Հա

Մարզական

08/07/2018

Ո՞ր թիմը կը դառնայ աշխարհի չեմպիոն. Կաֆուի, Ստոիչկովի եւ Կանդելայի կանխատեսումը

Երեւանում գտնւող լեգենդար ֆուտբոլիստներ, բրազիլացի Կաֆուն, ֆրանսիացի Վենսան Կանդելան եւ բուլղարացի Խրիստօ Ստոիչկովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցին Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան իրենց կանխատեսումները` խօսելով նաեւ «VAR» համակարգի մասին: 

«alikonline.ir» - Երեւանում գտնւող լեգենդար ֆուտբոլիստներ, բրազիլացի Կաֆուն, ֆրանսիացի Վենսան Կանդելան եւ բուլղարացի Խրիստօ Ստոիչկովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցին Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան իրենց կանխատեսումները` խօսելով նաեւ «VAR» համակարգի մասին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Խրիստօ Ստոիչկովն աշխարհի չեմպիոն տեսնում է ինչպէս Ռուսաստանին, այնպէս էլ փլէյ-օֆֆ փուլ հասած հանդէս եկող միւս հաւաքականներին (Զրոյցը տեղի է ունեցել յուլիսի 7-ի հանդիպումներից առաջ-ԽՄԲ.):

«Ինչո՞ւ ոչ, Ռուսաստանը կարող է դառնալ աշխարհի չեմպիոն: Մի շարք ուժեղագոյն հաւաքականներ արդէն դուրս են մնացել պայքարից՝ Արգենտինա, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա... Այնպէս որ ամէն ինչ հնարաւոր է: Եզրափակիչում տեսնում եմ Ֆրանսիա-Բելգիա զույգը: Փլէյ-օֆֆի միւս ցանցի թիմերը՝ Ռուսաստանը, Խորւաթիան, Անգլիան եւ Շւեդիան կարող են եւ անակնկալներ մատուցել: Ֆուտբոլում ամէն ինչ հնարաւոր է»,- ասաց Խրիստօ Ստոիչկովը:

Թէ Կաֆուն ում է տեսնում աշխարհի չեմպիոն, նա նշեց միայն Բրազիլիայի հաւաքականին:

«Ինձ համար աշխարհի չեմպիոնը միայն Բրազիլիան է, բայց, ցաւօք, նա այլեւս չի շարունակում պայքարը»,- կատակեց Կաֆուն:

Իսկ Կանդելան աշխարհի չեմպիոն ցանկանում է տեսնել իր երկրի հաւաքականին՝ Ֆրանսիային:

«Կարծում եմ աշխարհի չեմպիոն կը դառնայ Ֆրանսիան կամ Ռուսաստանը: Ֆրանսիայի հաւաքականում երիտասարդ եւ ուժեղ խաղացողներ շատ կան: Կանխատեսում եմ նաեւ Ռուսաստանի յաղթանակ, քանի որ մեծ ֆուտբոլում միշտ այդպէս է. միշտ չէ, որ յաղթում են ֆաւորիտները: Բայց չեմ էլ կարող չնշել Ռուսաստանի խաղը Իսպանիայի դէմ: Բոլորս տեսանք, թէ ինչպէս նրանք խաղացին: Քանի որ Ռուսաստանը դեռ պայքարի մէջ է, ուրեմն արդէն ուժեղ է»,- նկատեց Կանդելան:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստները խօսեցին նաեւ ԱԱ-2018-ում առաջին անգամ կիրառվող «VAR» (կրկնապատկերի) համակարգը:

Խրիստօ Ստոիչկովը գտնում է, որ համակարգում դեռ շատ խնդիրներ կան:

«Ինձ աւելի շատ անհանգստացնում են այն մարդիկ, որոնք աշխատում են այդ համակարգի հետ: Ճիշտ կը լինէր, որ այդ համակարգով աշխատէին այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում խաղացել են ֆուտբոլ, ոչ թէ բանկում, ռեստորանում կամ այլ ոլորտներում աշխատողները»,- նշեց Խրիստօ Ստոիչկովը:

Կաֆուն ողջունում է նոր համակարգի գործածութիւնը:

«Դրական եմ համարում այս ներդրումը ֆուտբոլում: Երբեմն ուղղակի հնարաւոր չէ անզէն աչքով ճիտշ որոշումներ կայացնել: Բայց կարծում եմ համակարգը դեռ լիարժէք չի աշխատում, քանի որ այս աշխարհի առաջնութիւնում եղան դէպքեր, որ մի հաւաքական շահում էր համակարգից, միւսի համար անարդար էր ստացւում»,-ասաց Կաֆուն:

Կանդելայի փոխանցմամբ՝ «VAR» համակարգը հետագայում կարող է հարցեր լուծել ֆուտբոլում:

«Այս համակարգը շատ կարեւոր է մեծ ֆուտբոլում: Այս աշխարհի առաջնութիւնում սա առաջին փորձն էր, բայց կարծում եմ դեռ շատ աշխատանք կայ համակարգը կատարելագործելու համար: Ես կողմ եմ այս համակարգի կիրառմանը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։