Հա

Մարզական

01/07/2018

«Del sueño a la pesadilla». Մեսսին ու Ռոնալդուն հրաժեշտ տւեցին առաջնութեանը

Աշխարհի առաջնութիւնը կը շարունակւի առանց ֆուտբոլային աշխարհի երկու տիրակալների՝ Լէօ Մեսսի եւ Կրիշտիանու Ռոնալդուի:

«alikonline.ir» - Աշխարհի առաջնութիւնը կը շարունակւի առանց ֆուտբոլային աշխարհի երկու տիրակալների՝ Լէօ Մեսսի եւ Կրիշտիանու Ռոնալդուի:

Երէկ՝ յունիսի 30-ին մեկնարկեց Մոնդիալ-2018-ի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Առաջինը Կազանում խաղադաշտ դուրս եկան Ֆրանսիայի եւ Արգենտինայի հաւաքականները: Շտապենք նշել, որ այս հանդիպումն ազդարարեց ֆուտբոլային աշխարհում նոր գերաստղի՝ Կիլիան Մբապէի ծնունդի մասին, որին, մեծ հաշւով, Ֆրանսիան պարտական է այս յաղթանակի համար:

Հանդիպման սկզբնամասում Ֆրանսիայի ընտրանին ամբողջովին տիրում էր նախաձեռնութեանը: 13-րդ րոպէին Մբապէի ֆանտաստիկ անցումից յետոյ, Արգենտինայի պաշտպանները ստիպւած եղան սեփական տուգանային հրապարակում նրա նկատմամբ խախտել խաղի կանոնները: 11-մետրանոցն անվրէպ իրացրեց Անտուն Գրիզմանը:

Գոլից յետոյ արգենտինացիներին յաջողւեց աստիճանաբար վերագտնել իրենց եւ 41-րդ րոպէին Անխէլ Դի Մարիայի գեղեցիկ հարւածից յետոյ հաշւում վերականգնել հաւասարութիւնը:

«Ալբիսելեստէ»-ին յաջողւեց երկրորդ խաղակէսի հէնց սկզբնամասում հաշւում առաջ անցնել: 48-րդ րոպէին Լէօ Մեսսիի հարւածից յետոյ գնդակն անդրադարձաւ Գաբրիէլ Մերկադոյից եւ յայտնւեց ֆրանսիացիների դարպասում:

«Աքլորներ»-ը, սակայն, չյանձնւեցին: 57-րդ րոպէին Բենիամին Պաւարը հեռահար ֆանտաստիկ հարւածով հաշւում վերականգնեց հաւասարութիւնը, իսկ 64-րդ եւ 68-րդ րոպէներին Մբապէն դարձաւ դուբլի հեղինակ՝ խփելով ֆրանսիացիների 3-րդ եւ 4-րդ գնդակները:

90+3-րդ րոպէին Սերխիօ Ագուէրոն խփեց արգենտնացիների 3-րդ գոլը, որը, սակայն, չբաւարարեց Մեսսի եւ թիմակիցների փրկութեան համար: 4:3՝ եւ Մեսսին հրաժեշտ տւեց աշխարհի առաջնութեանը:

Նշենք, որ Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը սպասարկում էր իրանական մրցավարական անձնակազմը՝ Ալիռեզա Ֆաղանիի գլխաւորութեամբ: Սպասարկած անցեալ երկու հանդիպումների պէս, Ֆաղանին եւ իր օգնականներն գերազանց կատարեցին իրենց պարտականութիւնը:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Սոչիում: Խաղադաշտ դուրս եկան Ուրուգւայի եւ Պորտուգալիայի հաւաքականները:

Դիտարժան եւ անհաշտ պայքարում անցած այս հանդիպման հաշիւն առաջինը բացեցին հարաւամերիկացիները: 7-րդ րոպէին Սուարէսի փոխանցումից յետոյ Էդիսոն Կաւանին գլխի հարւածով գրաւեց պորտուգալացիների դարպասը:

Երկրորդ խաղակէսի 55-րդ րոպէին անկիւնայինի խաղարկումից յետոյ Պեպէն գլխի հարւածով հաշւում վերականգնեց հաւասարութիւնը: 7 րոպէ անց՝ 62-րդ րոպէին, Կաւանին դարձաւ դուբլի հեղինակ՝ խփելով ուրուգւայցիների երկրորդ գոլը:

Կաւանիի գոլից յետոյ, Ռոնալդուն եւ թիմակիցներն աւելացրեցին ճնշումը: Նրանց գործադրած ջանքերը, սակայն, ապարդիւն անցան: 2:1՝ եւ Մեսսիի օրինակին հետեւեց նաեւ Ռոնալդուն՝ հրաժեշտ տալով Մոնդիալ-2018-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։