Հա

Մարզական

08/01/2019 - 09:00

Ասիայի ազգերի գաւաթ. Գիշատիչ՝ ինչպէս յովազը. Իրան-Եմէն՝ 5:0

2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում Իրանի մեկնարկը հիանալի ստացւեց:

«alikonline.ir» - 2019 թւականի ֆուտբոլի Ասիայի ազգերի գաւաթում Իրանի մեկնարկը հիանալի ստացւեց:

Երէկ՝ յունւարի 7-ին D խմբում, Աբու Դաբի «Մուհամմեդ բին Զայէդ» ստադիոնում, Իրանի ազգային հաւաքականն ուժերը չափեց Եմէնի դէմ պայքարում: Եթէ բացառենք հանդիպման առաջին 10 րոպէները, երբ Եմէնի ֆուտբոլիստները փորձում էին սուր հակագրոհների միջոցով ինչ-որ տեղ հակազդել Իրանի հաւաքականի գրոհներին, ապա, միանշանակ, կարելի է նշել, որ հանդիպան ողջ ընթացքն անցաւ մեր ֆուտբոլիստների տարածքային եւ խաղային բացարձակ առաւելութեամբ:

Հանդիպման հաշիւը 12-րդ րոպէին բացեց Մեհդի Թարեմին: Սարդար Ազմունի հարւածից յետոյ, որը յետ մղեց Եմէնի դարպասապահը, առաջինը գնդակին հասաւ Թարեմին՝ խփելով այս հանդիպման առաջին գոլը: Երկրորդ գոլն իրեն երկար սպասեցնել չտւեց. 23-րդ րոպէին տուգանային յուժկու հարւածով եմէնցիների դարպասը գրաւեց թիմի աւագ Աշքան Դեժագահը: Մրցակիցը դեռեւս չէր թօթափել երկրորդ գոլի պատճառած շոկը, որ ստիպւած եղաւ հանդիպումը երրորդ անգամ սկսել դաշտի կենտրոնից: 25-րդ րոպէին Ռամին Ռեզայիանի ոսկերչական ճշգրտութեամբ կատարած փոխանցումից յետոյ, Մեհդի Թարեմին գլխի գեղեցիկ հարւածով խփեց Իրանի հաւաքականի երրորդ գնդակը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Երկրորդ խաղակէսի մեկնարկից 8 րոպէ անց՝ 53-րդ րոպէին, Սարդար Ազմունը դարձաւ չորրորդ գոլի հեղինակ: Դեժագահի անկիւնայինից կատարած փոխանցումից յետոյ Ազմունը մօտ տարածութիւնից չվրիպեց: Վերջին գոլը վրայ հասաւ 78-րդ րոպէին. ձախ եզրից տուգանայինի խաղարկումից յետոյ, մրցակցի տուգանային հրապարակի մատոյցներում գնդակը յայտնւեց Սաման Ղոդուսի մօտ, որն էլ հեռահար, յուժկու հարւածով ձեւակերպեց հանդիպման վերջնահաշիւը՝ 5:0:

Նշենք, որ սա Ասիայի ազգերի գաւաթի պատմութեան ընթացքում, Իրանի ազգային հաւաքականի լաւագոյն մեկնարկն էր:

Երէկ կայացաւ եւս 2 հանդիպում: Խաղադաշտ դուրս եկան C խմբում ներռաւած թիմերը: Չինաստանի հաւաքականը 2:1 հաշւով պարտութեան մատնեց Ղրղզստանի հաւաքականին, իսկ մրցաշարի ֆաւորիտներից մէկը՝ Հարաւային Կորէայի ընտրանին 1:0 հաշւով յաղթահարեց Ֆիլիպինների արգելքը:

Այսօր՝ յունւարի 8-ին կը կայանայ եւս 2 հանդիպում: Աբու Դաբիի «Զայէդ» ստադիոնում ուժերը կը չափեն D խմբի միւս երկու թիմերը՝ Իրաքի եւ Վիետնամի հաւաքականները, իսկ Դուբայի «Մաքթում բին Ռաշիդ ալ Մաքթում» ստադիոնում իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն E խմբում ներառւած Սաուդական Արաբիան եւ Հիւսիսային Կորէան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։