Հա

Մարզական

07/01/2019 - 09:05

Ասիայի ազգերի գաւաթ. Անակնկալների պակաս չի զգացւում

ԱՄԷ-ում, յունւարի 5-ին մեկնարկել է 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթը:

«alikonline.ir»- ԱՄԷ-ում, յունւարի 5-ին մեկնարկել է 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթը:

Մրցաշարի մեկնարկը տրւել է Աբու Դաբի «Զայէդ» ստադիոնում, որտեղ իրենց ուժերն են չափել A խմբում ներառւած, մրցաշարի հիւրընկալը՝ ԱՄԷ-ի եւ Բահրէյնի հաւաքականները: Հիմնականում հաւասար պայքարում անցած այս հանդիպումն աւարտւել է ոչ-ոքի՝ 1:1 հաշւով:

A խմբի միւս հանդիպումը տեղի է ունեցել երէկ՝ յունւարի 6-ին, որի ընթացքում Հնդկաստանի հաւաքականը խոշոր՝ 4:1 հաշւով պարտութեան է մատնել Թաիլանդի հաւաքականին, դառնալով ինչ-որ տեղ սենսացիայի հեղինակ: Ի դէպ, սա վերջին 55 տարիների ընթացքում Հնդկաստանի հաւաքականի առաջին յաղթանակն է Ասիայի ազգերի գաւաթում: Այս մրցաշարում, նրանք վերջին անգամ յաղթանակ էին տարել 1964 թւկանին՝ 3:1 հաշւով պարտութեան մատնելով Հարաւային Կորէայի ընտրանուն:

Ասիական մամուլն արդէն հասցրել է բուռն արձագանգել Հնդկաստանի հաւաքականի յաղթանակին: Նրաք դա համարել են անակնկալ, որը նման է Բոլիվուդեան հեքիաթի:

Մրցաշարի երկրորդ օրւայ գլխաւոր սենսացիան, սակայն, տեղի է ունեցել B խմբում: Ալ Էյնի «Հազզա բին Զայէդ» ստադիոնում, Յորդանանի հաւաքականը 1:0 հաշւով պարտութեան է մատնել գործող չեմպիոններին, մրցաշարի գլխաւոր ֆաւորիտներից մէկին՝ Աւստրալիայի հաւաքականին:

Թէեւ հանդիպման ողջ ընթացքում «Կենգուրուներ»-ն ունեցել են տարածքային ու խաղային զգալի առաւելութիւն, այդուհանդերձ նրանց չի յաջողւել ճեղքել Յորդանանի ամուր պաշտպանութիւնը: Փոխարէնը՝ Յորդանանի ընտրանին 26-րդ րոպէին Անաս Բանի Եասինի խփած միակ գնդակի շնորհիւ յաղթել է 1:0 հաշւով՝ դառնալով երկրորդ օրւայ գլխաւոր սենսացիայի հեղինակը:

Այսօր՝ յունւարի 7-ին պայքարի մէջ կը մտնի Իրանի ազգային հաւաքականը: Աբու Դաբիի «Մուհամմեդ բին Զայէդ» ստադիոնում մեր ընտրանին ուժերը կը չափի Եմէնի հաւաքականի դէմ պայքարում: Այս հանդիպումը D խմբից է:

Այսօր կը կայանայ եւս երկու հանդիպում: C խմբի առաջին խաղում ուժերը կը չափեն Չինաստանի եւ Ղրղզստանի հաւաքականները, իսկ երկրորդ խաղում՝ Հարաւային Կորէայի եւ Ֆիլիպինների ընտրանիները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։