Հա

Մարզական

02/07/2018

Մոնդիալ-2018. Յետխաղեայ 11-մետրանոցների հրավառութիւն

Մոնդիալ-2018-ի 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղային 2-րդ օրը նշանաւորւեց յետխաղեայ 11-մետրանոց հարւածների հրավառութեամբ:

«alikonline.ir» - Մոնդիալ-2018-ի 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղային 2-րդ օրը նշանաւորւեց յետխաղեայ 11-մետրանոց հարւածների հրավառութեամբ:

Երէկ՝ յուլիսի 1-ին Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում առաջինը խաղադաշտ դուրս եկան Իսպանիայի եւ Ռուսաստանի հաւաքականները:

Դրամատիկ եւ գեղեցիկ պայքարում անցած հանդիպման ընթացքում առաջինը յաջողութեան հասան իսպանացիները: 12-րդ րոպէին Ասենսիոյի փոխանցումից յետոյ, ինքնագոլի հեղինակ դարձաւ ռուսների պաշտպան Սերգէյ Իգնաշեւիչը:

Ռուսներին, սակայն, խաղակէսի աւարտից առաջ յաջողւեց հաւասարեցնել հանդիպման հաշիւը: 41-րդ րոպէին Պիկէն ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչն էլ չվրիպեց մրցավարի աչքից: Նշանակւած 11-մետրանոց հարւածն անվրէպ իրացրեց Արտեոմ Ձիւբան:

Հանդիպման երկրորդ խաղակէսն ու լրացուցիչ ժամանակի 30 րոպէներն անցան իսպանացիների գրոհներով եւ ռուսների խորը պաշտպանութեամբ: Ակնյայտ էր, որ Ռուսաստանի ընտրանին ընտրել է հանդիպման ելքը յետխաղեայ 11-մետրանոց հարւածների միջոցով որոշելու մարտավարութիւնը, ինչն էլ տւեց իր արդիւնքը:

Յետխաղեայ 11-մետրանոց հարւածներում աւելի ուժեղ էին ռուսները: Նրանք իրացրեցին իրենց 4 հարւածները, իսկ նրանց դարպասապահ Իգոր Ակինֆեեւին յաջողւեց յետ մղել Կոկէի եւ Ասպասի հարւածները:

Այսպիսով Ռուսաստանի ընտարնուն յաջողւեց դառնալ ինչ-որ տեղ սենսացիայի հեղինակ՝ պայքարից դուրս թողնելով Մոնդիալ-2018-ի գլխաւոր ֆաւորիտներից մէկին՝ Իսպանիայի հաւաքականին:

Նիժնի Նովգորոդում կայացած օրւայ երկրորդ հանդիպումն էլ անցաւ նոյն՝ Իսպանիա-Ռուսաստան հանդիպման սցենարով:

Խորւաթիա-Դանիա դիմակայութեան սկզբանմասը յախուռն ու դրամատիկ ստացւեց: Արդէն 4-րդ րոպէին թիմերը փոխանակւել էին մէկական գոլով:

Հանդիպման առաջին րոպէին հաշիւը բացեց դանիացիների պաշտպան Մատիաս Իւրգենսէնը: Նրա գոլին 3 րոպէ անց պատասխանեց խորւաթների յարձակման առաջատար Մարիօ Մանջուկիչը:

Թւում էր, թէ հանդիպումը կընթանայ նոյն տեմպով, սակայն այդպէս չստացւեց: Հանդիպման տեմպը կոտրւեց, եւ թիմերն աչքի չնկան դիտարժան ֆուտբոլով:

Հանդիպման ինտրիգային պահը լրացուցիչ ժամանակի 116-րդ րոպէն էր, երբ դանիացիների դարպասապահ Կասպէր Շմէյխէլը յետ մղեց Լուկա Մոդրիչի 11-մետրանոց հարւածը:

Յետ խաղային 11-մետրանոց հարւածներում Շմէյխէլին թէեւ յաջողւեց յետ մղել խորւաթների եւս երկու հարւած, սակայն, նրա մրցակից՝ Խորւաթիայի դարպասապահ Դանիէլ Սուբաշիչը ոչնչով չզիջեց նրան: Դեռ աւելին, նա յետ մղեց դանիացիների 3 հարւած՝ խորւաթներին պարգեւելով յաջորդ փուլի ուղեգիր:

Այսպիսով 1/4-րդ եզրափակիչ փուլում կը մրցեն Ռուսաստանի եւ Խորւաթիայի ընտրանիները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։