Հա

Մարզական

04/07/2018

Մոնդիալ-2018. «Եռաառիւծները»-ը թօթափեցին 11 մետրանոցների անէծքը

Յայտնի դարձան Մոնդիալ-2018-ի 1/4-րդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: Վերջին 2 ուղեգրերը բաժին հասան Շւեդիայի եւ Անգլիայի հաւաքականներին:

«alikonline.ir» - Յայտնի դարձան Մոնդիալ-2018-ի 1/4-րդ եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները: Վերջին 2 ուղեգրերը բաժին հասան Շւեդիայի եւ Անգլիայի հաւաքականներին:

1/8-րդ եզրափակիչ փուլի խաղային վերջին օրւայ մեկնարկը տրւեց Սանկտ Պետերզբուրգում, ուր խաղադաշտ դուրս եկան Շւեդիայի եւ Շւէյցարիայի ընտրանիները:

Լարւած ու դիտարժան այս հանդիպումը հիմնականում անցաւ հաւասար պայքարում: Ողջ ընթացքում թիմերը փոխանակւում էին փոխադարձ գրոհներով:

Հանդիպման ելքը որոշւեց 66-րդ րոպէին, երբ Էմիլ Ֆորսբերգի հարւածից յետոյ գնդակը դիպաւ շւէյցարիայի պաշտպան Մանուէլ Ականջիի ոտքի եւ յայտնւեց դարպասում:

Գոլից յետոյ շւէյցարացիների նետւեցին գրոհի՝ փորձելով հաւասարեցնել հաշիւը, սակայն, ինչպէս միշտ շւեդների պաշտպանութիւնը գործեց անթերի՝ անառիկ պահելով սեփական դարպասը: 1:0՝ եւ Շւեդիայի ընտրանին յաջորդ փուլ դուրս եկաւ:

1/4-րդ եզրափակիչ փուլի վերջին ուղեգրի ճակատագիրը որոշւեց Մոսկւայի «Սպարտակ» մարզադաշտում, ուր ուժերը չափեցին Անգլիայի եւ Կոլումբիայի ընտրանիները:

Հանդիպման առաջին խաղակէսն աչքի չընկաւ դիտարժան ֆուտբոլով: 2 թիմերի գրոհներում պակասում էր սրութիւնը:

2-րդ խաղակէսի մեկնարկին անգլիացիներն աւելացրեցին գրոհների տեմպը: Արդիւնքում, 57-րդ րոպէին նրանց յաջողւեց բացել հանդիպման հաշիւը: Կառլոս Սանչէսը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Հարի Քէյնի նկատմամբ: Նշանակւած 11 մետրանոց հարւածն անվրէպ իրացրեց հէնց Քէյնը՝ խփելով իր 6-րդ գնդակն այս առաջնութիւնում: Քէյնը վստահօրէն գլխաւորում է ռմբարկուների մրցավազքը:

Երբ, թւում էր, թէ ամէն ինչ աւարտւած է, եւ անգլիացիները կատարել են յաջորդ փուլ դուրս գալու առաջադրանքը, կոլումբիացիների պաշտպան Երի Մինան հաւասարեցրեց հանդիպման հաշիւը: 90+3-րդ րոպէին, անկիւնայինի խաղարկումից յետոյ նա գլխի հարւածով գրաւեց անգլիացիների դարպասը՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ: Ի դէպ սա կոլումբիացի պաշտպանի երրորդ գոլն էր երեք անընդմէջ հանդիպման ընթացքում:

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրաւում չարձանագրւեց եւ գործը հասաւ անգլիացիների համար այնքան տհաճ յետխաղեայ 11 մետրանոց հարւածներին:

Երբ Կոլումբիայի դարպասապահ Դաւիդ Օսպինային յաջողւեց յետ մղել Ջորդան Հենդերսոնի հարւածը, թւում էր, թէ «Եռաառիւծներ»-ի համար ամէն ինչ վերջացած է: Սակայն, այս անգամ բախտը ժպտաց նրանց: Նախ վրիպեց Մատէոս Օրիբէն, իսկ յետոյ Ջորդան Պիկֆորդը յետ մղեց Կարլոս Բակկայի հարւածը՝ անգլիացիներին պարգեւելով յաջորդ փուլի ուղեգիր:

Այսպիսով ¼-րդ եզրափակիչ փուլի վերջին զոյգը կազմեցին Շւեդիայի եւ Անգլիայի ընտրանիները:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։