Հա

Մարզական

18/09/2018 - 08:15

Ասիայի Չեմպիոնների լիգա. Կարմիր հրաշքն ու կապոյտ հիասթափութիւնը

Ասիայի Չեմպիոնների լիգայում, երէկ՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Արեւմտեան գօտու 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

«alikonline.ir» - Ասիայի Չեմպիոնների լիգայում, երէկ՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Արեւմտեան գօտու 1/4-րդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Թեհրանի «Ազադի» ստադիոնում «Փերսփոլիս»-ը հիւրընկալել էր Կատարի գործող չեմպիոնին՝ «Ալ Դուհայլ»-ին: Երկու թիմերի առաջին հանդիպումն աւարտւել էր կատարցիների յաղթանակով՝ նւազագոյն 0:1 հաշւով:

Յաջորդ փուլ դուրս գալու համար «Փերսփոլիս»-ին անհրաժեշտ էր յաղթել 2 գնդակի տարբերութեամբ՝ բաց չթողնելով ոչ մի գոլ:

Հանդիպման առաջին խաղակէսում մայրաքաղաքի «Կարմիրներ»-ի մօտ պարզապէս ոչինչ չստացւեց: 33-րդ րոպէին տուգանայինի խաղարկումից յետոյ «Փերսփոլիս»-ի պաշտպանները գնդակը սխալ հեռացրեցին, որն էլ պատահաբար դիպչելով Քարիմ Բուդիաֆին յայտնւեց դարպասում:

Երկրորդ խաղակէսի մեկնարկն էլ այնքան յաջող չէր «Փերսփոլիս»-ի համար: Թւում էր, թէ նրանք հաշտւել են պարտութեան մտքի հետ: Սակայն, 57-րդ րոպէին անկիւնայինի խաղարկումից յետոյ, «Փերսփոլիս»-ի առաջ քաշւած աւագ Սէյէդ Ջալալ Հոսէյնին դիպուկ հարւածով հաշւում վերականգնեց հաւասարութիւնը:

Այս գոլը հէնց այն խթանն էր, որը վերադարձի համար անհրաժեշտ էր «Փերսփոլիս»-ին:

Գոլից յետոյ, խաղադաշտւմ ծաւալւող իրադարձութիւնները պարզապէս ֆանտաստիկայի ժանրից էին: 76-րդ րոպէին «Ալ Դուհայլ»-ի պաշտպանները չդիմացան ճնշմանը: Ձախ եզրից Ալի Ալիփուրի կատարած սուր փոխանցումից յետոյ, Սուլթան ալ Բարիքին գրաւեց սեփական դարպասը:

Հաշւում առաջ անցած «Փերսփոլիս»-ն աւելացրեց ճնշումը, եւ ահա 78 րոպէին «Փերսփոլիս»-ի նիգերացի յարձակւող Գոդւին Մենշան ֆանտաստիկ անցումով երրորդ անգամ գրաւեց կատարական թիմի դարպասը: 3:1՝ եւ «Փերսփոլիս»-ը երկու խաղի արդիւնքում տանելով 3:2 յաղթանակ, նւաճեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր:

Բարդ խնդիր էր դրւած նաեւ Իրանի միւս ներկայացուցչի՝ «Էսթեղլալ»-ի առջեւ: Սեփական դաշտում կատարական միւս թիմի՝ «Ալ Սաադ»-ի դէմ 1:3 հաշւով կրած պարտութիւնից յետոյ, մայրաքաղաքի «կապոյտներ»-ին անհրաժեշտ էր նոյնպէս երկու գոլի տարբերութեամբ, չոր հաշւով յաղթանակ՝ յաջորդ փուլ դուրս գալու համար:

Հանդիպման հաշիւը 27-րդ րոպէին բացեց «Ալ Սաադ»-ի յարձակւող Աքրամ Աֆիֆը՝ խնդիրը չափազանց բարդացնելով «Էսթեղլալ»-ի համար: 32-րդ րոպէին «Ալ Սաադ»-ի դարպասապահի թոյլ տւած կոպիտ սխալից յետոյ Ֆարշիդ Բաղերին հաշւում վերականգնեց հաւասարութիւնը:

49-րդ րոպէին անկիւնայինի խաղարկումից յետոյ Մորթեզա Թաբրիզին գլխի հարւածով խփեց «Էսթեղլալ»-ի երկրորդ գնդակը:

Սա առաւելագոյնն էր, ինչ կարողացան անել «Էսթեղլալ»-ի ֆուտբոլիստները:

Մրցաւարի աւելացրած ժամանակի երկրորդ րոպէին կատարական թիմի յարձակւող Բաղդադ Բուջենահը 11 մետրանոց հարւածով հաւասարեցրեց հանդիպման հաշիւը: 2:2՝ եւ «Էսթեղլալ»-ը դուրս մնաց յետագայ պայքարից:

Նշենք, որ 51-րդ րոպէին Ռուզբեհ Չեշմիի հեռացումից յետոյ, «Էսթեղլալ»-ը խաղում էր 10 հոգով:

Այսպիսով, կիսաեզրափակիչ փուլում կը մրցեն «Փերսփոլիս»-ն ու «Ալ Սաադ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։