Հա

Մարզական

15/09/2018 - 09:50

Պայթիւնավտանգ յարձակւողը. ինչպէս էր Համլետ Մխիթարեանը ստիպում ծափահարել իրեն

Սեպտեմբերի 14-ին, առիթ կայ շնորհաւորելու Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ Լոնդոնի «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարեանին հօր` հիանալի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարեանի ծննդեան օրւայ կապակցութեամբ։

«alikonline.ir» - Սեպտեմբերի 14-ին, առիթ կայ շնորհաւորելու Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ Լոնդոնի «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարեանին հօր` հիանալի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարեանի ծննդեան օրւայ կապակցութեամբ։ Իհարկէ, պէտք է շնորհաւորել Մխիթարեանների ամբողջ ընտանիքին։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայ սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Երբ խօսում ես Համլետ Մխիթարեանի մասին, կամայ թէ ակամայ յիշում ես կեանքից նրա վաղ հեռանալու մասին։ Չափազանց անժամանակ, անարդարացիօրէն վաղ դա պատահեց. փայլուն յարձակւողն ընդամենը երկու հանդիպում անցկացրեց ազգային հաւաքականի կազմում, չհասցրեց որդուն փոխանցել այն ամէնը, ինչ կարող էր, շատ բան չհասցրեց…

«Հայրս իմ ներշնչանքն էր, իմ մոտիւացիայի աղբիւրը: Երբ ես երեխայ էի, հայրս ֆուտբոլ էր խաղում  պրոֆեսիոնալ մակարդակով, իսկ ես երազում էի նրա հետ գնալ եւ յայտնւել մարզահրապարակում։

Նա այդ ժամանակ 33 տարեկան էր, ես` 7։ Շատ ափսոս, բայց դա կեանք է։ Այն շարունակւում է, յուսով եմ, որ նա հպարտանում է ինձանով` երկնքից։ Ես տխրում եմ. չէ որ նա կարող էր ինձ օգտակար խորհուրդ տալ եւ ոչ միայն։ Բայց այդպիսին է կեանքը։ Ես փորձում եմ հնարաւոր ամէն ինչ անել ընտանիքիս ու ընկերներիս համար, որոնք ամէն օր հետեւում են ինձ, դիտում իմ իւրաքանչիւր խաղը, փորձում օգնել` դիտողութիւններ անելով իմ սխալների ու յաջողութիւնների մասին։ Նրանց շնորհիւ ես փորձում եմ աւելի լաւը լինել»,- հօր մասին ասել է Հենրիխը հարցազրոյցներից մէկում։

Ամէն դէպքում վերադառնանք Համլետ Մխիթարեանին։ Նա յայտնւել է «Արարատ»-ում 1980 թ.-ին` հէնց այն ժամանակ, երբ աւարտւել էր լեգենդար ֆուտբոլիստների` ակումբից հեռանալու գործընթացը, որոնք միութենական առաջնութեան ոսկի եւ ԽՍՀՄ երկու գաւաթ էին շահել։ Այդ ժամանակ թիմում սկսեց վառ փայլատակել Խորէն Յովհաննիսեան աստղը, բայց, ընդհանուր առմամբ, զգացւել էր բարձրակարգ կատարողների պակաս, եւ Համլետ Մխիթարեանը շատ տեղին էր։

Ասւածը բոլորովին չի նշանակում, որ Համլետը չէր մտնի հիմնական կազմ, եթէ այնտեղ ելոյթ ունենային 1970-ականների վարպետները, շատ լաւ էլ կը մտնէր։ Ասւածը բոլորովին չի նշանակում, որ Խորէնից եւ Համլետից բացի ակումբում  հիանալի խաղացողներ չկային, իհարկէ, կային, բայց դա արդէն այլ թիմ էր, իսկ այս երկուսն ուղղակի չափազանց խելացի, ոչ ստանդարտ եւ խաղային հոտառութեամբ օժտւած խաղացողներ էին։ Այսպէս ասած` աստւածատուր առաջնորդներ։

Նրան «պայթիւնավտանգ եւ շատ արագ» էր անւանել Նիկոլայ Ղազարեանը` մեր նշանաւոր յարձակւողը։ Երբեմն նոյնիսկ չափազանց արագ, որը երիտասարդութիւնից ու անփորձութիւնից ելնելով չէր խնայում ուժերը։ Ղազարեանը մի անգամ ասել է, որ խորհուրդ էր տւել Համլետին այդքան շատ չվազել առանց գնդակի, «պայթել» գրոհների ժամանակ։ Ժամանակի հետ Համլետը ձեռք բերեց ֆուտբոլային այդ իմաստնութիւնը։

Իսկ երբ Համլետը եւ Խորէնը «հաւեսի» էին ընկնում ու որսի դուրս գալիս, ապա «Արարատ»-ի երկրպագուների հիացմունքը եւ հակառակորդի երկրպագուների սարսափը սահման չէր ունենում։ Թէեւ ոչ, նրանք, ովքեր սիրում էին ֆուտբոլ, չէին կարող չհիանալ այս ֆուտբոլիստներով, նոյնիսկ երբ նրանք գրաւում էին սիրելի թիմի դարպասը։

1984 թ.-ին «Արարատ»-ի վաղեմի փառքի վերածննդի յոյսն առկայծեց, թիմը զբաղեցրեց հինգերորդ տեղը, մի պահ նոյնիսկ առաջին եղաւ, արդիւնքում երեք միաւոր չի բաւականացրեց եւրոգաւաթներում խաղալու համար։ Այդ խաղաշրջանում Համլետ Մխիթարեանը երեք խաղերում խփել էր երեքական գնդակ, իսկ մէկ այլում` չորս, եւ վերջին տուրից առաջ յաւակնում էր դառնալ առաջնութեան լաւագոյն ռմբարկուի կոչմանը։

Յաւակնում էր, սակայն դարձաւ երկրորդը։ Սերգէյ Անդրէեւը Ռոստովի ՍԿԱ-ից առաջնութեան վերջին խաղերում սկսեց կանոնաւոր կերպով երեք-չորս գնդակ ուղարկել հակառակորդների դարպասները եւ առաջ անցաւ Համլետից։ Յանուն արդարութեան պէտք է ասել, որ Անդրէեւի` հիանալի յարձակւողի մօտ արդիւնաւէտութեան նման պոռթկում երբեք չէր եղել այդ խաղաշրջանից ոչ առաջ, ոչ յետոյ։

Երբ Խորէն Յովհաննիսեանին մեղադրել են խաղերից մէկը «յանձնելու» մէջ, եւ սկսել են հալածել մեծ ֆուտբոլիստին, քիչ է մնացել Համլետին էլ բաժին հասնի։ Խօսակցութիւններ էին տարածւել, որ նա չափազանց ուրախ տեսք ունէր պարտւած խաղերից յետոյ, իբր ինչ-որ տարօրինակ, կասկածելի ուրախութիւն։ Հարցնում էին` կարո՞ղ է մի բան այնպէս չէ։

Այդտեղ դատապարտելի ոչ մի բան չի եղել։ Համլետի թիմակիցները հիանալի յիշում են նրա խօսքերն այն մասին, որ ֆուտբոլն ընդամենը խաղ է, իսկ եզրափակիչ սուլոցից յետոյ արդէն ոչ մի բան չես կարող փոխել, եւ պէտք չէ ապրել անցեալի ապրումներով, աւելի լաւ է պատրաստւել ապագայ խաղերին։

Ինչ վերաբերում է նրան, որ Համլետը չի հասցրել Հենրիխին տալ այն ամէնը, ինչ կարող էր, ապա գէները հէնց դրա համար են, որպէսզի Հենրիխն ինքը հասնի բարձրագոյն ֆուտբոլային վարպետութեան։ Համլետ Մխիթարեանը, անկասկած, կարող էր հպարտանալ իր որդով։ Թէպէտ ոչ, աւելի լաւ է ասել` անկասկած, Համլետ Մխիթարեանը հպարտանում է որդով եւ բոլոր հիմքերն ունի այդ հպարտութեան համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։