Հա

Մարզական

27/06/2018 - 09:20

Մոնդիալ-2018. Արգենտինացիները փրկւեցին խայտառակութիւնից

Մոնդիալ-2018-ի 13-րդ խաղային օրւայ ընթացքում կայացան C եւ D խմբերի վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Մոնդիալ-2018-ի 13-րդ խաղային օրւայ ընթացքում կայացան C եւ D խմբերի վերջին՝ 3-րդ տուրի հանդիպումները:

Առաջինը խաղադաշտ դուրս եկան C խմբում ներառւած թիմերը:

Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում կայացած Ֆրանսիա-Դանիա ոչինչ չասող եւ ձանձրացուցիչ հանդիպումն այս մրցաշարի առաջին գոլազուրկ դիմակայութիւնն էր: Գրանցւեց ոչ-ոքի՝ 0:0:

Սոչիում խաղադաշտ դուրս եկան յաջորդ փուլ դուրս գալու շանսից զրկւած, խմբի միւս թիմերը՝ Աւստրալիայի եւ Պերուի ընտրանիները: Անդրէ Կարիլիոյի (16-րդ րոպէ) եւ Խոզէ Պաուլօ Գերէյրոյի (50-րդ րոպէ) խփած գնդակների շնորհիւ, Պերուն յաղթեց 2:0 հաշւով, որը սակայն, չբաւարարեց նրանց՝ յաջորդ փուլ դուրս գալու համար:

C խմբում Ֆրանսիան զբաղեցրեց առաջին հորիզոնականը 7 միաւորով: Դանիան 5 միաւորով երկրորդն է: Պերուն 3 միաւորով երրորդն է, իսկ Աւստրալիայի ընտրանին 1 միաւորով եզրափակում է մրցաշարային աղիւսակը:

Օրւայ գլխաւոր ինտրիգներն ու ադրենալինի պաշարը վերապահւած էին D խմբի հանդիպումներին, որոնք Խորւաթիայից բացի, վճռորոշ էին միւս 3 թիմերի համար: Այս հանդիպումների արդիւնքում էր որոշւելու, թէ որ թիմն է միանալու խորւաթներին փլէյ-օֆում:

Ռոստովում, յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը լուծած Խորւաթիայի հաւաքականն իր երկրորդ կազմով ուժերը չափեց Իսլանդիայի դէմ պայքարում: Հանդիպման հաշիւը 53-րդ րոպէին բացեց խորւաթների կիսապաշտպան Միլան Բադէլը: 76-րդ րոպէին իսլանդացիներին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: 11-մետրանոց հարւածն անվրէպ իրականացրեց Գիլֆի Սիգուրդսոնը:

Հանդիպման վերջին՝ 90-րդ րոպէին Իւան Պերիշիչը ձեւակերպեց վերջնահաշիւը: 2:1՝ եւ իսլանդիան դուրս մնաց հետագայ պայքարից:

Սանկտ Պետերզբուրգում, Նիգերիայի ընտրանու դէմ պայքարում Լէօ Մեսսին եւ իր թիմակիցները փորձում էին ցանկացած գնով խոյս տալ այն ինչից, որին արգենտինական մամուլը շտապել էր բնութագրել որպէս «դարի խայտառակութիւն»:

Յաղթանակից բացի, որեւէ այլ արդիւնք Արգենտինայի հաւաքականին կը ստիպէր ժամանակից շուտ հրաժեշտ տալ Մոնդիալ-2018-ին:

Հանդիպման մեկնարկը յուսադրող էր արգենտինացիների համար: 14-րդ րոպէին Էւէր Բանեգայի փոխանցումից յետոյ, Լէօ Մեսսին խփեց այս առաջնութիւնում իր առաջին գնդակը՝ առաջ մղելով արգենտինացիներին:

Գոլից յետոյ նախաձեռնութիւնն անցաւ նիգերացիների կողմը: Նրանք տիրապետում էին գնդակին եւ աւելի սուր էին գրոհում: Կորցնելով գոլային մի քանի ռէալ պահեր, Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող թիմին 51-րդ րոպէին յաջողւեց հաւասարեցնել հանդիպման հաշիւը: 11 մետրանոցը յստակ իրականցրեց Վիկտոր Մոսէսը:

Յաջորդ փուլ դուրս գալու համար այս արդիւնքը բաւարարում էր նիգերացիներին: Երբ թւում էր, թէ արգենտինացիներն ստիպւած են լինելու համակերպւել այսպէս կոչւած «դարի խայտառակութեան» հետ, փրկիչ հրեշտակի կերպարով հանդէս եկաւ նրանց պաշտպան Մարկոս Ռոխոն, որը 86-րդ րոպէին Գաբրիէլ Մարկադոյի գեղեցիկ փոխանցումից յետոյ խփեց Արգենտինայի երկրորդ գոլը: 2:1՝ եւ Արգենտինան հրաշքով մնաց Մոնդիալ-2018-ում:

Այս խմբում Խորւաթիայի ընտարնին ցոյց տւեց 100 տոկոսանոց արդիւնք: Նրանք 9 միաւորով գլխաւորում են խմբի մրցաշարային աղիւսակը: Արգենտինան 4 միաւորով երկրորդն է: Երրորդը Նիգերիան է, որը վաստակել է 3 միաւոր, իսկ Իսլանդիան 1 միաւորով չորրորդն է:

Այսպիսով յայտնի դարձան փլէյ-օֆի եւս երկու զոյգ. 1/8-րդ եզրափակիչ փուլում կը մրցեն Ֆրանսիան ու Արգենտինան, Խորւաթիան ու Դանիան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։