Հա

Մարզական

07/07/2018

Մոնդիալ-2018. Գաւաթը կը մնայ Եւրոպայում. Ուրուգւան եւ Բրազիլիան հրաժեշտ տւեցին Մոնդիալին

Երէկ՝ յուլիսի 6-ին մեկնարկեց Մոնդիալ-2018-ի 1/4-րդ եզրափակիչ փուլը:

«alikonline.ir» - Երէկ՝ յուլիսի 6-ին մեկնարկեց Մոնդիալ-2018-ի 1/4-րդ եզրափակիչ փուլը:

Փուլի խաղային առաջին օրը նշանաւորւեց հարաւամերիկեան թիմերի տապալումով: Նշանակալի էր յատկապէս առաջնութեան ընդգծւած ֆաւորիտներից մէկի՝ Բրազիլիայի հաւաքականի պարտութիւնը:

Օրւայ առաջին հանդիպումը տեղի ունեցաւ Նիժնի Նովգորոդում: Խաղադաշտ դուրս եկան Ֆրանսիայի եւ Ուրուգւայի հաւաքականները:

Հանդիպման ողջ ընթացքում ֆրանսիացիներն ունէին խաղային ու տարածքային շօշափելի առաւելութիւն, ինչն էլ նիւթականի վերածւեց իւրաքանչիւր խաղակէսում խփւած մէկական գոլով:

Հանդիպման հաշիւը 40-րդ րոպէին բացեց Ռաֆաէլ Վարանը, որը Գրիզմանի փոխանցումից յետոյ գլխի գեղեցիկ հարւածով գրաւեց ուրուգւայցիների դարպասը:

Երկրորդ խաղակէսի 61-րդ րոպէին Անտոն Գրիզմանի հարւածից յետոյ կոպիտ սխալ թոյլ տւեց ուրուգւայցիների դարպասապահ Ֆերնանդօ Մուսլերան, ինչի արդիւնքում էլ գնդակը երկրորդ անգամ յայտնւեց նրանց դարպասում: 2:0՝ եւ ֆրանսիացիները կիսաեզրափակչում են:

Օրւայ երկրորդ հանդիպումը կայացաւ Կազանում, ուր ուժերը չափեցին Բրազիլիայի եւ Բլգիայի ընտրանիները:

1/4-րդ եզրափակիչ փուլի կենտրոնական դիմակայութիւնում աւելի ուժեղ գտնւեցին «Կարմիր սատանաներ»-ը՝ հետագայ պայքարից դուրս թողնելով «Seleção»-ին, ինչն էլ կարելի է համարել առանց այն էլ անակնկալների պակաս չզգացող, Մոնդիալ-2018-ի հերթական անակնկալը:

Հանդիպման հաշիւը բացւեց 13-րդ րոպէին: Չադլիի փոխանցումից յետոյ Ֆերնանդինիոն ինքնագոլի հեղինակ դարձաւ:

Գոլից յետոյ թէպէտ բրազիլացիները փորձում էին շտկել իրավիճակը, սակայն նրանց մօտ ինչ-որ բան պակասում էր, փոխարէնն աւելի նպատակային էին բելգիացիների գրոհները, որոնք էլ արդիւնաւորւեցին 31-րդ րոպէին, երբ Կեւին դէ Բրոյնէի հարւածից յետոյ գնդակը երկրորդ անգամ յայտնւեց Ալիսոնի պաշտպանած դարպասում:

Երկրորդ խաղակէսում եւս խաղը փրկելու բրազիլացիների փորձերը չտւեցին համապատասխան արդիւնքը: Նրանց միայն յաջողւեց կրճատել հաշւի տարբերութիւնը, որն էլ բաւարար չէր յաջորդ փուլ դուրս գալու համար:

76-րդ րոպէին Ռենատօ Աուստոն գլխի հարւածով խփեց «պենտակամպիոններ»-ի միակ գոլը: 2:1՝ եւ Մոնդիալ-1986-ից յետոյ, բելգիացիները կրկին նւաճեցին կիսազրափակիչ փուլի ուղեգիր:

Ի դէպ, սա աշխարհի առաջին առաջնութիւնն է, որի կիսաեզրափակիչ փուլում չեն խաղայ Գերմանիայի, Բրազիլիայի կամ Արգենտինայի հաւաքականներից որեւէ մէկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։