×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 42
Print this page
04/09/2018 - 10:10

«Սօսէ» կինոփառատօնի մասնակցութեան յայտ է ներկայացրել 39 երկիր

«Սօսէ» միջազգային կինոփառատօնը կերտում է իր հինգերորդ պատմութիւնը։ Անցած հինգ տարիների ընթացքում կինոփառատօնի կազմակերպիչներին յաջողւել է ոչ միայն փառատօնի շուրջ համախմբել կինոսիրող պահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլեւ գրաւել հէնց կինոհեղինակների ուշադրութիւնը։ 

«alikonline.ir» - «Սօսէ» միջազգային կինոփառատօնը կերտում է իր հինգերորդ պատմութիւնը։ Անցած հինգ տարիների ընթացքում կինոփառատօնի կազմակերպիչներին յաջողւել է ոչ միայն փառատօնի շուրջ համախմբել կինոսիրող պահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլեւ գրաւել հէնց կինոհեղինակների ուշադրութիւնը։ Փառատօնի կազմակերպիչները յայտնում են, որ եթէ տարիներ առաջ փառատօնը մեկնարկեց հայ հեղինակների ընդամենը 8 ֆիլմով, ապա այս տարի արդէն «Սօսէ» հինգերոդ միջազգային կինոփառատօնի մասնակցութեան յայտ է ներկայացրել 39 երկրի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շւէյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա) 742 հեղինակ, մրցութային փուլ է անցել 172 ֆիլմ։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Ուրախալի է նշել, որ փառատօնին մասնակցելու յայտ են ներկայացրել աշխարհի տարբեր անկիւններում գործող ֆիլմարտադրողներ։ Մեզ համար դա իհարկէ այս տարիների կատարած աշխատանքի լաւագոյն գնահատականն է, բայց պիտի խոստովանեմ, որ դա նաեւ «դժւարացրել է» մեր աշխատանքը։ Մեր նախնական ընտրական յանձնախումբը կանգնած էր շատ պատասխանատու եւ բարդ ընտրութեան առաջ՝ լաւագոյներից ընտրել լաւագոյնը»,- ասում է «Սօսէ» հինգերորդ միջազգային կինոփառատօնի համահիմնադիր եւ գեղարւեստական ղեկավար Ռիտա Խալաթեանը։ 

«Սօսէ» հինգերորդ միջազգային կինոփառատօնին կը ներկայացւեն նաեւ հեղինակաւոր կինոփառատօններին մասնակցած եւ մրցանակների արժանացած ֆիլմեր։ Օրինակ՝ ռուս ռեժիսոր Իգոր Պոպլաուխինի «Օրացոյց» ֆիլմը 2018 թ.-ին Կաննի միջազգային կինոփառատօնում արժանացել է երկրորդ, «Կինոտաւր»-ի՝ գլխաւոր մրցանակներին, Եւրասիա միջազգային կինոփառատօնի՝ ժիւրիի յատուկ մրցանակի, ֆրանսիացի երիտասարդ խոստումնալից ռեժիսոր Սելին Դիւվոյի «Մեծ վիշտ» ֆիլմը Վենետիկի միջազգային կինոփառատօնում արժանացել է վենետիկեան հորիզոն մրցանակի՝ որպէս լաւագոյն կարճամետրաժ ֆիլմ, շւեդ ռեժիսոր Մարիա Էրիքսսոն-Հեշթի  «Դպրոցական դժւարութիւններ» ֆիլմն արդէն ներկայացւել է Չեխիայի յայտնի Կարլովի Վարէի, Տորոնտոյի միջազգային եւ Նեշւիլլի կինոփառատօններում։

Կինոփառատօնի մրցութային փուլ անցած ֆիլմերը կը ներկայացւեն հետեւեալ անւանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր (15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ եւ 21 վաւերագրական ֆիլմ),  «Բովանդակութիւնը՝ կին» (27 ֆիլմ), «Ուսանողական» (48 ֆիլմ)։

Փառատօնի գեղարւեստական ղեկավարը կարեւոր առանձնայատկութիւններից մէկը համարում է այն, որ ցուցադրութիւնները չեն կենտրոնանայ միայն մայրաքաղաքում․ «Արդէն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը եւս հնարաւորութիւն է ունենում  դիտել մեր փառատօնի ֆիլմերը։

Այս տարի «Սօսէ»-ի ֆիլմերը կը ցուցադրւեն Գորիսում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Գիւմրիում, Ղափանում, տարեցտարի աւելանում են մարզերի ընդգրկւածութիւնը»։

Նախատեսւում է խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ եւ վաւերագրական ֆիլմերի ցուցադրութիւն նաեւ արտամրցութային ծրագրում։ Կինոփառատօնը կանդրադառնայ նաեւ Վիլիամ Սարոյեանի ծննդեան 110-ամեակին։ Սարոյեանական օրերը կանցկացւեն «Ըստ Սարոյեանի» խորագրով։ Արտամրցութային ծրագրում կը ներկայացւեն նաեւ Սարոյեանի ստեղծագործութիւնների հիման վրայ նկարահանւած ֆիլմեր։

«Սօսէ» հինգերորդ միջազգային կինոփառատօնը կը մեկնարկի սեպտեմբերի վերջին եւ կը տեւի մօտ երկու ամիս։

Յարակից լուրեր