Print this page
28/08/2018

50-րդ Համահայկական ջահի օրհնութիւն

Այս տարի օգոստոսի 29-ին «Արարատ» մարզաւանում բացումն է կատարւելու 50-րդ Համահայկական խաղերի: Խաղերի բացման հանդիսութիւնից առաջ, երէկ՝ երկուշաբթի, օգոստ. 27-ի երեկոյեան բոցավառւեց խաղերը խորհրդանշող ջահը:

Իրանի 50-րդ Համահայկական խաղերի ջահակիր Մարգար Աղաջանեան

 

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Սրանից 50 տարի առաջ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ Թեհրանում հիմքը դրւեց Համահայկական մարզական խաղերի, որը իւրովի խանդավառութիւն է ստեղծում իրանահայ կեանքում, ի մասնաւորի մարզական կեանքում:

Այս տարի օգոստոսի 29-ին «Արարատ» մարզաւանում բացումն է կատարւելու 50-րդ Համահայկական խաղերի: Խաղերի բացման հանդիսութիւնից առաջ, երէկ՝ երկուշաբթի, օգոստ. 27-ի երեկոյեան բոցավառւեց խաղերը խորհրդանշող ջահը:

Ջահի օրհնութեան եւ բոցավառման արարողութիւնը կատարւեց «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում, ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ջահը յանձնւեց 50-րդ շրջանի խաղերի ջահակիր, Իրանի‎ ֆուտբոլի հաւաքականի մարզիչ Մարգար Աղաջանեանին:

Ջահի օրհնութեան արարողութիւնը իրականացաւ ներկայութեամբ առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի եւ անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ 50-րդ Համահայկական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի անդամների: Ջահի օրհնութեան կրօնական արարողութեան ընթացքում թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ բարի է լոյսը, որովհետեւ կեանքի առաջնորդն է եւ մարդու միտքը պայծառացնում է:

Թեմակալ առաջնորդը Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ կազմակերպւող Համահայկական խաղերի 50-րդ շրջանի մասնակից մարզիկներին խրախուսեց, որ մարզական ոգով եւ խաղերի օրէնքները յարգելով մրցակցեն:

Նշենք, որ ջահը մինչեւ խաղերի բացման օր՝ օգոստ. 29-ի երեկոյեան, բոցավառւած մնալու է Ս. Խաչ մատուռում, բացման հանդիսութեան օրը այն փոխադրւելու է մարզադաշտ եւ մինչեւ փակման հանդիսաւոր արարողութիւնը ջահը մնալու է անմար:

Յարակից լուրեր