Հա

Մարզական

15/07/2018 - 09:00

Մոնդիալ-2018. Բելգիան՝ բրոնզէ մեդալակիր. «Եռաառիւծներ»-ը մնացին ձեռնունայն

Սանկտպետերբուրգում, երէկ՝ յուլիսի 14-ին կայացաւ Մոնդիալ-2018-ի 3-րդ տեղի համար հանդիպումը:

«alikonline.ir» - Սանկտպետերբուրգում, երէկ՝ յուլիսի 14-ին կայացաւ Մոնդիալ-2018-ի 3-րդ տեղի համար հանդիպումը:

Խաղադաշտ դուրս եկան Բելգիայի եւ Անգլիայի հաւաքականները, որոնք այս առաջնութեան ընթացքում արդէն մէկ անգամ հանդիպել էին խմբային փուլում:

Հանդիպման մեկնարկը հիանալի էր բելգիացիների համար: Նրանց առաջին իսկ լուրջ գրոհն արդիւնաւորւեց գոլով: 4-րդ րոպէին Շադլիի հիանալի անցումից եւ փոխանցումից յետոյ Թոմաս Մենիէն գրաւեց անգլիացիների դարպասը:

Գոլից յետոյ, թէեւ «Եռաառիւծներ»-ը փորձում էին շտկել իրավիճակը, սակայն, նրանց մօտ պակասում էր համակցւած ֆուտբոլն ու գրոհներում սրութիւնը:

Երկրորդ խաղակէսում էլ պատկերը նոյնն էր: «Եռաառիւծներ»-ի յախուռն ու զգացական գրոհները հանդիպում էին մրցակցի ամուր ու սառնասիրտ պաշտպանութեան, փոխարէնն աւելի վտանգաւոր էին «Կարմիր սատանաներ»-ի հակագրոհները, որոնցից մէկն էլ նիւթականի վերածւեց խաղաւարտից 8 րոպէ առաջ:

82-րդ րոպէին Դէ Բրոյնէի հիանալի փոխանցումից յետոյ Էդէն Ազարը երկրորդ անգամ գրաւեց Ջորդան Փիքֆորդի պաշտպանած դարպասը: 2:0՝ եւ Բելգիայի հաւաքականն առաջին անգամ դարձաւ ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր:

Իսկ Անգլիացիները, որոնք այնքան մեծ յոյսեր էին փայփայում այս Մոնդիալի հետ կապւած, դարձեալ ստիպւած են ձեռնունայն վերադառնալ տուն: Նրանց միայն յաջողւեց կրկնել Մոնդիալ-1990-ի ցուցանիշը:

Այսպիսով Մոնդիալ-2018-ը հասաւ վերջին հանգրւանին: Այսօր, Ժամը 19:30-ին Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում կը կայանայ առաջնութեան եզրափակիչ հանդիպումը: Ֆրանսիայի եւ Խորւաթիայի հաւաքականները կը պայքարեն ՖԻՖԱ-ի ոսկէ գաւաթին տիրանալու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։