Հա

Մարզական

16/08/2018 - 08:30

«Արարատ»-ի լեգենդ Էդւարդ Մարգարովը կարող է փրկել հայկական ֆուտբոլը

48 տարի առաջ` 1971 թւականին, Երեւանի «Արարատ» ակումբում նորեկ յայտնւեց։ Սակայն նա երիտասարդ ու անփորձ չէր. 29 տարեկան էր, գրեթէ վետերան, ԽՍՀՄ հաւաքականներում ունեցած լուրջ փորձով եւ որպէս «օժիտ» միութեան առաջնութեանն արժանացած բրոնզէ մեդալով։ Նորեկի անունը Էդւարդ Մարգարով էր։

«alikonline.ir» - 48 տարի առաջ` 1971 թւականին, Երեւանի «Արարատ» ակումբում նորեկ յայտնւեց։ Սակայն նա երիտասարդ ու անփորձ չէր. 29 տարեկան էր, գրեթէ վետերան, ԽՍՀՄ հաւաքականներում ունեցած լուրջ փորձով եւ որպէս «օժիտ» միութեան առաջնութեանն արժանացած բրոնզէ մեդալով։ Նորեկի անունը Էդւարդ Մարգարով էր։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Բաքւի «Նեֆթչի»-ից, որտեղ նա երկար տարիներ խաղացել էր, Մարգարովին բաւական տգեղ ճանապարհեցին`մեղադրելով հարստութիւն դիզելու, ագահութեան, դաւաճանութեան եւ այլ մահացու մեղքերում։ Էդւարդ Արտյոմովիչը տհաճութեամբ է պատասխանում այդ մասին հարցերին, նրա համար ծանր եւ ցաւալի է այդ ամէնը յիշել, այդ պատճառով անմիջապէս անցնենք հաճելիին։

Մարգարովը «Արարատ» եկաւ 1971 թւականի խաղաշրջանի սկզբին, իսկ մի քանի ամիս անց արդէն Երեւանում տղաներն (այս յօդւածի հեղինակը նոյնպէս) իրենց շապիկներին «9» համարն էին գրում, որի ներքոյ խաղում էր ակումբի յարձակւողը։ Եւս մի քանի ամիս անց թիմն արծաթէ մեդալ նւաճեց համամիութենական առաջնութեան ժամանակ` իր պատմութեան մէջ առաջին անգամ այդքան բարձր արդիւնք գրանցելով։

Մարգարովին Երեւան գալ համոզել էր Ալեքսանդր Կովալենկոն` փառապանծ պաշտպանն ու «Արարատ»-ի անխօս հեղինակութիւնը։

«Շուրիկը լաւ մարդ էր եւ հիանալի խաղացող, ուղեղը լաւ էր աշխատում», – վաղաժամ կեանքից հեռացած ընկերոջ մասին տխրութեամբ ասում է Մարգարովը։

Հինգ տարւայ ընթացքում Մարգարովը թիմակից ընկերների հետ Միութեան չեմպիոն դարձաւ, յաղթանակ տարաւ երկրի երկու գաւաթներում եւ յաղթեց նաեւ այն ժամանակ իր կազմում 7 նորաթուխ աշխարհի չեմպիոն ունեցող անյաղթ Միւնհենի «Բաւարիա»-ին։ Նա ֆուտբոլից հեռացաւ 34 տարեկանում, նոյնիսկ այսօրւայ դրութեամբ ֆուտբոլի համար պատկառելի տարիք է, իսկ այն ժամանակների համար` լրիւ վետերան էր։

Մարգարովը հեռացաւ` «երկրորդ յարկում» հիանալի խաղացողի համբաւ ձեռք բերելով. հակառակորդի դարպաս մի շարք գնդակներ գլխով էր ուղարկել` լինելով ոչ այդքան բարձրահասակ։ Նա հեռացաւ իր ամբողջ կարիերայի ընթացքում ոչ մի դեղին քարտ չստանալով, կարմիրների մասին էլ չեմ խօսում։ Խաղադաշտում եւ կեանքում ջենթլմեն լինելով` նա համեստ է նաեւ այսօր, մի փոքր շփոթւում է իր նկատմամբ դրսեւորած ուշադրութիւնից, թէեւ նշում է, որ հաճելի է, երբ չեն մոռանում վետերաններին։

Յայտնի անգլիացի Բոբբի Չարլթոնին հեռու անցեալում խնդրել էին մի ֆուտբոլիստի անուն տալ, ում հետ յարմար կը լինէր իրեն նոյն թիմում խաղալ։ Չարլթոնն առանց երկմտելու նշել էր պարոն Սթենլի Մեթիւզի անունը։ Այն ժամանակ Բոբբին ասել էր, որ Մեթիւզը այնքան ջենթլմեն էր, որ գլխով հարւածելիս գնդակին, այնպէս էր անում, որ այն քուղակապով ճակատին չհարւածէր։ Նրանք, ովքեր տեղեակ չեն` այն ժամանակ ֆուտբոլի գնդակներն ամբողջական չէին, նրանց մէջ օդապարկը տեղադրւում էր անցքից, եւ այդ անցքը քուղակապւում էր։

Համոզւած եմ, որ եթէ Չարլթոնը Մարգարովի հետ խաղար, անգլիացին նաեւ նրա անունը կաւելացնէր։

«Արարատ»-ի խաղացողից Մարգարովը երեւանեան թիմի մարզիչ դարձաւ, սակայն յաջողութեան չհասաւ, ակումբից գրեթէ միաժամանակ հեռացաւ ողջ թիմը, եւ նա այդուհետ սկսեց պայքարել բարձրագոյն լիգայում գոյատեւելու համար։ Սակայն որպէս մարզիչ Մարգարովն, ամէն դէպքում, յաղթանակներ ունեցաւ. ԽՍՀՄ պատանեկան հաւաքականներում նա 1990 թւականին յաղթեց Եւրոպայի առաջնութիւնում եւ մէկ տարի անց դարձաւ համաշխարհային առաջնութեան բրոնզէ մեդալակիր։

Էդւարդ Արտեօմովիչի պարգեւների, պատւոգրերի, մեդալների եւ գաւաթների մեծ հաւաքածուում չկայ միայն նրա վերջին մեդալը։ Ահա թէ ինչու։

Բանն այն է, որ կանոնակարգի համաձայն` համաշխարհային առաջնութեան այդ մեդալներով պարգեւատրւում էին վճռորոշ խաղում խաղացած մարզիչներն ու ֆուտբոլիստները։ Հաւաքականի հիմնական դարպասապահ Անդրէյ Նովոսադովը վնասւածք էր ստացել առաջին իսկ խաղում եւ յաղթական եզրափակչին չէր մասնակցում։ Այդպիսով, մեդալ նրան չէր հասնում։ Դարպասապահը կանգնած էր արցունքոտ աչքերով, եւ Էդւարդ Արտեօմովիչը մեկնեց նրան իր «բրոնզը»։

Ներկայիս հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին խօսելիս` Մարգարովը հոգոց է հանում ու գլուխն է թափ տալիս։

«Շատ անելիքներ կան, առաջին հերթին` մանկական եւ պատանեկան ֆուտբոլն է պէտք ոտքի կանգնեցնել։ Մեզ` վետերաններիս, չեն հարցնում, իսկ մենք շատ բան կարող էինք ասել եւ սովորեցնել»,- ասում է ԽՍՀՄ սպորտի վաստակաւոր վարպետը։

Այս խօսքերը Մարգարովն ասել էր մի քանի տարի առաջ, սակայն դրանք արդիական են նաեւ այսօր։ Ասում են` հայկական ֆուտբոլի ղեկավարութիւնում մեծ փոփոխութիւններ են սպասւում, գուցէ նոր ֆեդերացիան կը լսի նախորդ տարիների վարպետներին։ Նրանք դեռ էնտուզիազմով լի են, իսկ փորձն էլ` անգին է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։