Հա

Մարզական

12/07/2018

Մոնդիալ-2018. «Եռաառիւծներ»-ի խորտակւած անուրջները. Խորւաթիան պատմութիւն կերտեց

Յուլիսի 15-ին Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում Ֆրանսիայի եւ Խորւաթիայի հաւաքականները կը խաղարկեն աշխարհի գաւաթը:

«alikonline.ir» - Յուլիսի 15-ին Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում Ֆրանսիայի եւ Խորւաթիայի հաւաքականները կը խաղարկեն աշխարհի գաւաթը:

Երէկ՝ յուլիսի 11-ին Մոսկւայում կայացաւ Մոնդիալ-2018-ի կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Անգլիայի եւ Խորւաթիայի ընտրանիները:

Հանդիպման մեկնարկը յուսադրող էր անգլիացիների համար: 5-րդ րոպէին տուգանայինից կատարած հրաշալի հարւածով Քէյրան Տրիպիէն բացեց հանդիպման հաշիւը՝ առաջ մղելով «Եռաառիւծներ»-ին:

Գոլից յետոյ էլ Անգլիայի հաւաքականն ունէր որոշակի առաւելութիւն, որը, սակայն, նիւթականի վերածել նրանց չյաջողւեց: Յատկանշական էր յատկապէս 30-րդ րոպէն, երբ Հարի Քէյնը չկարողացաւ իրացնել 100 տոկոսանոց գոլային պահը՝ նպաստաւոր դիրքից հարւածելով դարպասաձողին:

Երկրորդ խաղակէսում նախաձեռնութեանը տիրում էին խորւաթները: Նրանց գրոհներն արդիւնաւորւեցին 68-րդ րոպէին, երբ Իւան Պերիշիչը գեղեցիկ հարւածով հաշւում վերականգնեց հաւասարութիւնը: 72-րդ րոպէին Պերիշիչը կարող էր նաեւ վճռել հանդիպման ելքը, սակայն նրա հարւածից յետոյ գնդակը յետ մղւեց դարպասաձողից:

Հանդիպման հիմնական ժամանակն աւարտւեց ոչ-ոքի՝ 1:1 հաշւով: Լրացուցիչ ժամանակում, դարձեալ աւելի վտանգաւոր էին գրոհում խորւաթները: Նրանց գրոհներն արդիւնաւորւեց 109-րդ րոպէին, երբ Պերիշիչի փոխանցումից յետոյ Մարիօ Մանջուկիչը ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը: 2:1՝ եւ խորւաթները կերտեցին պատմութիւն, առաջին անգամ դուրս գալով Աշխարհի առաջնութեան եզրափակիչ:

Նշենք, որ 1962 թւականից ի վեր, Խորւաթիան Արեւելեան Եւրոպայի առաջին թիմն է, որին յաջողւում է դուրս գալ Աշխարհի առաջնութեան եզրափակիչ հանդիպում:

Ի դէպ, խորւաթները դարձան եւս մի իւարայատուկ ռեկորդի հեղինակ. փլէյ-օֆի իրենց երեք հանդիպումներում յաղթանակի հասնելու համար նրանք պայքարեցին 120 րոպէ:

Իսկ «Եռաառիւծներ»-ի անուրջները խորտակւեցին. 1966 թւականից ի վեր Մոնդիալների եզրափակիչ խաղում յայտնւելու համար նրանց 52 ամեայ սպասումները դարձեալ անկատար մնացին: Փաստօրէն «Football is coming back home»-ի իրականացման համար նրանք պէտք է սպասեն եւս 4 տարի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։