Հա

Մարզական

26/06/2018

Մոնդիալ-2018. Այս թիմով միայն հպարտանալ է կարելի

Նրանք ներդրեցին իրենց ողջ ներուժը, արեցին հնարաւորն ու անհնարը, հանդէս եկան 100 տոկոսանոց նւիրւածութեամբ:

«alikonline.ir» - Նրանք ներդրեցին իրենց ողջ ներուժը, արեցին հնարաւորն ու անհնարը, հանդէս եկան 100 տոկոսանոց նւիրւածութեամբ: Սակայն երազանքի իրագործման համար չբաւարարեց ընդամենը մէկ քայլ:

Երէկ՝ ուշ երեկոյեան ռուսական Սարանսկ քաղաքի ստադիոնում ծաւալւած իրադարձութիւնները դեռ երկար են մնալու հանդիպումը դիտած, նրա իւրաքանչիւր վայրկեանը վայելած ֆուտբոլասէրների յիշողութեան մէջ:

Իրանի ազգային հաւաքականի ֆուտբոլիստներին յաջողւեց հաւասարը հաւասարի պայքար մղել Եւրոպայի գործող չեմպիոնի՝ Պորտուգալիայի ընտրանու դէմ: Առաջին խաղակէսում Ռիկարդու Կուարեժմայի խփած գեղեցիկ գոլին, նրանք պատասխանեցին Քարիմ Անսարիֆարի իրականացրած դիպուկ 11 մետրանոցով:

Հանդիպման վերջին րոպէներին մրցակցին ստիպեցին անցնել խորը պաշտպանութեան եւ փորձել վատնել ժամանակը:

Նրանց յաջողւեց խաղի ընթացքից դուրս թողնել աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, ինչը չէր յաջողւել Իսպանիայի աստղային ընտրանուն:

Քիչ են այն դարպասապահները, որոնց յաջողւում է յետ մղել Ռոնալդուի իրականացրած 11 մետրանոց հարւածը: Բէյրանւանդին, սակայն, դա յաջողւեց:

Տղաների բախտը մի քիչ չբերեց, մի քիչ էլ պակասեց առջեւի գծում սրութիւնը, այլապէս նրանց ցուցադրած ֆուտբոլը բոլորին ստիպեց ոտքի կանգնել ու ծափահարել:

Խաղաւարտին, ստադիոնի մոնիտորի վրայ գրանցւած ոչ-ոքի 1:1 հաշիւը, թէեւ մեզ զրկեց յաջորդ փուլ դուրս գալու հնարաւորութիւնից, այդուհանդերձ, ապացուցեց, որ գլխաւոր մարզիչ Կարլուշ Կէյրուշին յաջողւել է ստեղծել այնպիսի թիմ, որը չի սարսափում ամենահզօր թւացող մրցակիցների դէմ պայքարից, եւ դեռ աւելին՝ փորձում է անգամ յաղթել նրանց:

B խմբի միւս խաղում Մարոկկոյի ընտրանին եւս ոչ պակաս անակնկալի հեղինակ դարձաւ: Իսպանիա-Մարոկկօ հանդիպումն աւարտւեց ոչ-ոքի՝ 2:2 հաշւով, այն դէպքում, երբ իսպանացիներին միայն հանդիպման վերջին վայրկեանին յաջողւեց խոյս տալ վերահաս պարտութիւնից:

B խմբում 5 միաւորով առաջին տեղում է Իսպանիան: Պորտուգալիան նոյնքան միաւորով երկրորդն է: Իրանը 4 միաւորով երրորդն է, իսկ Մարոկկոն 1 միաւորով եզրափակում է մրցաշարային աղիւսակը:

Երէկ՝ աւելի վաղ, A խմբում եւս կայացան վերջին հանդիպումները:

Ուրուգւայի հաւաքականը 3:0 հաշւով պարտութեան մատնեց Ռուսաստանի ընտրանուն, իսկ Սաուդական Արաբիան 2:1 հաշւով՝ Եգիպտոսին:

Այս խմբում Ուրուգւայի ընտարնին ցոյց տւեց 100 տոկոսանոց արդիւնք: Նրանք վաստակած 9 միաւջորով գլխաւորեցին մրցաշարային աղիւսակը: Ռուսաստանի հաւաքականը 6 միաւորով երկրորդն է: Սաուդական Արաբիան 3 միաւորով երրորդն է, իսկ Եգիպտոսն առանց միաւորի՝ չորրորդը:

Այսպիսով, յայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի առաջին զոյգերը: Ուրուգւան կը մրցի Պորտուգալիայի հետ, իսկ Իսպանիան՝ Ռուսաստանի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։