Հա

Մարզական

17/07/2018

Ֆուտբոլ. մի օրում կարելի է կործանել, բայց վերականգնելը տարիներ կը պահանջի

Հայկական ֆուտբոլում կրկին անհանգիստ իրավիճակ է։ Արդէն 16 տարի ֆուտբոլի ֆեդերացիան գլխաւորում է Ռուբէն Հայրապետեանը, եւ արդէն աւելի քան տասը տարի հնչում են նրա հրաժարականի մասին ցանկութիւններ, երբեմն էլ` պահանջներ։ Հիմա թւում է` պահը հասունացել է։

«alikonline.ir» - Հայկական ֆուտբոլում կրկին անհանգիստ իրավիճակ է։ Արդէն 16 տարի ֆուտբոլի ֆեդերացիան գլխաւորում է Ռուբէն Հայրապետեանը, եւ արդէն աւելի քան տասը տարի հնչում են նրա հրաժարականի մասին ցանկութիւններ, երբեմն էլ` պահանջներ։ Հիմա թւում է` պահը հասունացել է։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կանոնադրութեան համաձայն, նախագահի ընտրութիւնները պէտք է կայանան 2019 թւականի փետրւարին։ Հայրապետեանը բազմիցս ասել է, եւ հիմա էլ շարունակում է պնդել, որ իրենից բացի ոչ մէկին չի տեսնում, ով կարող է արդիւնաւէտ ղեկավարել կազմակերպութիւնը։

Ընդ որում` մինչեւ 2010 թւականը գործող կանոնադրութեան համաձայն, ՀՖՖ նախագահը կարող է չորս անգամ զբաղեցնել այդ պաշտօնը` ամէն անգամ չորս տարով։ Սակայն 2010 թ.-ին նոր կանոնադրութիւն է ընդունւել, եւ հիմա ՀՖՖ ղեկավարի լիազօրութիւնների ժամկէտն անսահմանափակ է։

Հիմա չենք զբաղւի Հայրապետեանի «բարի» եւ «չար» գործերի հաշւարկով։ Առաջ կը գնանք` ընդամենը նշելով, որ հէնց նրա ճնշման տակ է գրեթէ ոչնչացւել հիանալի հաւաքականը, որին շատ քիչ էր մնում` 2012 թւականի Եւրոպայի առաջնութեան եզրափակիչ փուլ դուրս գալու համար։

Հիմա արդէն ըմբոստանում են ոչ միայն ֆուտբոլասէրները, այլ նաեւ ակումբները։ Սկսւել է Գիւմրու «Շիրակ»-ից, որից «մրցակցին կաշառելու փորձի համար» հանւել են միաւորներ, եւ ակումբը զրկւել է մեդալներից եւ եւրոգաւաթներին մասնակցելու հնարաւորութիւնից։ Ոչ մի դէպքում չեմ փորձում դատել արդարութեան կամ այդ մեղադրանքների մտացածին բնոյթի մասին, սա ուղղակի փաստերի շարադրում է։

Հիմա «Շիրակ»-ին միացել է Երեւանի «Փիւնիկ»-ը` Հայաստանի բազմակի չեմպիոնը, անկախ Հայաստանի տիտղոսակիր ակումբը։ Ակումբի ղեկավարութիւնը չափազանց դժգոհ է ՀՖՖ գործողութիւններից եւ յայտարարութիւն է տարածել` ինչպէս ՀՖՖ-ի, այնպէս էլ դրա նախագահի` Հայաստանի Հանրապետական կուսակցութեան նախկին պատգամաւոր Ռուբէն Հայրապետեանի սուր քննադատութեամբ։ Յայտարարութիւնում, մասնաւորապէս, նշւում է, որ ՀՖՖ-ն Հայրապետեանի գլխաւորութեամբ ամէն կերպ բարդացնում է «Փիւնիկ»-ի կեանքը եւ բազմաթիւ խոչընդոտներ ստեղծում։

«Փիւնիկ»-ի հետ սկանդալի մանրամասները կարելի է կարդալ մամուլում, իսկ առայժմ նախօրէին աւարտւած աշխարհի առաջնութեան թէժ հետքերով կարելի է մի քանի դիտողութիւններ անել։ Այս առաջնութիւնում ելոյթ են ունեցել երեք երկրների հաւաքականներ, որոնց բնակչութիւնների թիւը նման է Հայաստանին, եւ նրանք հասել են եզրափակիչ Եւրոպայի եւ Հարաւային Ամերիկայի ուժեղագոյն թիմերի մէջ։

Եզրափակիչ անցած երկիրը` Խորւաթիան, ունի 4 միլիոն բնակչութիւն (պաշտօնական տւեալներով` Հայաստանում ապրում է մօտ 3 միլիոն)։ Նշենք նաեւ Ուրուգւայը, որի բնակչութիւնը կէս միլիոնով է աւել Հայաստանից, եւ Իսլանդիան, որը Հայաստանին գրեթէ 10 անգամ զիջում է` 350 հազար մարդ։

Այնպէս որ, ինչպէս ցոյց են տալիս փաստերը, բնակչութիւնը թւաքանակը որոշիչ չէ ուժեղ հաւաքական ունենալու համար։ Կասէք, որ այդ երկրները հարո՞ւստ են Հայաստանից։ Դէ, բացառութեամբ Իսլանդիայի, այնպէս չէ, որ շատ, յատկապէս` Ուրուգւայը։ Անշուշտ, Խորւաթիան էլ բազմաթիւ խնդիրներ ունի, որոնք աւելի կարեւոր են ֆուտբոլից եւ պահանջում են առաջնահերթ ֆինանսական ներարկումներ։

Այո, ֆուտբոլը թանկարժէք սպորտ է, բայց այդ ժամանակ առաջին պլան է մղւում ունեցած միջոցների արդիւնաւէտութիւնը։ Իսկ ունեցած միջոցները, առաջին հերթին, պէտք է ներդնել մանկապատանեկան ֆուտբոլի մէջ (եթէ, իհարկէ, խնդիր է դրւում երկրում զարգացնել ֆուտբոլը, այլ ոչ թէ վայելել լաւ պաշտօնը)։ Մի՞թէ դուք նման ուղղութիւն էք տեսնում Հայաստանում` ոչ թէ էնտուզիաստների առանձին փորձեր, այլ մշակւած ծրագիր, որը հետեւողականօրէն իրականացւում է։ Ես էլ չեմ տեսնում։

Եւ սա միայն երեխաներն ու պատանիներն են, իսկ կազմակերպւած, ծրագրային մօտեցում եւ լուծումների ներդրում պահանջող բոլոր խնդիրները թւարկելու համար տեղը չի բաւականացնի։ Փոխարէնը ՀՖՖ-ն իրեն պահում է օլիմպիական հանգստութեամբ։ Այդպէս աշխատել իրենց կարող են թոյլ տալ, ասենք, Գերմանիայում, որտեղ ցանկացած մրցաշարում ցանկացած տեղ, բացի առաջինից, գնահատւում է որպէս ձախողում։ Բայց բանն այն է, որ գերմանական ֆուտբոլային գործիչները չեն կարող իրենց թոյլ տալ ձեռքերը ծալած աշխատանքի շքեղութիւն` դա շատ արագ կանդրադառնայ երկրում ֆուտբոլի մակարդակի վրայ։

Արդէն որքան է խօսւել թիմերի խայտառակ քանակի մասին, որոնք մասնակցում են ազգային առաջնութեան լիգային։ Հիմա խոստանում են աւելացնել ակումբների թիւը, տեսնենք, բայց այս նախաձեռնութիւնից էլ է ձախողման հոտ գալիս` հաշւի առնելով «Շիրակ»-ի դէմարշը եւ «Փիւնիկ»-ի վրդովմունքը։

Եւս մի բան։ Մամուլում յայտնւել են հրապարակումներ, որոնցում Ռուբէն Հայրապետեանի պաշտօնում տեսնում են երկրի ուժային գերատեսչութիւններից մէկի ղեկավարին (Խօսքը նիկոլ Փաշինեանի մերձաւորագոյն թիմակիցներից մէկի, ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան պետի մասին է-ԽՄԲ.)։ Կը համարձակւեմ կարծիք յայտնել, որ բարձր եւ պատասխանատու պետական պաշտօնը ՀՖՖ նախագահի պաշտօնի հետ համատեղելը հայկական ֆուտբոլի համար ոչ մի լաւ բանով չի վերջանայ։ Նա այն վիճակում չէ, որպէսզի ղեկավարւի մնացորդային սկզբունքով։ Պետական պաշտօնեան` յատկապէս բարձրաստիճան, չպէտք է ժամանակ ունենայ նաեւ ֆուտբոլը ղեկավարելու համար։

Հաւանաբար, պէտք է մարդ, որը զբաղւած չէ մէկ այլ վայրում ծառայողական պարտականութիւններով, նա կարող ունենալ, օրինակ, սեփական բիզնես, որը չի պահանջում մշտական ուշադրութիւն եւ քրտնաջան աշխատանք, որպէսզի ՀՖՖ նախագահը հիմնականում աշխատի հայրենական ֆուտբոլի զարգացման համար։ Այլապէս սայլը կը մնայ նոյն տխուր տեղում։

Ով էլ ղեկավարի ՀՖՖ-ը, թէկուզ հայկական ֆուտբոլին ամէնից շատ նւիրւած մարդը` լի ստեղծարար եւ օգտակար գաղափարներով ու նախագծերով, դրանց իրացման հնարաւորութիւններով, ոլորտը մոխրից վեր հանելը շատ ժամանակ կը պահանջի, ուստի չպէտք է դրսեւորել ազգային անհամբերութեան առանձնայատկութիւնները եւ ակնթարթային արդիւնքներ ակնկալել։

Դրական տեղաշարժ չի լինի ոչ մէկ ամսում, ոչ էլ մի տարում։ Լաւագոյն դէպքում ինչ-որ լաւատեսական բան կարելի է տեսնել հինգ տարի յետոյ` իսկապէս արդիւնաւէտ եւ արգասաբեր աշխատելու պահից յետոյ. իսկ այդ պահը հորիզոնում դեռ չի երեւում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։