71-րդ րոպէին սենեգալի ընտրանուն կրկին յաջողւեց հաշւի նժարն իր կողմ թեքել: Գոլի հեղինակ դարձաւ Մուսա Վագուն: «Սամուրայներ»-ը, սակայն, չյանձնւեցին: Հանդիպման 78-րդ րոպէին Կէյսուկէ Հոնդան խփեց նրանց 2-րդ գնդակը, ձեւակերպելով հանդիպման վերջնահաշիւը:

Օրւայ վերջին հանդիպումը կայացաւ Կազանում: Խաղադաշտ դուրս եկան առաջին տուրում պարտւած Կոլումբիայի եւ Լեհաստանի հաւաքականները:

Հանդիպման ողջ ընթացքում հարաւամերիկացիներն ունէին խաղային եւ տարածքային որոշակի առաւելութիւն, ինչն էլ արդիւնաւորւեց 3 գոլով:

Առաջին յաջողութեան հասաւ Երի Մինան: 40-րդ րոպէին Խամէս Ռոդրիգէսի փոխանցումից յետոյ, նա խփեց առաջին գնդակը: 70-րդ րոպէին հաշիւը կրկնապատկեց Ռադամէլ Ֆալկաոն, իսկ 75 րոպէին Խամէս Ռոդրիգէսի գեղեցիկ փոխանցումից յետոյ Խուան Կուադրադոն խփեց 3-րդ գնդակը: 3:0՝ եւ Լեհաստանի հաւաքականը դարձաւ եւրոպական առաջին թիմը, որը դուրս է մնում Մոնդիալ-2018-ի հետագայ պայքարից:

Գրանցւած արդիւնքների շնորհիւ H խմբում ստեղծւեց բարդ իրավիճակ: Սենեգալի եւ Ճապոնիայի հաւաքականներն ունեն 4-ական միաւոր, իսկ Կոլումբիայի հաւաքականը՝ 3 միաւոր: Լեհաստանի հաւաքականը միաւոր չի վաստակել:

Խմբի ճակատագիրը որոշւելու է վերջին տուրում կայանալիք՝ Ճապոնիա-Լեհաստան եւ Սենեգալ-Կոլումբիա հանդիպումների արդիւնքում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։