Հա

Մարզական

14/11/2018 - 09:30

Պարտւում ենք Ջիբրալթարին, բայց մարզադաշտ ենք կառուցելու. ինչի՞ համար է պէտք թանկ խաղալիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հնարաւոր է, նախաձեռնի մօտ 30 հազար հանդիսատեսի համար նախատեսւած ֆուտբոլային մարզադաշտի կառուցում։ Անյայտ է` որքանով է այն հէնց հիմա անհրաժեշտ, հաշւի առնելով, որ հիանալի «Հրազդան» մարզադաշտը արագ տեմպերով անպիտան է դառնում։

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հնարաւոր է, նախաձեռնի մօտ 30 հազար հանդիսատեսի համար նախատեսւած ֆուտբոլային մարզադաշտի կառուցում։ Անյայտ է` որքանով է այն հէնց հիմա անհրաժեշտ, հաշւի առնելով, որ հիանալի «Հրազդան» մարզադաշտը արագ տեմպերով անպիտան է դառնում։ Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Մամուլում տեղեկութիւն է յայտնւել այն մասին, որ վերջերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցեանը յայտարարել է մօտ 30 հազար հանդիսատեսի համար նախատեսւած ֆուտբոլային մարզադաշտի կառուցման մասին, այսինքն այն համեմատելի կը լինի «Հանրապետական»-ի հետ։ Այդ լուրը լսելիս ակամայից մտածում ես գեղեցիկ «Հրազդան»-ի մասին։

Ոչ, իհարկէ, մեծ ու փոքր մարզադաշտերի կառուցումը միայն ողջունելի է։ Ինչպէս նաեւ այլ սպորտային ու մշակութային օբիեկտների կառուցումը. յուզական մակարդակի վրայ մենք կողմ ենք սպորտի ու մշակոյթի զարգացմանը։ Հարցը միայն նման կառուցապատման պրակտիկ նպատակայարմարութիւնն է։

Երբ խորհրդային պլանային տնտեսութիւնը մշակոյթի անթիւ տներ էր կառուցում, կամ, օրինակ, չափից դուրս մեծ ֆուտբոլային մարզադաշտեր այն քաղաքներում, որտեղ խաղերի էին գնում 30-50 մարդ (հազար չէ), այն ժամանակ էլ էին հարցեր առաջանում։ Դրանցից ամենակարեւորը` «ինչո՞ւ»։

Տասնամեակներ շարունակ մեր աչքերի դիմաց անպիտան է դառնում «Հրազդան» մարզադաշտը։ Չենք գովերգի այդ կառոյցը, որը եզակի է եւ՛ գտնւելու վայրով, եւ՛ այլ բնութագրերով։ Ասում են` դրա վիճակը վերջնականօրէն վատացրել է «Դալմա» առեւտրի կենտրոնի մօտի բնակելի շէնքի շինարարութիւնը, երբ պայթեցնում էին հանքատեսակները. պայթիւնները վտանգել են մարզադաշտը, որը 200 մետր հեռաւորութեան վրայ է գտնւում։

Այդպէս է դա, թէ ոչ, մասնագէտները գիտեն։ Ասում են նաեւ, որ նոր մարզադաշտ կառուցելն աւելի հեշտ է, քան «Հրազդան»-ը վերականգնելը։ Ասենք` թէ այդպէս է, համաձայնեք, որ զուտ գործնական տեսակէտից աւելի խելացի է նորը կառուցել։ Ասենք, մենք կը համոզւենք, որ «Հրազդան»-ի ոչնչացումը տեխնիկական անհրաժեշտութիւն է, այլ ոչ թէ եւս մէկ հիւրանոց կառուցելու կամ Հրազդան գետի մօտ լաւ հողակտորն իրենով անելու որեւէ մէկի ցանկութիւնը, կամ պարզապէս նոր մարզադաշտի կառուցման պատրւակով գումար լւալու մի ձեւ։

Ասենք, նման բաներ չկան, մենք բոլորս ուրախ կը լինենք համոզւել, որ կեանքում գոնէ մէկ անգամ մեզ մօտ այդ ծաւալի նախագծերն իրագործւում են ազնիւ ու մաքուր կերպով։ Մի փոքր կը տխրենք «Հրազդան»-ի համար, դէ գոնէ միջին ու աւագ սերունդը։ Այդ «լիրիկական» ապրումները մի կողմ թողնենք։

Իսկ հիմա մի փոքր գործնական։ Փորձը ցոյց է տալիս, որ Երեւանը, թէեւ ինչ Երեւան, ամբողջ Հայաստանը, շատ լաւ կը բաւարարւի մէկ Հանրապետական մարզադաշտով։ Գումարած որոշ ակումբների որոշ փոքր մարզադաշտերը։ Այն, որ ներքին առաջնութեան խաղերն անցկացւում են հանրապետութեան այլ քաղաքներում, բացատրւում է այդ քաղաքների բնակիչներին ինչ-որ ֆուտբոլ դիտելու հնարաւորութիւն տալու ցանկութեամբ։ Թէ չէ մեր փոքրիկ առաջնութիւնը կարելի է տեղաւորել երեւանեան երկու մարզադաշտերում։

«Հրազդան»-ը պարզապէս պահանջարկ չունի, դա նոյնպէս ակնյայտ է։ Հիմա մի հարց. ինչո՞ւ է պէտք նոր մարզադաշտ կառուցել, եթէ այն պէտք է անգործ մնայ։ Լաւագոյն դէպքում այդտեղ անցկացւելու են երկրի առաջնութեան ու գաւաթի խաղերը, որոնք այցելում են նոյն 30-50 մարդը (հազար չէ)։ Իսկ եթէ հաւաքականը սկսի այնտեղ խաղալ, այդ դէպքում ի՞նչ անել Հանրապետականի հետ։ Քանդել ու նորից հիւրանոց սարքե՞լ։

Եթէ ՀՖՖ-ն ահռելի նախագծեր ունի Հայաստանը ֆուտբոլային Նիւ-Գերմանիա վերածելու վերաբերեալ, ապա պէտք, երեւի, դրանք կեանքի կոչել, առաջին արդիւնքները ստանալ, ու յետոյ նոր հսկայ շինարարութիւն սկսել։ Երկրում բազում այլ բացթողումներ կան, որոնք պէտք է լրացնել, ու 100 միլիոն դոլարի ներդրումները կարելի է ուղղել անհամեմատ աւելի մեծ գործնական նշանակութիւն ունեցող ծրագրերի իրագործմանը։

Ու եթէ սա բիզնես ներդրում է, ապա լրիւ անհասկանալի է ոչ միայն այն` որտեղից է եկամուտ գոյանալու, այլ ինչպէս են ներդրումներն իրենց արդարացնելու։ Եթէ դա բարեգործություն է լինելու, ապա վերադառնում ենք աւելի արդիական կարիքների հարցին ու «Հրազդան» մարզադաշտին, որը կարելի է գոնէ փորձել փրկել։

Մարզադաշտերն ու համերգասրահները, բասկետբոլային հարթակներն ու մշակութային տներն, անկասկած, պէտք են։ Բայց միաժամանակ պէտք են մարդիկ, որոնք կը լրացնեն դրանք` հանդիսատես է պէտք։ Եթէ հսկայական համերգասրահում ելոյթ ունենայ բակի երգի ու պարի համոյթը, ապա միջոցառման կը գան միայն արտիստների բարեկամները։

Հայկական ֆուտբոլը դեռ քիչ է տարբերւում բակի թիմերի մակարդակից (առանց իրոնիայի ու որեւէ մէկին վիրաւորելու ցանկութեան), ամենաշքեղ մարզադաշտ գնալու են ֆուտբոլիստների բարեկամներն ու ընկերուհիները։

Հաւաքականն էլ ինչ-որ սկսել է պարտւել Ջիբրալթարին...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։