Print this page
10/07/2018 - 13:30

Մոնդիալ-2018. Ֆրանսիա-Բելգիա. Առաջին կիսաեզրափակչին ընդառաջ

Աշխարհի 2018 թւականի առաջնութիւնը դուրս է եկել վճռական փուլ: Պայքարի մէջ են մնացել եւրոպական չորս հաւաքականներ, որոնք կը պայքարեն բաղձալի գաւաթին տիրանալու համար:

«alikonline.ir» - Աշխարհի 2018 թւականի առաջնութիւնը դուրս է եկել վճռական փուլ: Պայքարի մէջ են մնացել եւրոպական չորս հաւաքականներ, որոնք կը պայքարեն բաղձալի գաւաթին տիրանալու համար: Գրում է «armsport.am»-ը:

Առաջին կիսաեզրափակչի զոյգը կազմել են Բելգիայի ու Ֆրանսիայի հաւաքականները, որի յաղթողը եզրափակչում կը մրցի Խորւաթիա-Անգլիա զոյգի յաղթողի հետ:

 

Բելգիա

Եթէ շատերի համար Ֆրանսիայի` կիսաեզրափակչում յայտնւելը մեծ անակնկալ չէր, ապա նոյնը չի կարելի ասել Բելգիայի ընտրանու համար:

Ռոբերտօ Մարտինէսը Ռուսաստան էր մեկնել իր կազմում ունենալով մի շարք աստղային ֆուտբոլիստներ, որոնք Բելգիայի «ոսկէ սերունդն» են եւ շատերը կարծում էին, որ նրանք հէնց այս առաջնութեան ժամանակ պէտք է փայլէին: Բելգիացիները, որոնք թաքնւած ֆաւորիտի կարգավիճակով էին ժամանել Մոնդիալ, երկրպագուների սպասելիքներն արդարացրին: Կիսաեզրափակչին նրանք աւելի հանգիստ կարգավիճակով են մօտենում, քանի որ արդէն պայքարից դուրս են թողել աշխարհի հնգակի չեմպիոններին ու հայրենիքում նրանց ոչ մէկ չի մեղադրի եզրափակիչ դուրս չգալու համար:

 

Ֆրանսիա

Նոյնը չի կարելի ասել Ֆրանսիայի մասին: Դեշամի թիմը, չնայած շատ երիտասարդ լինելուն, աշխարհի առաջնութեանը մօտեցել էր ֆաւորիտներից մէկի կարգավիճակով: Ֆրանսիայում գիտեն, որ իրենց կազմը բաւականին երիտասարդ է ու այս թիմը տիտղոսներ դեռեւս կարող է նւաճել, սակայն ինչու սպասել եւս չորս տարի, եթէ կարելի է տօնել ընդամենը երկու յաղթանակ ու յաւերժ գրել իրենց անունները ֆրանսիական ֆուտբոլի պատմութեան մէջ:

Մասնագէտներն առաջիկայ խաղում ֆաւորիտ համարում են Ֆրանսիային, ինչը կարող է մի փոքր բարդացնել Մբապէի ու թիմակիցների գործը, որոնց աւելորդ լարւածութիւն պէտք չէ:

 

Ճանապարհ դէպի կիսաեզրափակիչ

Երկու հաւաքականներն էլ բաւականին հեշտութեամբ յաղթահարեցին խմբային փուլը: 

Բելգիա

Բելգիայի ընտրանին G խմբում վաստակեց 9 միաւոր: Բացի 100 տոկոսանոց արդիւնքից, բելգիացիները նաեւ վառ խաղ ցուցադրեցին՝ յաղթելով Անգլիային ու փլէյ-օֆ դուրս գալով առաջին հորիզոնականով: 1/8 եզրափակչում սպասւում էր, որ Մարտինէսի ֆուտբոլիստները խնդիրներ չեն ունենայ Ճապոնիայի հետ մրցավէճում: Սակայն, այս խաղում այլ մտադրութիւններ ունէին ճապոնացիները, ովքեր մինչեւ 69-րդ րոպէին ունէին երկու գնդակի առաւելութիւն: Կարելի է ասել, որ հէնց այս խաղում Բելգիան հաստատեց այս առաջնութիւնում ֆաւորիտի իր կարգավիճակը` տանելով փայլուն կամային յաղթանակ ու դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Այստեղ նրանց սպասում էր մրցաշարի գլխաւոր ֆաւորիտը` Բրազիլիան: Շատերի համար անսպասելիօրէն առաջին կէսից յետոյ Բելգիան յաղթում էր 2:0 հաշւով: Տակտիկական ու խաղային առումով Մարտինէսը հիանալի յաղթանակի հասաւ Տիտէի նկատմամբ: Երկրորդ կէսում էլ, յուսալի պաշտպանւելով, կարողացան հասնել ցանկալի արդիւնքի: Խաղն աւարտւեց 2:1 հաշւով ու համեստ բելգիացիները տուն ճանապարհեցին Նէյմարին ու խաղընկերներին, ովքեր, անկասկած, այլ ծրարգրեր ունէին ԱԱ-2018-ի հետ կապւած:

Ֆրանսիա

Ֆրանսիան նույնպէս խնդիրներ չունեցաւ խմբային փուլում: Երկու յաղթանակ եւ մէկ ոչ-ոքի, այն էլ Դանիայի հետ ոչինչ չորոշող խաղում: Ֆրանսիացիները ուժեր խնայելով դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ նրանց սպասում էր Մեսսին` Արգենտինայի հաւաքականի հետ միասին:

Դեշամի թիմը հանդիպումը սկսեց այնպէս, ինչպէս խաղում էր խմբային փուլում: Ոչ վառ խաղ, քիչ հարւածներ ու գրոհներ, ինչի արդիւնքում երկրորդ կէսում նրանք պարտւում էին 1:2 հաշւով: Հէնց երկրորդ գոլից յետոյ կարծես թէ Դեմաշը միացրեց իր ֆուտբոլիստներին, որոնք սկսեցին խաղալ այնպէս, ինչպէս նրանցից սպասում էին: Գլխաւոր դերը յաղթանակում ստանձնեց 19-ամեայ Մբապէն, ում հետեւից այդպէս էլ չհասցրին գնալ արգենտինացի պաշտպանները: ՊՍԺ-ի խաղացողը դուբլ գրանցեց իր հաշւին, իսկ «աքլորները» յաղթանակի հասան 4:3 հաշւով:

Քառորդ եզրափակչում էլ Ֆրանսիան առանց մեծ դժւարութիւնների վստահ յաղթանակ տարաւ Ուրուգւայի նկատմամբ: Գրիզմանի ու Վարանի գոլերը եռագոյններին դուրս բերեցին Բելգիայի հետ առճակատման:

 

Հաւանական մեկնարկային կազմեր

Ֆրանսիա - Լորիս, Վարան, Ումտիտի, Պաւար, Լուկաս, Կանտէ, Պոգբա, Մատիւիդի, Գրիզման, Ժիրու, Մբապէ

Բելգիա - Կուրտուա, Ալդերւէյրելդ, Կոմպանի, Վերտոնգէն, Կարասկօ, Շադլի, Ֆելաինի, Վիտսէլ, Ազար, Դէ Բրոյնէ, Լուկակու

Յարակից լուրեր