Հա

Մարզական

16/07/2018

Մոնդիալ-2018. «Աքլորներ»-ի ոսկէ կանչը. Ֆրանսիան՝ աշխարհի չեմպիոն

Մոնդիալ-2018-ը հատեց վերջնագիծը: Ֆրանսիան 20 տարի անց դարձեալ նւաճեց Աշխարհի գաւաթը:

«alikonline.ir» - Մոնդիալ-2018-ը հատեց վերջնագիծը: Ֆրանսիան 20 տարի անց դարձեալ նւաճեց Աշխարհի գաւաթը:

Երէկ՝ յուլիսի 15-ին Մոսկւայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի ունեցաւ Մոնդիալ-2018-ի եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Ֆրանսիայի եւ Խորւաթիայի հաւաքականները:

Շտապենք ասել, որ անզիջում՝ ինտրիգային պայքար չստացւեց: Ֆրանսիայի հաւաքականը պարզապէս ուժեղ էր խորւաթներից ֆուտբոլային բոլոր բաղադրիչներով։ Նրանց համար ամէն ինչ կանխատեսելի եւ հանգիստ ընթացք ունեցաւ։

Սակայն, արդար լինելու համար պէտք է նշենք, որ հանդիպման նման ընթացքը ինչ-որ չափով պայմանաւորւած էր նաեւ Խորւաթիայի հաւաքականի գեր յոգնածութեամբ, որը մինչ եզրափակիչն անցկացրած երեք անընդմէջ 120 ռորէանոց հանդիպումների արդիւնք էր: Դա, յատկապէս, տեսանելի էր երկրորդ խաղակէսում, երբ պարզորոշ զգացւում էր, թէ խորւաթ ֆուտբոլիստների մկաններն այլեւս ի զօրու չեն կատարելու նեարդային համակարգի հրահանգները:

Հանդիպման հաշիւը բացւեց 18-րդ րոպէին: Գրիզմանի՝ տուգանայինից փոխանցումից յետոյ Մարիօ Մանջուկիչը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

10 րոպէ անց՝ 28-րդ րոպէին խորւաթներին յաջողւեց հաշւում վերականգնել հաւասարութիւնը: Իւան Պերիշիչը ֆանտաստիկ հարւածով դարձաւ գեղեցիկ գոլի հեղինակ:

Սա, սակայն, առաջին խաղակէսի իրադարձութիւնների աւարտը չէր: 38-րդ րոպէին նոյն՝ Պերիշիչը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց: Կրկնապատկերի դիտումից յետոյ, մրցավարը 11-մետրանոց հարւած նշանակեց, որն էլ յստակօրէն իրացրեց Անտոն Գրիզմանը:

Երկրորդ խաղակէսում ֆրանսիացիները խաղային ու տարածքային բացայայտ առաւելութիւն ունէին: 59-րդ րոպէին Պօլ Պոգբան խփեց «Աքլորներ»-ի երրորդ գնդակը, իսկ 6 րոպէ անց՝ 65-րդ րոպէին, Կիլիան Մբապէն հաշիւը դարձրեց 4:1:

69-րդ րոպէին ֆրանսիցիների դարպասապահ եւ աւագ Հիւգօ Լորիսի կոպիտ սխալից յետոյ, Մարիօ Մանջուկիչին յաջողւեց հաշւում կրճատել տարբերութիւնը: 4:2՝ եւ Ֆրանսիան քսան տարի անց կրկին նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Իհարկէ արժանին պէտք է մատուցել նաեւ Խորւաթիայի հաւաքականի ֆուտբոլիստներին, որոնք անկախ եզրափակիչ հանդիպման արդիւնքից դարձան Մոնդիալ-2018-ի իսկական յայտնութիւնն ու հերոսները: Նրանք արժանի են մեծագոյն դրւատանքի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։